Մեկը սպառնում է երեխային վերցնել, նետվել կամրջից, մեկը ջերմոցի 30 հազար կակաչը բերել պատգամավորի տուն

Մեկը սպառնում է երեխային վերցնել, նետվել կամրջից, մեկը ջերմոցի 30 հազար կակաչը բերել պատգամավորի տուն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աժ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Նաիրա Զոհրաբյանը օրական 24 -ժամյա ռեժիմով մինչև 800-900 զանգ է ստանում Հայաստանի քաղաքացիներից, որոնք ծայրահեղ ծանր ու հուսահատ վիճակում են։ Բոլորն օգնության խնդրանքներ են։ «Ծայրահեղ վիճակում գտնվող։ Մարդիկ, ովքեր ասում են՝ հիմա վերցնում ենք մեր երեխային, մի զինվորական, և գնում եմ, ինձ քցեմ կամրջից։ Քիչ առաջ Արարատից ինձ զանգել է Վեսմիր Նազարյան, որն ունի ջերմոցներ։ Նա չի կարողանում այս իրավիճակում իրացնել ծաղիկները, ինչը հասկանալի է։ Դիմել է՝ գոնե վարկ ստանալու աննշան տոկոսով, չի կարողացել, բանկը, ուր դիմել է՝ ասել է՝ նվազագույն տոկոսը, որ կարող ենք տալ 18 տոկոս վարկն է։ Դրանից առաջ ծայրահեղ վիճակում զանգել է Կոտայքի մարզից մի ֆերմեր, ով տասնքանի հազար գլուխ խոզ ունի։ Մարդու ապրանքը չի իրացվում։ Ասաց՝ 3 օրվա կեր է մնացել է․․․․ դիմել է այնտեղ, ուր դիմում են վարկերը ստանալու համար և այնպիսի չափորոշիչներ են ներկայացրել, որ գերակշիռ  մեծամասնությունը չի բավարարում պայմաններին։ Նոր ստացա մի կնոջ գրություն, որն ինձ ուղարկել է, թե իրեն ինչ են ուղարկել «Գազպրոմից», որ վարչապետի հայտարարությունը Ձեզ չի վերաբերում։ Եթե փորձեք ձեր գազը վառել, կգանք տեղում կզոդենք։ Մարդը ծայրահեղ աղքատ վիճակում է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ի դեպ, ջերմոց հիմնած Վեսմիրը հուսահատության պահին խոստացել է բերել ու 30 հազար կակաչը դնել  Նաիրա Զոհրաբյանի տան մոտ։


Վերջինս ասում է․«Ես  հասկանում եմ, որ պետությունը չի կարող համատարած բոլորի խնդիրները լուծել, բայց էս խառնաշփոթը պետք է կարգավորվի։ Սա ուղղակի հնարավոր չէ․․․ ես չգիտեմ, ես առաջարկում եմ, որ մենք պատգամավորներով աշխատանքային ինչ-որ հերթապահություն սահմանենք, օնլայն ռեժիմով քաղաքացիների հարցերը մուտքագրենք, որովհետև քաղաքացիները մի երկու պատգամավորի կարծես թե կոորդինատ գիտեն, մի երկու պատգամավորի են ճանաչում և ես ուղղակի ֆիզիկապես չեմ կարող մի քանի հարյուր զանգի պատասխանել և զբաղվել այդ խնդիրներով»։


Նաիրա Զոհրաբյանն ինքն էլ ահավոր գերծանրաբեռնված է ու ՝ «Հրապարակի» միջոցով փոխանցեց․«Քանի որ իմ ռիթմը հիմա գերծանրաբեռնված է, խնդրում եմ՝ եթե կոնկրետ խնդիր չունեք, չգրեք, ինձնից չհարցնեք իմ որպիսությունը։ Եվ որպիսի նորից որևէ մեկի մոտ գայթակղություն չառաջանա՝ հարցնելու ես ո՞նց եմ, իմ տրամադրությունը ոնց է, ասում եմ՝ լավ եմ, տրամադրությունս տեղն է, ինձ դիմեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և գրեք միայն այն դեպքում, եթե կա խնդիր»։