Արցախ վերադառնալու վրա էլ են գերեզմանաքար դնում

Արցախ վերադառնալու վրա էլ են գերեզմանաքար դնում

Դադիվանքից ռուսների հեռանալով, հիմա այնտեղ թուրք-ազերիներն են տիրություն անում։ Ռուսները կամաց դուրս են գալիս ողջ Արցախից, ու դրանով ավարտվում է այն արցախցիների երազանքը, որոնք դեռեւս հույս ունեին Արցախ վերադառնալու, որովհետեւ այնտեղ լիիրավ տերն արդեն ազերիներն են լինելու։

Օրեր առաջ մի նախաձեռնություն էր պտտվում համացանցում՝ աշխարհին ուղղված արցախցիների նամակը, որտեղ գրված էր, որ նյութական, ֆինանսական փոխհատուցում թող տան իրենց, որ գնան աշխարհի մի անկյունում ապրեն, եթե չեն կարողանում ապահովել իրենց վերադարձն Արցախ։ Այդ ժամանակ նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց, թե արցախցիներն իրենց հողը վաճառում են, իրենց հայրենիքի գինն են ուզում։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում խաղաղապահների հեռանալուն նախաձեռնության կազմակերպիչները։

«Հիշո՞ւմ եք՝ մեր նախաձեռնության դեմ ու մեզ վրա ինչպես էին վայրահաչում իրականությունից կտրված մի խումբ ուռա-հայրենասերներ, որոնք իրենց ճղճղոցներով գերեզմանաքար դրեցին այդ նախաձեռնության վրա»,- ասաց նախաձեռնության հեղինակ-կազմակերպիչներից մեկը։ «Լաչառություն էին անում, թե` «մենք մեր Արցախն ենք ուզում, մեր Արցախը չենք վաճառում»... Դե գնացեք տեր կանգնեք Արցախին, ողորմելիներ։ Դուք եւս մասնակիցն եք հայկական այդ լեռնաշխարհն ընդմիշտ հանձնելուն»։

Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ Հայաստանից ու ընդհանրապես տարածաշրջանից ռուսների հեռանալով, Հայաստանը վերջնականապես դառնալու է թուրք-ազերական տարածք։ «Մակրոնը Ֆրանսիայից չի գալու հայերի համար արյուն թափի, ոչ էլ աշխարհում որեւէ մեկին պետք է դա, երբ հայերն իրենք իրենց երկիրը չեն պաշտպանում, ու հայոց ճակատագիրը որոշողը դարձել են Երեւանում բուն դրած թուրքական ու արեւմտյան գործակալները` գերագույն Չարիքի գլխավորությամբ»։

Գարեգին Վարդանյան