Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պես մտածում է միայն սեփական իշխանությունն ամրապնդելու մասին

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի պես մտածում է միայն սեփական իշխանությունն ամրապնդելու մասին

Հետպատերազմյան Արցախում սոցիալական բազում խնդիրներին զուգահեռ սրվել են նաեւ քաղաքական հարցերը։ Արայիկ Հարությունյանին կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում մերժած խորհրդարանական ուժերը, ինչպես նաեւ տասնյակ ՀԿ-ներ, իշխանությունից ռեալ փոփոխություններ են ակնկալում բոլոր ասպեկտներում։ Սակայն, ինչպես մեր աղբյուրներն են վստահեցնում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որդեգրել է հայաստանյան իշխանությունների կուրսը եւ փորձում է կադրային «ռակիրովկաներով» իրական փոփոխությունների պատրանք ստեղծել։ Նախօրեին, ինչպես արդեն գրել ենք, նա ստորագրեց որոշում, որով ոստիկանությունն ու ԱԻՆ-ը միավորվում են, ստեղծվում է նոր՝ ներքին գործերի նախարարություն։ Փոփոխության գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել սեփական դիրքերն իշխանական հիերարխիայում, ուժայինների վերահսկողությունը հավաքել իր ձեռքում։

Հարությունյանը ՆԳ նախարարի պաշտոնում նշանակեց Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի որդուն՝ Կարեն Սարգսյանին, ով ե՛ւ Բակո Սահակյանի պաշտոնավարման ընթացքում է բարձր պաշտոններ զբաղեցրել, ե՛ւ Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակ։ Նա ակտիվ ներգրավված է եղել նաեւ Արայիկ Հարությունյանի ընտրարշավին եւ ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել։ 

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ի պարագայում էլ ոստիկանությունը ոստիկանապետ է ունենալու, իսկ ԱԻՆ-ն էլ՝ տնօրեն։ Ու ստացվում է, որ հաստիքներն ու ծախսերն օպտիմալացնելու փոխարեն նոր պաշտոններ են ստեղծվում՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու նպատակով։

Բանն այն է, որ ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների նշանակման հարցում Արայիկ Հարությունյանի եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ այս պաշտոններում նշանակումները լինեն Բալասանյանի «դաբրոյով»։ Նրա պահանջով էլ պաշտոնանկ արվեցին ուժային կառույցների այդ ղեկավարները, խոսքն առաջին հերթին ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի եւ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանի մասին է, որոնց Արցախում ընդունված է ասել՝ Հարությունյանի իշխանության փայատերեր, քանի որ մեծ ներդրում ունեն Արայիկ Հարությունյանի ընտրության գործում, եւ նրանց ազատելու որոշումը Հարությունյանը հեշտ չի կայացրել։
Օրեր առաջ հրաժարական տվեց նաեւ Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը։ 
Պատահական չէ, որ նշված երեք պաշտոններն էլ առայսօր թափուր են, հատկապես ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը մեկ ամսից ավելի է՝ ղեկավարներ չունեն։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ առանցքային այդ ոլորտներում իր մարդկանց նշանակի, բայց ներքին պայմանավորվածությունն ու դրանից հետեւող քաղաքական սրացումների հեռանկարը նրան հետ են պահում։ Հատկապես, որ Հայաստանից թելադրված կադրային քաղաքականության պատճառով ձախողվեց խորհրդարանական ուժերի հետ կոալիցիան, չնայած ի սկզբանե Հարությունյանը խոստացել էր կադրային եւ անվտանգային հարցերը համաձայնեցնել նրանց հետ, բայց սկսեց գործել միայնակ եւ պաշտոնների նշանակել այնպիսի աղմկահարույց անձանց, որպիսիք սորոսականներ Հայկ Խանումյանն ու Մանե Թանդիլյանն են։ 

Մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դեմ են, որ ուժայիններին զիջեն Վիտալի Բալասանյանին եւ այստեղ նշանակեն այնպիսի մարդկանց, որոնք գտնվելու են նրա ազդեցության տիրույթում։ Թերեւս հենց այս նկատառումով էլ ստեղծվում է ՆԳՆ-ն, որը կվերահսկի ոստիկանությունը։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, Արայիկ Հարությունյանը, ըստ մեր աղբյուրների, ինչ-որ պահի Բալասանյանին համոզել է նշանակել նախկին ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին, բայց վերջինիս նկատմամբ պատերազմական օրերին հանրային լուրջ դժգոհություններ են կուտակվել՝ իր պարտականություններում թերանալու հետ կապված, եւ Հարությունյանը դեռ ոտքը կախ է գցում։

Մինչ Արայիկ Հարությունյանը զբաղված է իր իշխանության ամրապնդման, դիրքերն ուժեղացնելու եւ Նիկոլ Փաշինյանի կադրային ցանկությունները կյանքի կոչելու գործով, Արցախի առանցքային խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանի համոզմամբ՝ կադրային «ռակիրովկաներն» ու կառավարության կառուցվածքային փոփոխություններն այդ խնդիրների լուծմանը չեն ուղղված։ Բալայանի կարծիքով՝ Հարությունյանը պարզապես իր մարդկանց է ցանկանում պաշտոնների տեղավորել։ Եվ փաստն այն է, որ, պատգամավորի խոսքով, ինչպես Հայաստանում են այսօր ծառացած խնդիրները չլուծված, այնպես էլ՝ Արցախում։ «Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում փոփոխություն չլինի, այստեղ որեւէ էական բան չի կարող լինել»,- ասում է ՀՅԴ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ Արայիկ Հարությունյանի գործողությունները բխում են Նիկոլ Փաշինյանի գործողություններից։
Պատգամավորը թվարկում է Արցախի առանցքային խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, սակայն, ինչպես ինքն է ասում, գործող իշխանությունն ի վիճակի չէ դրանք լուծել․ «Անվտանգության խնդիրը, նկատի ունեմ կարգավիճակից բխող, կամ, ասենք, սահմանների ճշգրտման հետ կապված խնդիրները, ի վերջո, մենք ինչ սահմաններ ու կարգավիճակ ունենք։

Եվ վերջապես՝ հանրային տրամադրությունները հստակեցնելու առումով․ ուր ենք գնում, ինչպես։ Մարդիկ իրենց կյանքն այստեղ կառուցելու խնդրի առջեւ են այսօր կանգնած։ Ապագայի հետ կապված որոշակի հստակություն է պետք, ինչը դեռեւս չկա։ Մենք օրերս  քննարկեցինք բյուջեի նախագիծը, որը, կարծես թե, նախորդ տարվա կրկնօրինակն էր, մինչդեռ պետք է արտացոլեր հետպատերազմական խնդիրներն ու մարտահրավերները։ Չկան թիրախային հարցերի լուծումներ։ Ես կարծում եմ, որ ի վիճակի չէ այս իշխանությունն այդ հարցերը լուծել»։ Բալայանի խոսքով՝ եթե Արցախի հանրությունը, քաղաքական ուժերը բազում պատճառներով պայմանավորված բողոքի զանգվածային ակցիաներ չեն իրականացնում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է․ «Պարզապես նրբություններ կան, եւ նպատակահարմար չէ շատ բաների մասին անգամ բարձրաձայնելը»։