Երկրորդային մանդատ կրողը

Երկրորդային մանդատ կրողը

Այսօր հայոց բանակի օրն է: Այն բանակի, որի պատվին մի ժամանակ երգեր էին գրվում: Որն ավելի քան երկու տասնամյակ սոցհարցումներում ստանում էր ամենամեծ վարկանիշը: Որը ժամանակին տարածաշրջանի ամենաուժեղ բանակն էր: Այն բանակի, որի մարտիկներից ավելի քան յոթ տասնյակին Սարդարապատում «ժողվարչապետի» կարգավիճակում գտնվող անձը Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշան էր հանձնում ու մեկին էլ Ազգային հերոսի կոչում շնորհում: Այդ բանակը և նրա ոգին նույն անձի շնորհիվ այսօր ջարդված են: Ինչի պատասխանատուն, ինչպես նաև մեղավորը վերը նշված անձն է: Այն անձը, որի գլխավոր հրամանատարությամբ (թե՞ դիտարկողի կարգավիճակով) խայտառակ պարտությունից հետո փոխանակ հրաժարական ներկայացներ, վրեժի էր կոչում իր անուղեղ համախոհներին: Այսօր այդ բանակի «ծննդյան» օրն է՝ այն դարձավ 32 տարեկան: 

Բայց կարելի է վերականգնել թե՛ հայոց բանակի ոգին և թե՛ նրա հեղինակությունը: Ինչի առաջին պայմանը խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատուին պաշտոնից հեռացնելն է: Երկրորդ պայմանը Արցախյան առաջին (հաղթական) հերոսամարտի հրամանատարներին վերականգնելն է իրենց պաշտոններում: Երրորդ պայմանը սահմանային դիրքապահների և ընդհանրապես զինվորների համար նորմալ կենցաղային պայմաննների ապահովումն է: Բացառելով, բնականաբար, ելակի մատակարարումը, քանի որ այդ թույնով սկսվեց տարածաշրջանային լավագույն բանակի ոգու ջարդը: 

Չորրորդ պայմանը հայոց հայրենիքի և նրա բանակի նկատմամբ սիրո դաստիարակության ծավալումն է մանկապարտեզից սկսած և հետբուհական համակարգով վերջացրած: Դրա իրականացումը հատկապես ռազմական կրթօջախներում:

Հինգերորդ պայմանը 44-օրյա պատերազմի իրական դավաճաններին պատասխանատվության ենթարկելն է: Կարող են լինել նաև այլ գործոններ, բայց կարծում եմ, որ առաջնայինը երկրորդից հինգերորդ գործոններն են: Իհարկե, առաջին գործոնը կյանքի կոչելու դեպքում: Քանի որ եթե դա չարվի, ապա մնացած ամեն ինչը ևս չի արվելու:

Եվ մի բան էլ. զարմացա երբ նկատեցի պետության գլուխ, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի նախագահի ուղերձները Բանակի տոնի կապակցությամբ: Եթե չկա երկրի իրական ղեկավար Նիկոլի ուղերձը, ապա ի՞նչ գործ ունեն Վահագնն ու Ալենն այդ առումով: Հետո կրկին կարդացի նախորդ նախադասությունն ու հասկացա. ամեն ինչ իր տեղում է: Հայոց բանակը շնարհավորել է հենց այն անձը, ով պարտավորություն ունի դա անելու. դա, ըստ ՀՀ Սահմանադրության, պետության գլուխն է:

Ըստ նույն հիմնական օրենքի, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է, որի դեպքում առաջնային իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներից առաջնային մանդատ ստացած խորհրդարանի անդամներին: Ու, բնականաբար, դրանց ղեկավարի ուղերձը ևս տեղին է: Ինչ մնում է գործադիր իշխանության ղեկավարին, այսինքն՝ ՀՀ վարչապետին, ապա վերջինս, այսպես ասած, երկրորդային մանդատի կրող է, քանի որ հրաժարվել է իր առաջնային մանդատից և վարչապետ է դարձել առաջնային մանդատ կրողների կողմից: Եվ, ըստ այդմ, պարտավոր չէր Բանակի տոնի առթիվ ուղերձ հղել հասարակությանը։