Անցյալում Գորբաչովի «գլուխն էին թաղում», հիմա՝ Ալիեւի, Փաշինյանի եւ մյուսների

Անցյալում Գորբաչովի «գլուխն էին թաղում», հիմա՝ Ալիեւի, Փաշինյանի եւ մյուսների

Սովորաբար թույլ կադրերով իրենց շրջապատում են բռնակալական հակումներ ունեցող հիշաչար ղեկավարները: Աշխարհում, իհարկե, նման օրինակներ շատ կան, բայց դրանք գլխավորապես ավտորիտար երկրներում են։ Օրինակ, հազիվ թե միջին վիճակագրական հայը ճանաչի, թե ովքեր են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ այդօրինակ մյուս երկրների վարչապետները, ԱԳ նախարարները, պաշտպանության նախարարները: Միայն ՌԴ-ի դեպքում է իրազեկության առումով «դրական պատկեր»՝ հաշվի առնելով այդ երկրի հետ մեր պատմական ու ռազմավարական փոխառնչությունները։ ՌԴ վարչապետի մասնագիտական ու մարդկային որակներին ծանոթ չեմ, բայց որ Պուտինը դիտավորյալ է նրան իր կողքին պահում՝ ընդգծելով սեփական անձի գերկարեւորությունը, կասկածից վեր է։ Նույնը Բելառուսի դեպքում է։ Իմ մատնանշած գործոնը բռնապետության ցուցիչներից մեկն է:

Դանիայում, օրինակ, այդ երկրի քաղաքացիներից շատերին հետաքրքիր չէ, եւ չգիտեն էլ` ով է իրենց վարչապետը, ԱԳ նախարարը եւ այլն։ Դա տրամագծորեն այլ պատկերի ու որակի մասին է խոսում` մարդկանց կենսամակարդակն այնքան բարձր է, իսկ կենսագործունեության կազմակերպումը՝ իդեալականին մոտ, որ անձերն ամենեւին կարեւոր չեն։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհի առաջադեմ երկրներում, որտեղ քաղաքական գործընթացները, այդ թվում՝ համապետական նշանակության ընտրությունները, հատկապես` քարոզչության փուլը, սակայն, քիչ բանով է տարբերվում նույն Հայաստանում, Ռուսաստանում կամ որեւէ հանրածանոթ պետությունում անցկացվող համանման գործընթացներից։ Իրար վրա ցեխ շպրտելու, անվանարկելու, մինչեւ վերջ բարոյազրկելու եւ հեղինակազրկելու քաղաքական հնագույն արատավոր պրակտիկան ակտուալ է ԱՄՆ-ից մինչեւ Եվրոպա, որտեղ ամբոխահաճությունը (պոպուլիզմ) նոր հորիզոններ է նվաճում։ «Բորդյուր լիզելու» փաշինյանական սպառնալիքների մետաստազները կամ սկզբնաղբյուրները կարելի է գտնել Ռուսաստանում՝ ժիրինովսկյան (լուսահոգի Վլադիմիր Վոլֆովիչի) «ублюдок придурок, твою мать․․․»-ից մինչեւ ԱՄՆ՝ Թրամփի հայտարարություններում, ով Բայդենին խղճուկ ու ծիծաղելի է անվանում, իսկ նրա որդուն՝ թմրամոլ (թեեւ վերջին փաստն առանձնապես ապացուցման կարիք չունի)։
Փաստ է, որ մեզ պես փոքրաթիվ, սոցիալապես ու անվտանգապես խոցելի երկրի համար ամեն ինչ մի այլ կերպ գերքաղաքականացված եւ անձնավորված է: Անցյալում, ժողովրդական խոսույթով ասած, Գորբաչովի «գլուխն էինք թաղում», հիմա՝ Պուտինի, Ալիեւի, Էրդողանի, Փաշինյանի եւ Հայաստանի տարբեր շրջաններում ղեկավարած անձանց ու կուսակցությունների։ Եվ, չտարբերակելով վայրահաչությունը սթափության կոչից, այդպես էլ չենք հասկանում, թե որտեղ է թաքնված շան գլուխը՝ շուն թուրքին կամ շանորդուն նույնիսկ տեղին հայհոյելու փոխարեն…

Արա Ալոյան