Հայաստանի տնտեսության Godfather-ը ճիշտ չվարվեց. խոստովանության խորհուրդը ոտնահարեց

Հայաստանի տնտեսության Godfather-ը ճիշտ չվարվեց. խոստովանության խորհուրդը ոտնահարեց

Ինչ ուզում եք ասեք, բայց լրագրողներին պետք է «դաստիարակել», գուցե, մեկ-մեկ «պատժել», քանի որ նրանք երբեմն անցնում են Աստծո սահմանած կարմիր գծերը:
Հունիսի 24-ի՝ ՀՀ կառավարության նիստից հետո, ինչ-որ լրատվամիջոցի լրագրող, ոմն Վահե Մակարյանի «սադրիչ» ու «նենգ» հարցին ի պատասխան, ՀՀ տնտեսության կնքահայր Քերոբյանը ստիպված եղավ ոտնահարել խոստովանության խորհուրդը և ասաց. «Բիզնեսմենների 90 տոկոսն ինձ խոստովանում էին, որ եթե իշխանափոխություն լինի, կարտագաղթեն»:

Խոստովանություն… Տեսնենք, թե hy.wikipedia-ն ինչ է «խոստովանել»: Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում (հուդայականությունում, քրիստոնեությունում, իսլամում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։ Խոստովանութ-յամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքա-կան աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։

Ընթերցե՞լ է, արդյոք, ՀՀ տնտեսության կնքահայրը, նույն ինքը՝ խոստովանահայր Քերոբյանը ընթերցել է Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը՝ բիզնեսմենների համար:

Հ.Գ. Թախանձագին խնդրանք խոստովանահորը. երբևիցե անհատապես չբացահայտեք «90 տոկոս բիզնեսմնեններին»: Ի վերջո, անհատական տեղեկատվությունը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ, համենայնդեպս՝ մինչև հունիսի 20-ը: Եթե խոսքը վերաբերում է բիզնեսմենների հավաքական, այլ ոչ անհա-տական խոստովանությանը, ապա գաղտնապահությունը պահելն ավելի դյուրին կլինի։ Թեեւ անչափ հետաքրքիր կլիներ գեթ մեկ բիզնեսմենի անունն իմանալ՝ այդ ով է, որ փաշինյանական երկրում հաջողակ բիզնես է անում եւ այնքան գոհ է իր կյանքից ու եկամտից, որ վախենում է իշխանափոխությունից։

 

Գագիկ Վարդանյան 
Հավատացած և Ապաշխարած