Ապրիլը ոչ միայն սգո, այլեւ հաղթանակների ամիս է

Ապրիլը ոչ միայն սգո, այլեւ հաղթանակների ամիս է

Ավելի քան 100 տարի է, ինչ ապրիլ ամսին ամբողջ աշխարհի հայությունը հիշում եւ հիշեցնում է ազգային այն ահավոր ողբերգությունը, որը պատմության մեջ մնաց որպես Օսմանյան Թուրքիայի կողմից ձեռնարկված սարսափելի եղեռն՝ դառնալով 1,5 միլիոն հայերի մահվան պատճառ: Այս օրերին մենք՝ բոլորս, գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջեւ՝ միաժամանակ վկայելով, որ հայությանը ծնկի բերելն անկարելի է: Այս առումով, ճիշտ ապրիլյան օրերին աշխարհի ամենատարբեր մարզական ասպարեզներում կայացած խոշորագույն ստուգատեսներում իրենց աներեւակայելի ուժը, կամքը, վարպետությունը շռայլորեն դրսեւորեցին հայ մարզիկները:

Գլխավոր իրադարձությունը կայացավ մեզ մոտ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեւանում անցկացվեց ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, իր անսովոր մասշտաբով` 40 երկրների շուրջ 500 մասնակիցներով: Իսկ առավել խոսուն են այն ցուցանիշները, որ գրանցեցին հատկապես Հայաստանի դյուցազունները: Սպորտում տարածված մի ասույթ կա` տանը պատերն էլ են օգնում: Ծանրամարտի Եվրոպայի երեւանյան ստուգատեսն ապացուցեց, որ տան պատերն օգնում են այն ժամանակ, երբ դու լիովին նվիրված ես քո գործին, իրապես պրոֆեսիոնալ մոտեցում ես ցուցաբերում՝ համառորեն ջանալով հասնել գլխավոր նպատակին, ցուցադրելով բարձր վարպետության նուրբ հնարքներ ու հիշում ես առանցքային սկզբունքը` կարեւոր առաջադրանքի պսակը միշտ համարվում է երազած ծրագրի ավարտը: Երեւանյան լայնամասշտաբ ստուգատեսն էլ ապացուցեց, որ պատկառելի միջոցառումը կարելի է եւ պետք է կազմակերպել ու անցկացնել բարձր մակարդակով, եւ մեր ծանրորդները՝ իրենց մարզիչների ղեկավարությամբ, ունակ են ի կատար ածել իրենց առջեւ դրված առաջադրանքը:

Նման լուրջ վերաբերմունքի ավարտական գնահատականն այն էր, որ Հայաստանի ծանրորդների ընտրանին, փաստորեն, լիովին դրսեւորեց իր կարողությունները եւ ընդհանուր հաշվարկով առավելության հասավ բոլոր մրցակիցների նկատմամբ՝ առաջին անգամ տանելով թիմային հաղթանակ: Այդ բացառիկ նվաճումը, ինչ խոսք, ապահովեցին ամենից առաջ այն չորս չեմպիոնները, որոնց ձեռք բերած հաջողությունների պատվին հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Ահա, Եվրոպայի ուժեղագույնի կոչմանն արժանացած մեր հրաշալի քառյակը` 67 կգ քաշային կարգում․ 19-ամյա Գոռ Սահակյան, երկամարտի ցուցանիշը` 320 կգ (պոկում վարժություն` 145 կգ, հրում` 175), 96 կգ` Դավիթ Հովհաննիսյան` 377 կգ (172+205), 102 կգ` 20-ամյա Գարիկ Կարապետյան` 392 կգ (178+214), 109 կգ` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյան` 395 կգ (175+220):

Իսկ ամենագրավիչ մրցավեճը, իհարկե, ծավալվեց գերծանր քաշային կարգում երեք հրաշք աժդահաների` վրացի Լաշա Թալախաձեի հետ սուր պայքարի մեջ մտած մեր հայրենակիցների` Վարազդատ Լալայանի եւ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ: Ահա թե ինչ արդյունքներ գրանցվեցին նախատեսված բոլոր 9 տարբեր ձուլվածքի մեդալները նվաճած այս եռյակի մրցապայքարում․
1. Լաշա Թալախաձե` երկամարտ` 474 կգ (պոկում եւ հրում վարժություններում` 222 եւ 252 կգ) 
2. Վարազդատ Լալայան` 462 կգ (212+250)
3. Սիմոն Մարտիրոսյան` 440 կգ (195+245)։

Առանց վարանելու կարելի է ասել, որ այս երեք դյուցազունները, բառի իսկական իմաստով, այսօր աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Շեշտենք նաեւ, որ մեր անվանի 4 չեմպիոններից եւս չորսն արժանացել են փոխչեմպիոնների տիտղոսին: 

Զարմանալի ոչինչ չկա, որ Թալախաձեն յոթերորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը, եթե նկատի ունենանք մյուս փաստերը` նա մինչ այդ երկու անգամ եղել է օլիմպիական խաղերի դափնեկիր եւ վեց անգամ արժանացել աշխարհի թիվ մեկ ծանրորդի տիտղոսին: Տեղին է հիշեցնել, որ այս առումով նրան գրեթե չի զիջում մեր ազգային դյուցազնը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի գրոսմայստեր Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի հսկան, որը հանդես է գալիս 97 կգ քաշային կարգում, երեք տարվա ընդմիջումից հետո որոշեց վերադառնալ ասպարեզ եւ օրերս Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնությունում վստահ առավելության հասնելով իր բոլոր մրցակիցների նկատմամբ՝ վեցերորդ անգամ հռչակվեց չեմպիոն: Իսկ մինչ այդ նա երեք անգամ տեղ է գրավել օլիմպիական խաղերի պատվանդանի բոլոր երեք աստիճաններին եւ չորս անգամ ճանաչվել աշխարհի թիվ մեկ ըմբիշ:
Պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին տեղ գրավեց նաեւ Մալխաս Ամոյանը (77կգ): Հատկանշական է, որ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ 1:4 հաշվով տանուլ տալով սերբ Վիկտոր Նեմեշին՝ մեր ըմբիշը տառացիորեն հրաշք հնարքով, այն էլ՝ վերջին վայրկյաններին, վաստակեց 5 միավոր եւ գերազանցության հասավ գլխավոր ախոյանի նկատմամբ: 

Երկու չեմպիոն ունեցանք նաեւ ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում: Այստեղ պարզապես փայլեցին 61 կգ քաշային, երրորդ անգամ ոսկե մեդալ շահած Արսեն Կարապետյանը եւ նրա թիմակից Վազգեն Թեանյանը (65 կգ):
Այս տղաների կողքին ինչպես չհիշատակել սամբիստներ Արսեն Խանջյանի եւ Արման Ավանեսյանի անունները: Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ նրանց պատվին հնչեց մեր ազգային օրհներգը: 

Սակայն մեր սպորտի ապրիլյան պարծանքին արժանի բարձրագույն նվաճումները սրանով չեն սահմանափակվում: Իրեն պարզապես հրաշալի դրսեւորեց եւ եվրոպական ասպարեզի հենացատկերի ժամանակ վերստին իր բարձրության վրա գտնվեց մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը: Առաջին հերթին հենց նրա նվաճումների շնորհիվ որոշվել է, որ մարմնամարզության աշխարհի հերթական առաջնությունն անցկացվելու է Երեւանում: Իսկ Արթուրի ապրիլյան նվաճումը գրանցվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ նրա նվաճման պատվին հնչեց մեր ազգային օրհներգը:

Եվս մեկ բացառիկ երեւույթ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո Երեւանում մեկնարկեց աշխարհամասի մասշտաբով նոր մարզական ստուգատես, այս անգամ՝ երիտասարդ բռնցքամարտիկների մասնակցությամբ: Հուսանք, որ հայկական սպորտը նոր եւ խրոխտ իմիջ ստանալու հնարավորություն կունենա:

Միսակ Նազարյան