Իմ խորհուրդը կլինի մարդկանց՝ խնայողաբար ծախսել միջոցները

Իմ խորհուրդը կլինի մարդկանց՝ խնայողաբար ծախսել միջոցները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես՝ վեց ամսով արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։

Նախագծում նշված է նաեւ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու սույն թվականի դեկտեմբերի 31-ից։ Այսինքն՝ եկող տարվա հունվարի մեկից Հայաստանը զրկվելու է 200 մլն եւ ավելի դոլարի չափով ապրանքների ներմուծումից՝ համապատասխանաբար զրկվելով նաեւ դրա առաջացրած մուլտիպլիկատիվ էֆեկտներից։ Միաժամանակ նաեւ Թուրքիան կզրկվի այդքան գումար իր տնտեսություն մտցնելուց՝ շնորհիվ Հայաստանի։ Տնտեսական սանկցիայի կիրառման հիմնավորումը, ըստ նախարարության, անվտանգային նշանակություն ունի՝ Հայաստանը, բնականաբար, չի ցանկանում սնել մեր թշնամի պետությանն աջակցող հարեւանի տնտեսությունը։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ ընդամենը 6 ամսով։
Որքանո՞վ է սա արդարացված որոշում եւ ի՞նչ տնտեսական հետեւանքներ կունենա։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանից։

«Սա քաղաքական լուծում է, որը բնական է պատերազմի ժամանակ։ Սա բնական քաղաքական ռեակցիա է։ Բավական է նշել, որ այդ ապրանքները բերող վարորդների մեջ թուրք լրտեսներ կարող են լինել։ Այսքան բան»,- ասաց պարոն Բագրատյանը։

- Այդ որոշումը մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

- Դա առանձին պետք է հաշվվի։ Ես գիտեմ, որ արտաքին առեւտրի բալանսով մենք Թուրքիայից ներմուծում ենք 100-200 մլն դոլարի ապրանք (2019-ի տվյալներով՝ 268 մլն)։ Բայց սա բնական է, այդ երկիրը պատերազմ է հրահրել մեր դեմ, մենք պիտի ռեակցիա տանք։

- Չքննարկելով այսօր այս որոշման նպատակահարմարությունը՝ ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ր լինի, եթե մենք ավելի շուտ հրաժարվեինք թուրքական ապրանքների ներմուծումից եւ վերանայեինք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։

- Ժամանակին խոսվել է այդ մասին, թե ինչու, ասենք, Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին տարիներին այդպես արագ աճում էին, իսկ Իրանի հետ՝ նվազում։ Խոսվել է այդ մասին, հոդվածներ եղել են։ Բայց հիմա արդեն ժամանակ չկա։

- Դուք որոշակի հաշվարկներ ունե՞ք, թե պատերազմը մեր տնտեսությանը որքան վնաս կհասցնի։

- Չեմ կարող ասել հիմա։ Դա շատ լուրջ հետազոտության արդյունք է, մենք հիմա հաշվարկներ անում ենք, թե պատերազմն ինչ կնստի տնտեսության վրա, ինչքան վնաս է տալիս Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին։ Մենք առաջիկայում այդ թվերը կհրապարակենք։

- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կոչ է անում հանրությանը, որ այս ծանր օրերին եւս մարդիկ գնան առեւտուր անեն, օգտվեն ռեստորաններից, որ տնտեսությունը չկանգնի։ Դուք այս կոչին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Ես չեմ ուզում անդրադառնալ նրա հայտարարություններին, մանավանդ վերջերս նաեւ պետական արժեթղթերի վերաբերյալ էր կարծիք հայտնել, ես հիմա չեմ ուզում հակադրվել կամ չհակադրվել։ Իմ խորհուրդը կլինի մարդկանց՝ խնայողաբար ծախսել միջոցները, այն նախատեսել միայն պատերազմի եւ պարենի համար։ Ես պիտի խորհուրդ տայի նաեւ պետությանը կամ նույն էկոնոմիկայի նախարարությանը, որ հիմա շարունակում են նորից գումարներ տալ՝ բիզնեսն ակտիվացնելու համար եւ այլն․․․ որովհետեւ պատերազմի մասշտաբները մեզ ծանոթ չեն։ Իմ խորհուրդը սա է։

- Բայց ինչպես կորոնավիրուսի ժամանակ ռեստորանային եւ սպասարկման մյուս ոլորտները տուժեցին, կաթվածահար եղան, այնպես էլ հիմա է դա տեղի ունենում, ինչը տնտեսության համար լուրջ ռիսկեր է առաջացնում։

- Ես կրկնում եմ՝ միջոցները պետք է ուղղել պարենին եւ պատերազմին։ Կորոնայի թվերն էլ Հայաստանում, ինչպես հասկացա, մեծ են, բայց հիմա ես կորոնայից չեմ ուզում խոսել, որովհետեւ, դժբախտաբար, այս պայմաններում կորոնան, բացի այն, որ երկրորդ ալիք է աշխարհում, մեզ մոտ այն կդրսեւորվի ավելի ընդգծված ձեւով՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով։