«Անուղղելի վատատես» Աջապահյանն ախտորոշում է հայի «հիվանդությունը» 

«Անուղղելի վատատես» Աջապահյանն ախտորոշում է հայի «հիվանդությունը» 

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանգստյան օրերին մի քննարկման է մասնակցել, որը ԳԱԼԱ TV-ն հեռարձակել է, եւ լայն լսարան է այն դիտել։ Սրբազանը բավական հետաքրքիր հայտարարություններ է արել, իր իսկ բառերով ասած՝ «տալով հայերի ախտորոշումը»։ Բարձրաստիճան հոգեւորականը, ով մշտապես աչքի է ընկել իր քննադատական, համընդհանուր տեսակետներից տարբերվող կարծիքներով, իսկ վերջին տարիներին գործող իշխանություններին ամենասուր քննադատողներից է, որի համար էլ հաճախ թիրախավորվում է սոցցանցային հարթակներում, ըստ էության, ներկայացրել է հայ ժողովրդի համար ինքնաքննադատության, ինքնաքննության «մաստեր կլաս»՝ ներկայացնելով, ըստ իր պատկերացրածի, այն բոլոր թերությունները, որոնք առկա են այսօր հայաստանյան մեր հանրության կյանքում՝ լինի քաղաքական իրականության մեջ կամ հասարակական կյանքում։ Ըստ այդմ, արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով, կարեւոր է, որ հայերը 
• Ազատվեն ազգային սնապարծությունից։
• Չգերագնահատեն իրենց։ 
• Չթերագնահատեն թուրքին կամ հավաքական առումով՝ հակառակորդին, թշնամուն։
• Ունենան իրատեսական պատկերացում օբյեկտիվ իրականության ու սուբյեկտիվ հանգամանքների հանդեպ։
• Գնահատեն անկախ պետականություն ունենալը որպես բացառիկ արժեք եւ չմսխեն այն, ինչպես արվել է երեսուն տարի։
• Ընդհանուրի, ազգի, պետության շահը վեր դասեն սեփական, խմբային, ընտանիքի կամ նեղ անձնական այլ շահից։
• Իրականության հետ առերեսվեն առանց ավելորդ էմոցիաների։ 
• Առհասարակ ազատվեն էմոցիոնալությունից, որը խանգարում է միայն եւ այլն։

Այս ցանկը կարելի է շարունակել, սակայն կարեւորն այս դեպքում, ըստ Շիրակի թեմի առաջնորդի, սեփական հավաքականության ախտորոշումը տալն ու բուժման գործընթաց սկսել կարողանալն է։ Միայն այդկերպ է հնարավոր, ըստ նրա, ունենալ պետություն եւ կարողանալ հարատեւել ժամանակի մեջ, այն էլ մեր անհանգիստ տարածաշրջանում, որում ապրում ենք։ Ուշագրավ է այս դեպքում հատկապես այն, որ քննադատությունն ուղղված է Հայաստանի բոլոր իշխանություններին, եւ Աջապահյանը կարծում է, որ իրականում մենք անկախությունը մսխել ենք ու պետության փոխարեն պետության իմիտացիա ենք ստեղծել, ու հիմա մեր ազգային սնապարծության, իրականությունից կտրվածության ու «Քիլդիմ» մուլտֆիլմերով իրականությունը գնահատելու դիմաց հատուցում ենք չարաչար։ Նիկոլ Փաշինյանի մասին էլ նշում է, որ ինչ-որ իմաստով նա, գալով իշխանության, ցույց տվեց «հայի իրական էությունը»։ Ավելի քան 25 րոպեանոց նրա խոսքում, իհարկե, շատերը կարող են գտնել վիճելի կետեր, սակայն եթե հաշվի առնենք, որ Աջապահյանն ինքն իրեն համարում է «անուղղելի վատատես», ապա արտահայտված մտքերը, իրենց ողջ վիճարկելիությամբ կամ վիճելիությամբ հանդերձ, տեղավորվում են «անուղղելի պեսիմիզմի» շրջանակների մեջ։