Հայ-ռուսական հարաբերություններում նոր շեշտադրումների անհրաժեշտությունն ակնհայտ է

Հայ-ռուսական հարաբերություններում նոր շեշտադրումների անհրաժեշտությունն ակնհայտ է

Հայ-ռուսական հարաբերությունները ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմի համար այսօր այնպիսի առանձնահատուկ կարեւորություն են ստացել, որ կողմերից յուրաքանչյուրի ամեն մի չհաշվարկված նախաձեռնություն կարող է ճակատագրական լինել երկու կողմերի համար էլ:
Ամեն մի այդպիսի չհաշվարկված նախաձեռնություն եթե Հայաստանի համար կարող է «պետականության կորուստ» նշանակել, ապա այն ռուսական կողմի համար կարող է «գերտերության կարգավիճակի» արժեք ունենալ: Ինչը, անշուշտ, ռուսական հազարամյա պետականության համար մոտավորապես այն է, ինչը որ հայկական կողմի համար «պետականության կորուստ է»: 

Վերը նշված հանգամանքը, ինչպես նաեւ օր-օրի ավելի ու ավելի փոխկապակցված դարձող աշխարհի կարգն ու օրենքները երկու կողմերին էլ պարտավորեցնում են, որպեսզի նրանք այդ հարաբերությունները դիտարկեն եւ գնահատեն այսօրվա աշխարհում առկա մարտահրավերների եւ դրա ընձեռած հնարավորությունների լույսի ներքո:

Այս առումով, եթե այդ հնարավորությունները Հայաստանի համար ավելի պարզորոշ եւ շեշտադրված են դարձել, բոլոր դեպքերում ռուսական ազդեցության գոտում գտնվելու անհրաժեշտությունը, ապա ռուսական կողմի համար դրանք պետք է դրսեւորվեն Հայաստանի նկատմամբ այնպիսի գործելաոճի որդեգրմամբ, որում ամբողջությամբ ամրագրված լինի այն իրողության գիտակցումը, որ «եթե անգամ դա արցախյան հիմնահարցը լինի», միեւնույն է՝ Հայաստանն այլեւս չի կարող թույլ տալ, որ իրեն ռազմաքաղաքական մեկհարցանոց օրակարգ պարտադրվի:

Այս իմաստով, քանի որ ապրիլյան պատերազմը հայ ժողովրդին սովորեցրեց, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության միակ երաշխավորը միայն զարգացած տնտեսություն եւ մարտունակ բանակ ունեցող Հայաստանը կարող է լինել, ուրեմն հասկանալի պիտի լինի նաեւ, որ քառօրյա պատերազմի դասերը սերտած Հայաստանի համար, այժմ արդեն արցախյան ճակատում ընթացող զարգացումներին զուգընթաց, որպես ռազմաքաղաքական օրակարգային առաջնահերթություն է դիտարկվելու նաեւ Հայաստանի եւ Արցախի տնտեսական եւ ռազմաքաղաքական կարելությունների բազմապատկումը:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրենք նաեւ, որ Հայաստանի համար հենց այս հանգամանքով էլ է նաեւ պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկությունը, եթե, իհարկե, Ռուսաստանում օր առաջ կարողանան ընդունել, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի են, քան երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները: Իսկ դա նշանակում է, որ դրանք չեն կարող գնահատվել ո՛չ ներդրումներով եւ ո՛չ էլ թիվ մեկ առեւտրային գործընկերը լինելու հանգամանքով:

Այս առումով, Հայաստանը ռուսական ռազմաքաղաքական օրակարգում պետք է ունենա մոտավորապես այն դերն ու նշանակությունը, ինչը որ Իսրայելն ունի ԱՄՆ-ի համար: Իսկ ինչ-ինչ, բայց բոլորս գիտենք, որ ԱՄՆ-ում Իսրայելի դերն ու նշանակությունը գնահատում են ոչ թե իրենց կողմից այդ երկրում արված ներդրումներով կամ թիվ մեկ առեւտրային գործընկերը լինելու հանգամանքով, այլ այդ գերտերության ռազմաքաղաքական օրակարգի սպասարկման գործում նրա ունեցած դերակատարությամբ:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ