Տրանսգենդերն ու պատից կախված պապի նկարը

Տրանսգենդերն ու պատից կախված պապի նկարը

Այն, ինչ կատարվեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի` ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո, վեր է մարդկային երեւակայությունից։ Իհարկե, կարելի էր պատկերացնել, որ «համայնքը զորավոր է» եւ համայնքը համախմբվելու է նման պայթյունավտանգ ու «աշխարհացունց թեմայի» շուրջ, ինչպիսին տրանսգենդերի ելույթն էր․ ամենաաբսուրդ պահանջներ, (խնկարկել ամբիոնը, որտեղից ելույթ ունեցավ սեռափոխված անձը), քաղաքական շահարկումներ (բա նախկին իշխանության օրոք տրանսգենդերը ելույթ կունենա՞ր ԱԺ ամբիոնից), վայնասուն ու սպառնալիքներ, արյունոտ բերաններ, խոսակցություններ հայկական «ավանդական» արժեքների ու սրբությունների մասին (մոտավորապես այսպես՝ ուրիշ ազգերը չգիտեն «ընտանիք» հասկացությունը, ու այդ արժեքներն աշխարհին բացառապես հայերն են տվել)։ 

Քահանան պահանջում է 4 տարով կալանավորել «այլասերություն քարոզողներին», ազատամարտիկը դիմում է իշխանություններին՝ մեզ մարդասպան մի սարքեք, կտամ կսպանեմ, եթե աղջկաս հետ քայլելիս տեսնեմ, դերասանն ամենայն լրջությամբ առաջարկում է հիշել տանը կախված պապի նկարն ու մտածել, թե ինչ է զգում պապը․․․ Իրավապաշտպաններն էլ բոլորով կայուն անհասանելի են դարձել (չնչին բացառություններով, օրինակ, հասանելի է Զարուհի Հովհաննիսյանը), որպեսզի ստիպված չլինեն այս նուրբ թեմայի մասին խոսել․ մի կողմից՝ դրամաշնորհները եւ դրամաշնորհ տվողների պահանջները, մյուս կողմից՝ սպասվող հալածանքը, հայհոյանքը, որը կարող է լինել անգամ իրենց գրասենյակների ու բնակարանների մոտ, էլ չենք խոսում Ֆեյսբուքն ու մյուս սոցցանցերը։

Սա, ի դեպ, այն հարցն է, որից անգամ բանաստեղծ-բանաստեղծուհիներն են խույս տալիս։ Փրփուրն ու թուքն այնքան շատ են, որ անգամ տաբուներ կոտրելու համար ԵՄ մրցանակ շահած պատգամավորն ընկրկում է՝ հայտարարելով, որ իրենք չեն հրավիրել, Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել դիմումը եւ հրավիրյալների ցանկը։ Լսում եմ ազատամարտիկին ու անկեղծորեն հավատում, որ մարդը, իրոք, չի կարող տանել հայ տղամարդու սեռափոխվելը, կին դառնալը։ Հասկանում եմ, որ իրեն անօգնական է զգալու, եթե իր աղջիկը, նայելով տրանսգենդերին, ասի՝ պապ, էս ի՞նչ է։ Բայց նաեւ վստահ եմ, որ ո՛չ այս ազատամարտիկը, ո՛չ էլ փրփրաբերաններից որեւէ մեկը չի համրանա, եթե երեխան իրեն հարց տա՝ պապ, իսկ ի՞նչ են ստորությունը, դավաճանությունը, կոռուպցիան։ Պա՛պ, իսկ իրար տակ փորելը ստորությո՞ւն է, պապ, բա ինչո՞ւ է ընկերն ընկերոջը ձայնագրում, տանում-դնում շեֆի սեղանին, պապ, բա ինչո՞ւ են հիմնարկներում պատերը «լսում»։

Պապ, կարո՞ղ է պատահի, որ դու սխալվում ես՝ սա շուստրիություն չէ, սա հոգեւոր տրանսգենդերիզացիա է։ Պապ, իսկ դա՞ է ավելի տարածված, թե՞ այն փոքրաթիվ մարդիկ, որոնք իրենց զգում են կին կամ տղամարդ՝ սխալ մարմնում։ Պապ, ասա որպես հայ մարդ ու քաղաքացի․ իսկ սրա դեմ պե՞տք է պայքարել, թե՞ չէ։ 
Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը լսելիս տպավորություն ունեի, որ ամբողջությամբ պաթոս է, որ իրենք ծեծված, լլկված, հաշմված, ստորացված, արհամարհված, բռնաբարված են։ Կարծում էի, թե չափազանցություն է, իրենց զոհի կարգավիճակում զգալու, մի գրանտ ավել պոկելու թատրոն։ Բայց ԱԺ-ի մոտի ճիչերը լսելով՝ համոզվում ես՝ պաթոս չէ, իրականություն է։ Սարսռազդու իրականություն։