ՔՊ-ն նախահարձակ է լինում

ՔՊ-ն նախահարձակ է լինում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին օրերին մի քանի հայց է ներկայացրել դատարան՝ մի քանիսն անհատ անձանց դեմ է, մեկը, օրինակ, Արթուր Սարգսյանի դեմ է, իսկ երկու հայց էլ ներկայացրել է «168 ժամ» լրատվամիջոցի դեմ։ Երեկ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում արդեն տեղադրված էր այդ հայցերի մասին տեղեկատվությունը:

Այն, որ օրվա իշխանություններն ամեն հնարավոր ձեւով փորձում են լռեցնել ազատ խոսքն ու անաչառ մամուլը, թերեւս նորություն չէ: Պարզվում է, որ լրատվամիջոցի դեմ ներկայացված երկու հայցադիմումն էլ վերաբերում են քաղաքացիների իրավունքների եւ բնակչության առողջության դեմ իրականացվող ոտնձգություններին, որոնք պատժելի են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով: Այսպիսով` հայցվոր կողմը պահանջում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկել: Այս հոդվածը քվեարկության օրը կամ դրան նախորդած օրը քարոզչություն կատարելու մասին է: Հոդվածն ասում է․ «Քվեարկության եւ դրան նախորդած օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով: Քվեարկության եւ դրան նախորդած օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով»:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչում է ՔՊ-ն մեղադրում, մասնավորապես, 168.am-ին։ Լրատվամիջոցի փաստաբան Արամազդ Կիվիրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանից որեւէ ծանուցում դեռեւս չեն ստացել, սակայն տեղյակ են, որ ՔՊ-ն երկու հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ. «Դեռեւս որեւէ փաստաթուղթ չենք ստացել, սակայն կարող եմ ասել, որ երկու հայց է ներկայացվել լրատվամիջոցի դեմ, խոսքը վերաբերում է ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածին»: Հարցին, թե ինչ հրապարակումների համար է ՔՊ-ն դատական հայց ներկայացրել, այն էլ՝ երկու հայց, նույն հոդվածով, փաստաբանն ասաց, որ քանի դեռ ծանուցում չեն ստացել, ասել չեն կարող, թե դա կոնկրետ որ հրապարակումներին է վերաբերում։ «Չեմ կարող այս պահին այդ մասին ասել, քանի դեռ հայցադիմում չենք ստացել»,- նշեց նա:

Ըստ ամենայնի, խոսքը ՏԻՄ ընտրությունների լուսաբանման մասին է։ Իրենք օրեր, անգամ ամիսներ առաջ քարոզչություն են իրականացնում, եւ դա, պարզվում է, տեղավորվում է օրենքի շրջանակներում, իսկ մյուսների անգամ օրինական գործողություններում խախտումներ են փնտրում՝ հույսը դնելով այն բանի վրա, որ դատարանները կբավարարեն իշխող կուսակցության հայցերը։