Թերթի կրպակներում վարկեր և ձևակերպում

Թերթի կրպակներում վարկեր և ձևակերպում

Արմավիրում մի կրպակից փորձեցի թերթ գնել: «Փակ ենք»,- ներսից ասաց աշխատակցուհին: «Ինչու» հարցին պատասխանեց. ««Մոգո» ենք սպասարկում»: Անկեղծ ասած՝ լավ չհասկացա: Կրպակի մոտ հավաքված տղամարդկանցից մեկը պարզաբանեց. «Հենց սկսում են վարկ տալու թղթաբանությունը, ներսից փակվում են, չեն աշխատում, ո՛չ թերթ են ծախում, ո՛չ սիգարետ, ո՛չ էլ լիցքավորում են անում»:

Քաղաքի այլ հատվածում գտնվող մյուս կրպակը, բարեբախտաբար, բաց էր: Աշխատակցուհին դժգոհեց, որ «Մոգոն» «կապել են իրենց վզին»: Պատմեց՝ հունվարին, մի օրով, կրպակավաճառներին կանչել են Երեւան, մի քանի ժամ դասընթացի պես ինչ-որ բան արել ու ասել, որ այսուհետ կենտրոնանալու են միայն «Մոգոյի» վրա։ «Մնացած բաները՝ «Մոգոյից» հետո»,- տեղեկացրեց կինը:

Փոքրիկ կրպակում, որտեղ մեկ հոգին էլ է դժվար տեղաշարժվում, վարկատու կազմակերպությունը համակարգիչ ու տպիչ սարք է տեղադրել, որով կրպակավաճառները թղթաբանություն են անում: «Մե՜նք ուր, վարկ ձեւակերպե՜լն ուր… դժվարանում ենք, շփոթվում: Չեմ հասկանում, ինչի՞ առանձին գրասենյակներ չեն վարձում, աշխատողներ չեն պահում, որ բերել-կապել են մեր գլխին: Հա՛մ ուզում են եկամուտ ունենան, հա՛մ չե՞ն ուզում ծախս անեն»,- ասաց կրպակավաճառը՝ խնդրելով չհրապարակել անունը: «Եթե անունս ասեմ, գործից կհանեն»: Էջմիածնից մի կրպակավաճառ դժգոհեց․ «Ասացին՝ չես ուզում, ազատվի աշխատանքից»:

Թղթաբանության ողջ ընթացքում, որը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ մեկ ժամ՝ պայմանավորված կրպակավաճառների ոչ հմուտ աշխատանքով, վարկառուն սպասում է դրսում: «Պատուհանը բացում ենք երկու անգամ. երբ իր հեռախոսին «նստած» կոդն է մեզ փոխանցում եւ երբ պայմանագիրն է ստորագրում: Մնացած ընթացքում պատուհանը չենք բացում՝ անկախ նրանից՝ թե՞րթ են ուզում գնել, ծխախո՞տ, թե՞ այլ բան»: 

Ձեւակերպումներից հետո կրպակավաճառը փաստաթղթերն ուղարկում է «Մոգոյի» ղեկավարությանը: Եթե հաստատվում է, վարկառուն գումարը ստանում է Արդշինբանկից: Լինում են դեպքեր, երբ երկար-բարակ թղթաբանությունից հետո քաղաքացին մերժվում է: Այս դեպքում կրպակավաճառն էլ չի վարձատրվում:

Աշխատակցուհու փոխանցմամբ՝ շուտով նոր ու մեծ համակարգիչներ են տեղադրելու կրպակներում: «Թե որտեղ ենք դնելու, ոնց ենք ներսում շարժվելու, հայտնի չէ: Եթե կրպակը նախատեսված է թերթ վաճառելու համար, ապա ի՞նչ գործ ունի այդտեղ վարկատու կազմակերպությունը»: 

«Հրապարակի» զրուցակիցը մտահոգված է՝ ընթերցող են կորցնում: «Սենց որ գնա, ընթերցող չենք ունենա: Մշտական ընթերցողներ ունենք, որ արդեն սկսել են մեկումեջ գալ: Զայրանում են, որ գալիս-հասնում են կրպակ ու փակ են տեսնում»: