Ինչո՞ւ Վահագն Ալեքսանյանը մարդ ծեծելու համար պատասխանատվության չենթարկվեց

Ինչո՞ւ Վահագն Ալեքսանյանը մարդ ծեծելու համար պատասխանատվության չենթարկվեց

Այսօր խորհրդարանի մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձաժողովի փակ նիստում միջադեպ, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մենք պարզեցինք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր,ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։ Իրավապահներն անհարդորդ չեն մնացել այս ամենից:

Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։

Չնայած նրան, որ ամիսներ առաջ էլ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էր պատգամավոր ծեծում, ոչ մի ոստիկան դեպքին չմիջամտեց և քրեական վարույթ չհարուցվեց ակնհայտ բռնություն գործադրելու համար, սակայն այժմ ընդդիմադիր պատգամավորին նման ձևով բերման են ենթարկում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իշխանական պատգամավորներն են ամեն ինչ սկսել, ապա ոստիկաններին կանչել. «Վլադիմիր Վարդանյանն իր տեղից կանգնեց և սկսեց բարձր ձայնով խոսել: Ոչ մեկը չէր սպասում, որ այդ ամենը կարող է ավարտվել ծեծկռտուքով: Կարծում եմ, որ կարելի էր այդ միջադեպը չհասցնել այդ վիճակին, սակայն Վլադիմիր Վարդանյանը տեղից կանգնեց ու առաջ եկավ դեպի Մհեր Սահակյան և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»-, նշեց Նազարյանը:

Նրա խոսքով՝ երբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ծեծկռտուք էր սարքել ԱԺ-ում, ոչինչ չարվեց. «Ակնհայտ կողմնապահություն, ակնհայտ երկակի ստանդարտներ: Ես բռնությանը դեմ եմ, դրան երբեք կողմնակից չեմ եղել, սակայն փաստացի եղել է նման դեպք` իշխանական պատգամավորի կողմից և ոչ մի հետևանք դա չի ունեցել», - խոսքը եզրափակեց Գեղամ Նազարյանը: