Մեքենան բախվել է գազատար հաշվիչ կայանին․ կան վիրավորներ, գյուղը գազազրկվել է

Մեքենան բախվել է գազատար հաշվիչ կայանին․ կան վիրավորներ, գյուղը գազազրկվել է

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչատուր Վ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի և Խաչաղբյուր գյուղ մտնող ճանապարհի հատման խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, բախվել ճամփեզրի գազատար խողովակին, կոտրել այն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաչատուր Վ․-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Մուրադ Մ․-ն, 21-ամյա Վարդան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Պարզվել է, որ վթարի հետևանքով Խաչաղբյուր գյուղն ամբողջությամբ գազազրկվել է։ Եվ օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գեղարքունիքի մարզի պատասխանատուները, ովքեր վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, որպեսզի գյուղում կարճ ժամանակում գազամատակարարումը վերականգնվի։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։