Հակակոռուպցիոն հանձնաժողովն ասֆալտին է փռել Երվանդ Խունդկարյանին

Հակակոռուպցիոն հանձնաժողովն ասֆալտին է փռել Երվանդ Խունդկարյանին

Որոշ տեղեկություններով, կառավարությունը ծանր են տարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ բացասական եզրակացությունը, ինչպես խորհրդարանում են ասում՝ «հանձնաժողովն ասֆալտին է փռել Խունդկարյանին» ու եզրակացությունն ուղարկել ԱԺ բոլոր պատգամավորներին։ Կառավարությունում անհանգիստ են, եւ իշխող խմբակցությանը խիստ հրահանգ է իջել՝ եզրակացությունը չհրապարակել։

Չնայած այն խորհրդատվական բնույթ է կրում եւ, ըստ օրենքի էլ, հրապարակման ենթակա չէ, բայց բանավոր էլ են զգուշացրել պատգամավորներին՝ արտահոսք չլինի, ասել են՝ եթե հնարավոր է, բանակցեք նաեւ ընդդիմադիր գործընկերների հետ, որպեսզի այն չդառնա հանրային սեփականություն, եւ մարդիկ չիմանան, թե իշխող ուժն ում է գործուղում ՍԴ։ 
Սակայն, բնականաբար, արտահոսքը կանխել չի հաջողվել, եւ մեր ձեռքի տակ են հայտնվել թեկնածուներից երկուսի՝ Խունդկարյանի եւ ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանի մասին եզրակացությունները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանի վերաբերյալ բարեվարքության եզրակացությունը, ըստ այդ փաստաթղթի, բացասական է, իսկ Վաղարշյանի վերաբերյալ եզրակացությունը՝ դրական։ Արձանագրություններն ԱԺ են ուղարկվել օգոստոսի 31-ին։

Մասնավորապես, ուսումնասիրելով Խունդկարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիրը, հանձնաժողովը, ինչպես փաստաթղթում է ձեւակերպված, «հայտնաբերել է հետեւյալ անհամապատասխանությունը»․ «2019 թ․ գույքի եւ եկամուտների հայտարարագրում տարվա սկզբի դրությամբ առկա են 2 մլն ՀՀ դրամական միջոցներ, որը նշվել է որպես նախկին տարիներին նվիրատվություն ստացած գումար», սակայն «գումարը չի նշվել որպես ստացած եկամուտ եւ/կամ առկա դրամական միջոց նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրում»։

Հանձնաժողովի կողմից բարեվարքության ուսումնասիրության են արժանացել մի շարք որոշումներ, որոնց դեպքում Խունդկարյանը հանդես է եկել որպես ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ եւ կոլեգիալ կազմով մասնակցել է մի շարք որոշումների կայացմանը։ Եզրակացությունում նշվում է, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով Հայաստանը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտադրել է մեծ գումարներ վճարել, եւ վճիռների զգալի մասը քննվել է հենց Խունդկարյանի կողմից, հանձնաժողովը հիշատակում է մի շարք գործեր։ «Որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ թեկնածուի մասնակցությամբ կայացած մեկ տասնյակից ավելի որոշումներում ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով պետությունը մոտ 306 հազար եվրոյի փոխհատուցում է տրամադրել։ ՄԻԵԴ-ի կողմից խախտում է ճանաչվել առնվազն տասն այնպիսի գործերով, որտեղ պետության կարիքների համար օտարվել է անհատներին պատկանող սեփականությունը եւ այդ հիմքով առաջացրել սեփականության իրավունքի, առանձին դեպքերում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումներ»,- նշված է եզրակացությունում։ Հիշեցնենք, որ Խունդկարյանը վճռաբեկի նախագահ է նշանակվել 2010 թվականին։

Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում, ըստ էության, հաստատվել են տարիներ շարունակ մամուլում շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց՝ Խունդկարյանը վճռորոշ ազդեցություն է ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակվելու հարցում։ Մասնավորապես, 2004-ին տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է մերժել եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում այդ պահին չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։ Իսկ 2008-ին ՄԻԵԴ-ը հունիսի 17-ի իր որոշմամբ արձանագրել է, որ հեռուստաընկերությանը լիցենզիայի տրամադրումը մերժելը հանդիսացել է միջամտություն հեռուստատեսության՝ տեղեկատվության եւ գաղափարներ տարածելու ազատությանը։ Այս գործի պատճառով, ըստ հանձնաժողովի, «առնվազն ինը տարիների ընթացքում ՀՀ-ում խոսքի ազատության իրավիճակը տարբեր միջազգային հարթակներում մտահոգությունների եւ քննադատությունների հիմք է հանդիսացել»։

Խունդկարյանը, պարզվում է, իր մեղքի բաժինն ունի նաեւ սփյուռքահայ գործարար «Արինկապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի «կանխամտածված» սնանկացման գործում։ Հիշեցնենք, որ տարիներ շարունակ գործարարը մամուլի միջոցով բարձրաձայնել է, որ մեկ այլ գործարար՝ Վլադիսլավ Մանգասարյանը, իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը։ 
Հանձնաժողովի եզրակացության մեջ հիշեցնում են, որ անօրինական ֆինանսական գործարքների վերաբերյալ Խուդյանի պնդումների մասին մտահոգություններ է հայտնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, մինչդեռ անօրինական գործողությունների համար բողոքարկումների ներպետական դատական ատյանները սպառելուց հետո, այդ թվում՝ Խունդկարյանի ղեկավարած վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքները չբավարարելու արդյունքում, «որտեղ որպես դատավոր է հանդես եկել թեկնածուն (Խունդկարյանը), Խուդյանը դիմել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ ՀՀ-ից պահանջելով իր ներդրումների եւ բաց թողնված վնասի հատուցում՝ ընդհանուր 19 մլն ԱՄՆ դոլարի չափով»։ 2020 թվականի մարտի 2-ին քննությունն ավարտվել է, առաջիկայում սպասվում է որոշման հրապարակումը։

Եզրակացությունում հիշատակվում է նաեւ ՀՀ մարդու իրավունքների 2013 թվականի արտահերթ զեկույցն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ, որտեղ ամփոփվել են ՀՀ դատական համակարգում գործող «կոռուպցիոն մի շարք սխեմաներ», որոնցում առանցքային դերակատարում են ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները։ Զեկույցում, նախաբանի փոխարեն, մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն արձանագրել էր հետեւյալը․ «Եթե վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»։ 
Եվ որպես վերջաբան․ «Հանձնաժողովի մոտ չի ձեւավորվել այն համոզմունքը, որ թեկնածուի մասնակցությամբ ձեւավորվող Սահմանադրական դատարանի կազմը հիմք կհանդիսանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, ինչպես նաեւ սահմանադրական արդարության հաստատման ու իրավունքի գերակայության զարգացման համար, ուստի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն»։ Այսպես է նշված Հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմած փաստաթղթում։