Ղարաբաղի հարցը դարձյալ ուժային կենտրոնների «խաղերի» տիրույթում է

Ղարաբաղի հարցը դարձյալ ուժային կենտրոնների «խաղերի» տիրույթում է

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայումը կարծես թե «հավելյալ խթան» է դարձել, որպեսզի ղարաբաղյան հարցը նորից մեծ քաղաքականության խոշոր խաղացողների ուշադրության կենտրոնում լինի, եւ սոսկ հաղորդագրություններով «անհանգստություն» կամ «մտահոգություն» հայտնելուց այն կողմ սկսեն որոշակի գործնական քայլեր ձեռնարկել։ Այս առումով ուշագրավ է, որ Մոսկվան, որը, ի տարբերություն ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, առավել ընդգրկուն ներկայություն ունի ռեգիոնում, փոխեց Ղարաբաղում իր խաղաղապահ զորակազմի ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովին, ով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առավել վստահելի մարդկանցից է համարվում, նրա խորհրդականի պաշտոնից է ժամանել Արցախ։ Նա, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, շատ արագ տեմպով արդեն ժամանել է Արցախ։

Այն, որ ռուսական կողմը որոշել է Ստեփանակերտ գործուղել Շոյգուի վստահությունը վայելող անձի, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ռուսները, ամենայն հավանականությամբ, փորձելու են առաջիկայում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հարցը եռակողմ հայտնի հայտարարությունների դաշտ վերադարձնելու համար։ Սակայն թե ինչ տեսք կունենա այդ «վերադարձնելը», դեռ հասկանալի չէ։ Սրանով է թերեւս նաեւ պայմանավորված այն, որ ԱՄՆ Պետդեպն էլ նորից հայտարարեց, որ Լաչինի միջանցքում պետք է ազատ երթեւեկություն եւ տեղաշարժ ապահովվեն, եւ հիշեցրեց, թե՛ պետքարտուղար Բլինքենի, թե՛ ավագ խորհրդական Բոնոյի ու պետքարտուղարի օգնական Հոգանի գործողությունները՝ այս հարցի հետ կապված։ Վաշինգտոնն էլ կարծես հասկացնում է, որ իր ներգրավվածությունը խնդրում շարունակելու է պահպանել։

Նույն լույսի ներքո պետք է դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը։ Չնայած անմիջապես հետո հաջորդեց նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Դժվար է միանշանակ պնդել, թե վերջնական արդյունքում ինչ կլինի։ Դժվար է ասել, թե Ադրբեջանն ինչից դրդված է անում քայլեր, որոնք կարելի է որակել որպես «խնդրի մասին հիշեցնող կտրուկ գործողություններ» կամ սադրանքներ։ Արդեն խոսել ենք այն մասին, որ Ադրբեջանը շտապելու առնվազն 4-5 պատճառ ունի, սակայն էականն այստեղ նաեւ այն է, որ հարցը դարձյալ հայտնվում է աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հորձանուտում, դառնալով լոկալ հարթակ երկու գլոբալ ուժային կենտրոնների մրցակցության համար։