Աղվան Հովսեփյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց

Աղվան Հովսեփյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվaն Հովսեփյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Սասուն Ռաֆաելյանը։

Նշենք՝ որոշ ժամանակ առաջ մենք նյութ էինք հրապարակել այն մասին, որ պաշտպանները դիմել են քրեակատարողական հիմնարկին՝ միջնորդելով թույլ տալ Հովսեփյանին տեղափոխել հիվանդանոց, ինչը բավարարվել էր։

Պաշտպանն ասաց․ «Պարոն Հովսեփյանը չնախընտրեց տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ նշելով որ, եթե դեռեւս հնարավորություն կա, որ բժիշկը  բուժսպասարկումն իրականացնի քրեակաարողական հիմնարկում, ինքը ցանկանում է, որ մնա ՔԿՀ-ում եւ այդ պայմաններում ստանա բուժսպասարկումը, որպեսզի հետագայում այդ հարցը շահարկումների տեղիք չտա։ Ներկայում նա բոլոր անհրաժեշտ բուժումները ստանում  է ՔԿՀ-ում։ Եթե բժշկի կողմից լինի ցուցում, որ այլեւս հնարավոր չէ ՔԿՀ-ում իրականացնել պատշաճ բուժօգնություն, ապա այդ դեպքում կտեղափոխվի»։

Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի համար դրսից ՔԿՀ է այցելել նրա ցանկալի բժիշկը։

Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ խափանման միջոցի վերաբերյալ բողոք են պատրաստում Վճռաբեկ դատարան։ Իսկ քննչական գործողության նախկին պաշտոնյան չի մասնակցել։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:

Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: