Իսկ Բավրայով Վրաստան տանող ճանապարհի վիճակի մասին մտածե՞լ եք

Իսկ Բավրայով Վրաստան տանող ճանապարհի վիճակի մասին մտածե՞լ եք

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով վարորդներին խորհուրդ է տալիս հերթերից խուսափելու համար դեպի Վրաստան սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի եւ Գոգավանի անցումային կետերով՝ «հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաեւ զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը»։

Իհարկե, ՊԵԿ-ի առաջարկը՝ զուտ իր գործառույթների տեսանկյունից, ընդունելի է։ Նրանք այլընտրանքային ճանապարհ են առաջարկում, որ վարորդները չբողոքեն հերթերի կուտակումից։ Բայց նման առաջարկ անելուց առաջ լավ կլիներ մեկ անգամ իրենք անցնեին այդ ճանապարհով, որ հասկանային՝ հնարավո՞ր է արդյոք Բագրատաշենի փոխարեն Բավրայով կամ Գոգավանով հատել հայ-վրացական սահմանը։ ՊԵԿ աշխատակիցներն ու, առհասարակ, ՀՀ իշխանությունները տեսե՞լ են, թե ինչ վիճակում է գտնվում Բավրայից Նինոծմինդա տանող ճանապարհը։ Տեղյա՞կ են, թե մեկ անգամ այդ ճանապարհով անցնելուց հետո որքան ծախս է առաջանում մեքենայի վրա, հատկապես եթե խոսքը ծանր բեռնատարների ու ավտոբուսների մասին է, որոնք ուղղակի շարքից դուրս են գալիս այդ ճանապարհով անցնելուց հետո։ 

Արդեն քանի տարի է՝ սարսափելի վիճակում է Բավրա-Նինոծմինդա ճանապարհը։ Եվ ասում են՝ պատճառը քաղաքական է։ Մեր բարեկամ վրացիները, որոշ տեղեկություններով, ուղղակի դիտմամբ չեն սարքում Ջավախքը Հայաստանին կապող այս ճանապարհը, որ հնարավորինս դժվար լինի հայաբնակ Ջավախքի կապը Հայաստանի հետ։ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունները պարբերաբար հանդիպում են միմյանց հետ, սահմանին գինի են խմում մեր երկու երկրների վարչապետերը, կենացներ ասում հայ-վրացական դարավոր բարեկամության մասին, բայց ճանապարհի հարցը ո՛չ հայկական կողմն է բարձրացնում, ո՛չ էլ վրացիներն են դրա մասին հոգ տանում։ 

Ավելին՝ սրան գումարվում է ՀՀ մի շարք քաղաքացիների՝ Վրաստանում persona non grata ճանաչելու փաստը։ Օրերս, օրինակ, պատմաբան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի մուտքը Թուրքիայից Վրաստան արգելվել էր, եւ վրաց սահմանապահները մեծ դժվարությամբ թույլատրել էին նրան տրանզիտով մեկնել՝ առանց Ջավախքում հանգրվանելու։ Օրերս էլ վրաց ոստիկանների կողմից հայերին էին բռնության ենթարկել։ Սրանք հայ-վրացական «դարավոր բարեկամության» վառ դրսեւորումներ են։ Այս ամենի պատասխանատուն ու մեղավորն առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են՝ նախկին, թե ներկա, քանզի վերը թվարկված խնդիրները կային նախորդ իշխանությունների օրոք, շարունակվում են նաեւ այսօր։ Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները հայ-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հարցում վարել ու շարունակում են վարել ջայլամային քաղաքականություն։ Երկու երկրների միջեւ խնդիրների լուծումը սկսվում եւ ավարտվում է խինկալի ուտելով։ Հակառակ պարագայում Բավրա-Նինոծմինդա խայտառակ վատ ճանապարհի հարցը Նիկոլ Փաշինյանի համար պետք է դառնար առաջնային խնդիրներից մեկը՝ գոնե Ջավախք այցելության ժամանակ, ինչը, ի դեպ, պատմական քայլ էր նրա կողմից։ Բայց, ցավոք, այդ այցելության հիմնական ձեռքբերումն էլ ջավախեցիներից նվեր ստացած շունը մնաց։ 

Նկատենք, որ բարվոք վիճակում չէ նաեւ ՊԵԿ-ի առաջարկած Գոգավանով անցնող ճանապարհը, եւ այստեղ էլ Հայաստանի իշխանությունների ուղղակի մեղքի բաժինը կա։ Այս լուսանկարը արվել է բոլորովին վերջերս՝ Նինոծմինդայից Բավրա տանող ճանապարհին։