Ծառ կտրողին սպառնում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով

Ծառ կտրողին սպառնում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով

Նոյեմբերի 3-ին երևանցիներն ահազանգել էին ոստիկանություն և հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսիներ են հատվում։ Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ սոսիները նախապես փչացրել էին հարևանությամբ հյուրանոց կառուցող  ընկերության ներկայացուցիչները։ Ձերբակալվեց հյուրանոցի կառուցապատում իրականացնող ՍՊԸ-ի ադմինիստրատորը:  

Մենք հետաքրքրվեցինք այս գործի ընթացքով։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գործի նյութերը Քննչական կոմիտե են փոխանցվել, իսկ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամանն էլ «Հրապարակին» հայտնեց, որ ձերբակալված տնտեսվար-ադմինիստրատորը արգելանքից ազատ է արձակվել։ 

«Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով /Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը, որը կատարվել է ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակի, թփի կամ այլ բուսածածկի նկատմամբ – Ս․Ս․/։ Նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Ստացվել է նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի՝ կառուցապատումն իրականացնող ՍՊԸ-ին ուղղված գրությունն այն մասին, որ տարածքում առկա շինությանը մոտ գտնվող արևելյան սոսիների ճյուղերի կարճացումը թուլյատրում է իրականացնել Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանման դենդրոլոգի ներկայությամբ և ցուցումով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, համապատասխան հարցումներ են կատարվել Երևանի քաղաքապետարան: Նշանակվում է ապրանքագիտական և բուսաբանական համալիր փորձաքննություն», - հայտնեց Գոռ Աբրահամանը։ 

Նկարագրված արարքի համար պատժի լայն սպեկտր է նախատեսված՝ տուգանքից մինչև հանրային աշխատանքներ ու որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը, նաև ազատազրկում` երկու ամսից մինչև հինգ տարի ժամկետով։