Անպայման չէ, որ բոլոր հարցերը լուծվեն վեթթինգի միջոցով

Անպայման չէ, որ բոլոր հարցերը լուծվեն վեթթինգի միջոցով

Փաստաբան, եվրոպական իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը չի ողջունում վեթթինգի գաղափարը, համարում է, որ այն լինելու է ծախսատար եւ դժվար կիրառելի։ «Վեթթինգը չի կարող տալ ցանկալի արդյունք, եղած մեխանիզմներն էլ բավարար են։ Կան կարգապահական, քրեաիրավական մեխանիզմներ, որոնք բավարար են»,- մեզ հետ զրույցում նշեց նա։ Արա Ղազարյանի կարծիքով՝ չկա զտման կարիք, քանի որ համակարգն աստիճանաբար ինքնամաքրվում է։

«Մի մասը գնում է կենսաթոշակի, նոր, երիտասարդ կադրերով է համալրվում համակարգը, արդարադատության ակադեմիան նոր կադրեր է տալիս։ Էվոլյուցիոն եղանակով համակարգը թարմացվում է, առնվազն 2013 թվականից, ինչ գործում է ակադեմիան, տեղի է ունենում սերնդափոխություն։ Վեթթինգը կազմում է քաղաքական օրակարգի մաս, իսկ ես ցանկանում եմ, որ դա լինի իրավական գործընթաց։ Ովքեր լավ են ճանաչում դատական համակարգը, դեմ են վեթթինգի գաղափարին։ Վեթթինգի գաղափարին կողմ են նրանք, ովքեր լավ չեն ճանաչում դատական համակարգը։ Շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ է, զտում բառն էլ իր մեջ պարունակում է որոշակի ագրեսիա։ Իսկ մենք ունենք քաղաքական եւ քրեական մեխանիզմները։ Եթե դատավորը կաշառք է վերցնում, թող աշխատեցնեն քրեաիրավական մեխանիզմները։

Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից քանի՞սն է վեթթինգ իրականացնում, միայն մեկ երկիր՝ Ալբանիան, այն էլ Եվրամիության պահանջն է։ Բայց դա չի նշանակում, թե բոլոր 47 երկրների դատական համակարգում չկա կոռուպցիա։ Անպայման չէ, որ այդ հարցերը լուծվեն վեթթինգի միջոցով»,- ասաց Արա Ղազարյանը։