Սիլվա Համբարձումյանի առեղծվածը

Սիլվա Համբարձումյանի առեղծվածը

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-րդ հոդվածից, մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացրել է նաեւ, որ այդ մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, սակայն, Սիլվա Համբարձումյանը երեկ ասաց, որ հարցաքննության ժամանակ ինքն ասել է, թե  երկու միլիոն տվել է Սամվել Մայրապետյանին եւ ուրիշի անուն չի տվել. «Պատմել եմ՝ ինչի եմ փոխանցել, պատմել եմ, որ Մայրապետյան Սամվելին փոխանցել եմ, որ ինքն էլ փոխանցի վերադասին, որ ինձ չխանգարեն։ Բայց ես անձամբ ոչ մեկի անուն չեմ տվել, բացի Մայրապետյան Սամվելից։ Նա էլ է ընդունում, որ փոխանցել եմ, բայց չի հիշում՝ ինչի համար»։ Թե ինչպես կլուծվի այս թնջուկը, հայտնի չէ: Եթե տիկինը չի տվել Ռոբերտ Քոչարյանի անունը, նշանակո՞ւմ է, որ իրավապահներն են օգտագործում կնոջ անունը՝ Քոչարյանի դեմ նոր քրգործ հարուցելու համար: Իսկ ինչո՞ւ հենց Սիլվա Համբարձումյանի անունը: 

Հետհեղափոխական կամ թավշյա Հայաստանում գործարար Սիլվա Համբարձումյանը դարձել է կինոյի կամ, ավելի ճիշտ՝ հեքիաթի աղջիկը, ով երկնքից մաքուր, ամպոտ ոտքերով, հրեշտակի թեւերով ընկած էր սատանաների ու հրեշների մեջ, հիմա եկել է մեկ այլ՝ հրեշտակի թեւերով փրկիչը ու օգնում է նրան հաղթել այս հրեշներին… 

 Առեղծվածային այս կինը, պարզվում է՝ ամբողջ գիտակից կյանքում աջ ու ձախ շռայլորեն կաշառք է տվել տարբեր ժամանակների տարբեր պաշտոնյաների: Ու դրանք եղել են աստղաբաշխական գումարներ: Կնոջ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ «ուրացողները» վերցրել են կաշառքն ու «քաշել» իրեն: Եվ շատ դեպքերում ինքը միայն տարիներ անց որոշել է վերականգնել արդարությունը եւ դատաստանի ենթարկել կաշառակերներին, որոնց ցանկում են շատ ազդեցիկ նախկին պաշտոնյաներ՝ Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Սամվել Մայրապետյան, Ռոբերտ Քոչարյան, արտասահմանցի եւ տեղացի գործարարներ, ընկերություններ: Սակայն օրենսդրությունը պատիժ է սահմանում ոչ միայն կաշառք վերցնողների, այլեւ կաշառք տվողների նկատմամբ, բայց կաշառք տալուց առաջ կամ գոնե ինչ-որ կարճ ժամանակ անց: Մինչդեռ Համբարձումյանը կաշառք տալուց միայն տասնամյակ անց է հիշում այդ մասին: Նրա նկատմամբ, որպես «պրոֆեսիոնալ» կաշառատուի, երբեւէ քրեական գործ չի հարուցվել: Հայտնի չէ, թե այդ կեղտոտ գործարքներից որում է ինքը շահել, շահույթ ստացել, որում՝ ոչ: Հայտնի չէ նաեւ, թե որտեղից հայաստանյան այդ «ազնվագույն» գործարարին այդքան գումար՝ աջ ու ձախ կաշառելու համար: 

Մամուլը ժամանակին գրել է Սիլվա Համբարձումյանի օրինազանցությունների մասին, բայց նա միշտ ջրից չոր է դուրս եկել: Միգուցե այստեղ է՞լ է գործել նորին գերազանցություն կաշառքը: Մի քանի մեջբերում անենք մամուլի հրապարակումներից, որոնք վկայում են Համբարձումյանի օրինազանցությունների մասին. 

2011-ին «Էկոլուրը» գրել էր․ «Սիլվա Համբարձումյանը 2008թ. մոտ 13500 հա հող է վարձակալել՝ մարզի 12 համայնքում (Սրաշեն, Լեռնաձոր, Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ճակատեն, Տաշտուն, Լիճք, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Լեռնաշեն), ինչպեսեւ պետական պահուստային ֆոնդի (այն ժամանակ՝ մարզպետարանին ենթակա) հողերում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով: Սահմանամերձ այդ համայնքները, լինելով ֆինանսական կարիքի մեջ, համաձայնել են հողը մատչելի գնով` 1 հա-ն 4-4.5 հազար դրամով, վարձակալության տալ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Գ. Արշակյան», «Լուլիար», «Հանքաբուրգ», ինչպեսեւ «Թի Էյ Սի Սի Արմենիա» ՍՊ ընկերություններին: Սերվիտուտի պայմանագրի համաձայն, Սիլվա Համբարձումյանի ընկերությունները նշված համայնքներին պետք է տարեկան վճարեին 47 մլն 746 հազար դրամ վարձավճար: Որոշ ժամանակ անց «Գ. Արշակյան» ՍՊԸ-ն այլեւս չի վճարել համայնքներին հասանելիք վարձավճարը: Եվ 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքի գումարը (ներառյալ տույժեր եւ տուգանքներ) կազմել է 85 մլն 354 հազար դրամ: ՍՊ ընկերությունը տարբեր պատճառներով հրաժարվել է վճարել այդ պարտքերը: Եվ մի քանի համայնք` Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Սրաշեն, ապառքների բռնագանձման հարցով 2010-ի նոյեմբերին դիմել են դատարան: Ըստ դատարանի վճիռների` «Գ. Արշակյան» ՍՊԸ-ն նշված համայնքներին պետք է վճարի մոտ 28 մլն դրամ:…«Գ. Արշակյան» ՍՊԸ-ն այդքանից հետո անգամ չի վճարել հողի վարձակալության վճարը (բացի Սրաշենի մասով): Ալվանք եւ Նռնաձոր համայնքներն այդ ամենից հետո ստիպված են եղել դատարանի վճիռների կատարումն ապահովելու համար դիմել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին, ում որոշմամբ էլ սկսվել է կատարողական վարույթ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի նկատմամբ: Դրանից հետո նույնիսկ նշված համայնքների օգտին գումար չի մուտքագրվել»: 

2018 թ․ նոյեմբերին «Հետք»-ում փաստաբան Լ․ Հովհաննիսյանը գրել էր.

«http://www.datalex.am կայքը հեղեղված է Ս. Համբարձումյանի եւ նրա ընկերությունների դեմ առայսօր քննվող տարաբնույթ գործերով․ մի դեպքում՝ բանկի հարյուր հազարավոր դոլարները, մյուս դեպքում միլիոնավոր դոլարներ չի վճարել, մեկ այլ գործով տասնյակ միլիոնավոր դրամ կազմող վարձավճար չի վճարել, մյուս դեպքում աշխատավարձը չի վճարել, անգամ 660 030 դրամ գազի պարտքը եւ ոստիկանության պահպանության 300 000 դրամը չի վճարել, առկա են նաեւ սնանկության վարույթներ, մի խոսքով՝ Ս. Համբարձումյանի անձի շուրջ քաոսային վիճակ է տիրում, եւ միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ Ս. Համբարձումյանի դատական հարցերը լուծելու համար: Ինչ վերաբերում է Ս. Համբարձումյանի հայաստանյան «բիզնեսի» նախապատմությանը, ապա սկիզբը 1990-ականներին «Նաիրիտ» գործարանից 1500 տոննա մետաղի, հաստոցների արտահանման (ըստ Ս. Համբարձումյանի՝ առանց կաշառքի արտահանում իրականացնելն անհնար էր) կոռուպցիոն եւ սկանդալային պատմություններն են: Իսկ այդ մետաղներն իրականում արտահանվում էին Պակիստան, որտեղից զենք էր մատակարարվում Ադրբեջանին: Ս. Համբարձումյանն առնչություն ունի ՀՔԾ-ում քննվող նաեւ «Մարտի 1»-ի գործով գործարքների հետ, «Հրապարակի փուչիկների» գործով եւ այլն»: 

 Հայաստանում պատահական որեւէ մեկը չի հարստանում: Հետաքրքիր է այս առեղծվածային կնոջ առեղծվածային հարստության ծագումնաբանությունը: Նրա մասին անընդհատ լսում ենք ինչ-որ պարտք ու պահանջների, սկանդալների ու քաշքշուկների մասին խրթին պատմություններ: 
Այն ժամանակ, երբ նրա եւ Լիսկայի միջեւ տեղի ունեցավ հայտնի միջադեպը, եւ ստուգվում էին նրա ձեռնարկությունները, նա ասուլիսներից մեկի ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ հանդիպել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հետ եւ. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց՝ եթե չթողնեն, ես՝ ինքս, լրագրողներին կասեմ»: Դրան հաջորդել էր Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հայտարարությունը. Մադլեն Թաշչյանը հայտարարել էր, որ ինքը նույնիսկ դեմքով չի ճանաչում եւ անգամ հեռախոսով չի խոսել Սիլվա Համբարձումյանի հետ, հետեւաբար, նրա արած հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: 
Առայսօր անհայտ է, թե Սիլվա Համբարձումյանի կողմից հնչած այդ հայտարարությամբ համապատասխան մարմինները զբաղվե՞լ են, թե՞ ոչ: Այնպիսի տպավորություն է, որ Սիլվա Համբարձումյանը շանտաժով է իր խնդիրները լուծում ու մնում անպատիժ:

Գործարար տիկինը նաեւ աշխարհիկ տարբեր մեղքերի մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի մեղքերին մի մեղք ավելացրեց՝ հայտարարելով, թե նա երեխաների է բռնաբարել։ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում նա ասել էր. «Մանվել Գրիգորյանը էս քսան տարի է՝ ասում է՝ հիվանդ եմ, եթե հիվանդ է, վաղուց սատկած կլիներ, ինքը պետք է սատկի բերդում։ Էդքան երեխեքի տուն է քանդել։ Էն երեխեքը, որոնց բռնաբարել է, էն երեխու հերը, որ հետեւից էր գնացել, ի՞նչ են անում հորը․․․ խուլիգանը։ Դրա համար ինքը պետք է սատկի, բերդում իրեն պետք է տենց անեին, որ չմոռանար էդ երեխեքի աչքերը։ Երեխեք կան՝ հոգեկան հիվանդներ են դարձել, գիտե՞ք դրա մասին»։ Նա խոսում է ականատեսի նման, համոզիչ, որ ակամա հարցեր են առաջանում. «Տիկի՛ն, բա երբ Մանվելը բռնաբարում էր երեխաներին, ու Դուք, որ տեսնում էիք այդ երեխաների աչքերը, ի՞նչ էիք անում՝ բռնե՞լ էիք Մանվելի ձեռքերը, թե՞ բռնել էիք երեխաների ձեռքերը, որ օգնեք Մանվելին: Իսկ հետո ի՞նչ արեցիք՝ դիմեցի՞ք իրավապահներին՝ Մանվելին պատասխանատվության ենթարկելու համար: Թե՞ սպասեցիք «եզն ընկնի», որ միանաք դանակավորների բանակին»: Ու թվում էր, թե այս աղմկոտ հայտարարությանը կհաջորդեին իրավական գործընթացներ: Մինչդեռ իրավապահները լռեցին, սպասեցին, մինչեւ Մանվել Գրիգորյանը դատի տա տիկնոջը՝ զրպարտության համար: Հիմա էլ տիկինն ասում է, թե այդ բռնաբարությունների մասին իմացել է մամուլից: Հետաքրքիր է՝ ո՞ր մամուլից, որ մենք չենք իմացել:   

Անցած տարվա ձմռանը իր հարցազրույցներից մեկում Սիլվա Համբարձումյանը խոսել էր մեծ ներդրումների մասին, որոնք  իրականություն կդառնան իր ու իր արտերկրյա կապերի շնորհիվ, եւ այդ ներդրումները կլինեն տարբեր արտադրական ձեռնարկությունների ստեղծման ձեւով: Գործարար տիկինը թավշյա իշխանությանը, հավանաբար, ուզում է թավշյա ձեւով կաշառել՝ ներդրումների խոստումներով եւ նրա թիրախների դեմ ցուցմունքներ տալով: