Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Խրուշչովի քաղաքական հոգեզավակն է

Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Խրուշչովի քաղաքական հոգեզավակն է

Հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում խոսելով հեծանիվ վարելու՝ հեծանվային իր նոր նախաձեռնության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Դա կապված է Կոպենհագեն իմ կատարած այցի հետ, երբ վաղ առավոտյան արթնանալով տեսա, թե ինչ է կատարվում Կոպենհագենի փողոցներում»։ 
Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վարչապետի շարասյունը մահվան ելքով վրաերթ արե՞լ է, թե՞ ոչ։ Կամ՝ Դանիայի վարչապետն ասե՞լ է` Կոպենհագենը Դանիա է, ու հետո ինքն իրեն ուղղել՝ «Կոպենհագենը Շվեդիա է»։ Կամ՝ երբ Դանիայի վարչապետն այցելում է երկրի խորհրդարան, քանի՞ ոստիկան է շրջապատում խորհրդարանի շենքը, եւ քանի՞ անվտանգության աշխատակից է ուղեկցում իրեն։ Եվ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը մեկ բան է տեսել՝ Կոպենհագենում հեծանիվ են վարում, եւ որոշել է ինքն էլ նույնն անել, որ հետ չմնա Եվրոպայում ապրողներից։ 

Իսկ գուցե սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Խրուշչովի քաղաքական զավա՞կն է։ Խորհրդային Միության պոլիտբյուրոյի ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1959 թվականին այցելել էր ԱՄՆ, տեսել եգիպտացորենի հսկայական դաշտերը, վերադարձել եւ Խորհրդային Միությունում կտրուկ ավելացրել եգիպտացորենի ցանքատարածությունները` բոլոր հնարավոր տեղերում հրահանգելով, որ եգիպտացորեն աճեցնեն։ Եվ ամբողջ երկիրը սկսել էր եգիպտացորեն աճեցնել ու դրա տարածումը քարոզել: Եգիպտացորենից, ի դեպ, ստացվում է սեւ հաց, սպիտակ հաց թխում են ցորենի ալյուրից։ Նիկիտա Խրուշչովի մեկ տեսիլքից ու Ամերիկա հայտնագործածի ոգեւորությունից ծնված այդ նախաձեռնության արդյունքում Խորհրդային Միությունում սպիտակ հացն ինչ-որ ժամանակ անց դարձել էր դեֆիցիտ։ 

Մեկ տեսարանից, մեկ հիվանդ գաղափարից ծնված նախաձեռնությունները չեն կարող հաջողություն ունենալ։ Վաղ առավոտյան հեծանիվ վարելը վատ բան չէ, իհարկե, բայց այդ մեկ փաստը շատ բանի մասին է խոսում: Նախ, նման նախաձեռնության օգնությամբ հնարավոր չէ պատկերացում կազմել երկրի բարքերի, մարդկանց բարեկեցության, անվտանգության եւ այլ համակարգերի գործունեության արդյունավետության մասին։ Եգիպտացորեն աճեցնելով եւ հեծանիվ վարելով ո՛չ ԱՄՆ կդառնա երկիրդ, ո՛չ Դանիա։ ԱՄՆ կամ Դանիա դառնալու համար պետք է աշխատես այնպես, ինչպես աշխատում են ԱՄՆ-ում կամ Դանիայում։ Եվ ինքդ էլ պետք է նմանվես ԱՄՆ-ի ու Դանիայի իշխանություններին:
Նիկոլ Փաշինյանը գնում է Նիկիտա Խրուշչովի ճանապարհով, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ