Պարոն Փաշինյանն իրավունք ունի զինված ուժերը դուրս բերել․ Քոչարյանի պաշտպան

Պարոն Փաշինյանն իրավունք ունի զինված ուժերը դուրս բերել․ Քոչարյանի պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկայացել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեղադրողները չէին ներկայացել։ Այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց։

Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բողոք ներկայացնելն անհիմն է․ «Ամոթալի է նման բողոք ներկայացնելն առհասարակ»։ 

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուն, Խուդոյանը նշեց․ «Ընդհանուր առմամբ՝ մահոգիչ է, առգրավել են նյութերը, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի գործին, դա լուրջ ազդակ է, որ անհանգստություն ունենանք գործի տեսանկյունից։ Ցանկացած անհամաչափ գործողություն եթե լինում է, մենք չենք զարմանում։ Ես ընդամենը հիմք եմ ընդունում փաստաբանի հայտարարությունը, որ առգրավել են գործին առնչվող նյութեր»։ 

Խոսելով նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարզազրույցի այն հատվածի մասին, երբ ասել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքը կարող է զինված ուժերը դուրս բերել քաղաքի կենտրոն, տանկերի թրթուրների տակ ժզմել ընդդիմությանը, պաշտպանն ասաց․ «Պարոն Փաշինյանն իրավունք ունի զինված ուժերը դուրս բերել։ Ես այստեղ ենթատեսքտ եմ տեսնում, որ պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել, սակայն գործի մեջ չկան նյութեր, որ պարոն Քոչարյանը տանկեր է մտցրել»։