Հայաստանը չպետք է մասնակցի «ներռուսական բազարներին»

Հայաստանը չպետք է մասնակցի «ներռուսական բազարներին»

Երեւանում նախօրեին տեղի ունեցած հակառուսական բողոքի ցույցը ցրվեց, մասնակիցները, որոնց մեջ կային նաեւ ռուս ընդդիմադիրներ, եւ որոնց մասին արդեն գրել էինք, բերման ենթարկվեցին։ Հիշեցնենք, որ ցույցը նախաձեռնել էին «Սասնա ծռերը» կամ Ազգային ժողովրդավարական բեւեռը, սակայն Երեւանի քաղաքապետարան հայտը ներկայացվել էր ռուս քաղաքացու կողմից։ Քաղաքապետարանը հաստատել էր ակցիայի տեղը, ժամը, երթի ուղին՝ մինչեւ Ռուսաստանի դեսպանատուն։ Սակայն ակցիան սկսվելուց րոպեներ անց ոստիկանները բերման էին ենթարկել մասնակիցներին՝ անպարկեշտ վանկարկումներ անելու պատրվակով։ Ու քանի որ թեման կարծես թե դեռ ակտուալ է, փորձենք մի քանի դիտարկումներ կատարել այդ առնչությամբ։

Նախ նկատենք, որ այդ եւ նմանատիպ ցույցերը, որոնք մինչեւ հիմա տեղի են ունեցել, որքան էլ որ խաղաղասիրական «փաթեթավորմամբ» են ներկայացվում, իրականում զուտ ներռուսական քաղաքական օրակարգ ունեն, ավելի կոնկրետ՝ ռուսական գործող իշխանությունների եւ նրանց հակադրվող ընդդիմության միջեւ հակասությունների դրսեւորումներից են, այլ ոչ թե հայաստանյան հասարակության վերաբերմունքը Ռուսաստան պետության ու նրա վարած քաղաքականության նկատմամբ։

Վերեւում նշվածը նշանակում է, որ երեկ տեղի էր ունենալու կամ տեղի ունեցավ, բայց կեսից «հարամվեց» ոչ թե հակապատերազմական խաղաղասիրական ցույց, այլ ընդդեմ Ռուսաստանի գործող վարչակազմի բողոքի ակցիա, հատկապես որ քաջ հայտնի են ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ իրականացնողները, ե՛ւ հովանավորողներն ու ֆինանսավորողները։

Եվ այն, որ Հայաստանում նման ցույցի փորձ է արվում, շատ վատ է, որովհետեւ, ըստ էության, փորձ է արվում այդպիսով Հայաստանը ներքաշել ռուսական ներքաղաքական, նույնիսկ՝ միջկլանային պայքարի ու «գզվռտոցի» մեջ։ 

Իսկ դա Հայաստանին բացարձակ պետք չէ, որովհետեւ Հայաստանը, Հայաստանի հանրությունը հիմա բացարձակապես այլ առաջնահերթություններ ունեն, քան ներքաշվելը նման «բազարների» մեջ։

Հայաստանի համար հիմա կենսական կարեւորություն ունեն ոտքի կանգնելը, մեջքն ուղղելը, երկու ոտքի վրա քիչ թե շատ ամուր ու հաստատուն կանգնելը, պատերազմի վերքերն ամոքելը, Ադրբեջանում դեռ մնացած գերիներին վերադարձնելը, ժողովրդի խնդիրները լուծելը… ու այսպես կարելի է անվերջ շարունակել այն հազարավոր խնդիրները, որոնք առկա են այսօր հայաստանյան իրականության մեջ եւ ծառացած են իշխանությունների առջեւ։

Հայաստանում պետք է հիշեն, որ առնվազն արկածախնդրություն կլինի նման պատմությունների մեջ խորանալը կամ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝  «ձեռքով մեխի գլխին չեն խփում, դրանից միայն ձեռքն է վնասվում ու արյունոտվում»։ 

Իհարկե, դա նաեւ չի նշանակում ստորաքարշ կեցվածք որդեգրել եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան ստորացուցիչ նոտան կուլ տալ՝ համապատասխան արձագանք չապահովելով։ Այն դեպքում, որ դիվանագիտական էթիկետի մեջ երբեւէ լսված չէ, որ որեւէ երկրի դեսպանատուն տվյալ երկրի ԱԳՆ-ին նոտա հղի՝ իր կողմից։ Այն առնվազն կարող էր լինել ՌԴ ԱԳՆ-ի նոտան՝ ուղղված ՀՀ ԱԳՆ-ին։