Սահմանադրությունն է ասում, որ այն կարելի է փոփոխել առանց հանրաքվեի

Սահմանադրությունն է ասում, որ այն կարելի է փոփոխել առանց հանրաքվեի

«Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում առանց հանրաքվեի փոխել Սահմանադրությունը» հոդվածում երեկ «Հրապարակն» անդրադարձել էր իմքայլական պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով իշխանությունը փորձելու է լուծել իր կոկորդին կանգնած Հրայր Թովմասյանից ազատվելու հարցը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է՝ «եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, հարցի քննարկումը շարունակվում է, եւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»։ 

Այսինքն՝ Թովմասյանին չհանձնող ՍԴ-ն՝ որպես ինստիտուտ, ուղղակի շրջանցվում է։ Զուգահեռաբար առաջարկվում է նաեւ ՀՀ նախագահի լիազորությունների փոփոխություն կատարել, որպեսզի ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները ստորագրի ոչ թե ՀՀ նախագահը, այլ՝ ԱԺ նախագահը: Այս առաջարկի նպատակն էլ այն է, որ փոփոխությունների նախագիծն ընդհանրապես չհասնի ՍԴ։ Արդեն իսկ նշել ենք, որ սահմանադրագետների ու իրավաբանների հիմնական մասն այս նախագիծը որակել է որպես խայտառակություն, սահմանադրական իշխանության յուրացման եւ առանց հանրաքվեի Սահմանադրությունը փոխելու փորձ։

 Երեկ մենք փորձեցինք կարծիք ստանալ Հայ ազգային կոնգրեսից, որտեղ, գաղտնիք չէ, բավականին պատրաստված իրավաբաններ կան, նախկին օրենսդիրներ, նախկին պաշտոնյաներ, որոնք իրավական բարձր գիտելիքներ ունեն, եւ թվում է՝ պետք է հակադրվեին այսօր իշխանության ձեռնարկած քայլերին, բայց լռում են։ Զրուցեցինք ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ։ Նա նշեց, որ ծանոթ չէ օրինագծին, սակայն համաձայն չէ մեր գնահատականին, որ առանց հանրաքվեի կարելի է փոխել Սահմանադրությունը։ «Նախ նշեմ, որ այդպես մեկնաբանում է նախկինների շրջանակը՝ Արփինե Հովհաննիսյան եւ այլք։ Ասեմ, որ դա աբսուրդ է, որովհետեւ իրենց գրած ու կեղծիքներով պարտադրված Սահմանադրության մեջ իրենք դրել են առանց հանրաքվեի Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր տարբերակը, մասնավորապես, Ազգային ժողովի կողմից սահմանադրական կոնկրետ նորմերի փոփոխություն։ Եվ իրենք շատ լավ պետք է իմանան, որ Սահմանադրությունը կարելի է փոփոխել առանց հանրաքվեի։ Սա ասում է իրենց գրած Սահմանադրությունը։ Բացեք Սահմանադրությունը, նայեք Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նորմերը՝ հոդված 202, որտեղ հստակ նշված է, թե որ հոդվածները կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ կարող են փոփոխվել ԱԺ-ի կողմից»։ Բայց ամբողջ հարցն այն է, որ ՍԴ-ի եւ դատական համակարգի վերաբերյալ գլուխը հնարավոր չէ փոխել առանց հանրաքվեի։

Պարոն Խաչատրյանին հարցրինք՝ կարո՞ղ է Հայաստանը փոփոխություններ անել Սահմանադրության մեջ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության։ Արմեն Խաչատրյանն ի պատասխան ասաց՝ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, Հայաստանի օրենսդրական, իրավական համակարգի մասնիկ չէ, եւ որեւէ սահմանադրական, օրենսդրական նորմ չկա այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները պարտադիր են կիրառման համար։ Այս պատճառաբանությունը, ի դեպ, նախկիններն էլ էին բերում․ երբ ձեռնտու չէր, ասում էին, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադիր չէ, բայց ստացվեց այնպես, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո պարզվեց՝ լավ էլ պարտադիր է։ Եվ որեւէ քաղաքական իշխանություն առանց լուրջ միջազգային վարկանիշային կորուստների չի կարող շրջանցել Վենետիկի հանձնաժողովը։ Արմեն Խաչատրյանն ասաց. «Նախկինների օրոք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ նախկինները Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ եզրակացություններ կամ այդ եզրակացությունների կոնկրետ դրույթներ շան տեղ չեն դրել։ Էդ շան տեղ չդնելը որեւէ Քրեական օրենսգրքով նախատեսված արարք չէ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է»։ Նա, որպես օրինակ, վկայակոչեց նախկինների ժամանակներից մի դրվագ, երբ Վենետիկի հանձնաժողովը մշտապես, ճիշտ է՝ լղոզված, բայց դեմ էր արտահայտվում ընտրական՝ քվեարկված ցուցակների հրապարակայնացմանը, բայց ընդդիմություն-իշխանություն համաձայնության արդյունքում այդ ցուցակները դարձան հրապարակային։ 

ՀԳ․ Վերջում մեջբերենք վարչապետի մամուլի նախկին խոսնակ եւ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի հրապարակումներից մեկը, որը վերաբերում էր 2015-ի հուլիսի 30-ին հրապարակված Սահմանադրության նոր տարբերակին։ Ըստ Կարապետյանի՝ «ինչ վերաբերում է արդարադատությանը, ապա չպետք է լինի քաղաքական մարմինների կողմից որեւէ միջամտություն դատավորների նշանակման եւ վերաքննիչ դատարանի նախագահների նշանակման եւ պաշտոնանկության ընթացակարգերում»։ Եթե սա վերաքննիչի դեպքում կիրառելի է, ապա առավել եւս վերաբերում է Սահմանադրական դատարանին։