Ամեն ինչ զրոյական կետից սկսելու խելահեղություն

Ամեն ինչ զրոյական կետից սկսելու խելահեղություն

Անպայման նկատած պիտի լինեք, որ Հայաստանում քաղաքական պանդորայի արկղը պայթել է: Մամուլը, եթերը՝ տարաշերտ քաղաքագետներով հանդերձ, մեկնաբանությունների առատ հումք են ձեռք բերել՝ Անկախության հռչակագրի չեղարկում, նոր սահմանադրության ընդունում, զինանշանի, օրհներգի վերափոխում, անգամ Հայոց պատմության խնդրի լինել-չլինելու արծարծում: Եվ մեկ էլ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող կադաստրի թղթի բացակայության հիշատակում:

Այժմ՝ ըստ էության: Ամեն ինչ զրո կետից սկսելու համար նախ պետք է ամեն ինչ զրոյացնել: Մենք արդեն մեկ անգամ դառնորեն ճաշակել ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման միջազգային ատյաններում առկա օրակարգը (Մինսկի խումբ) զրոյացնելու ողբերգական հետեւանքները. պատերազմ, հազարավոր զոհեր, ավերածություններ, Արցախի կործանում:

Զրո կետից սկսելու խելահեղության նոր դրսեւորումը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը կասկածի տակ առնելու, այսպես կոչված, կադաստրի թղթի բացակայության մեջտեղ բերելն էր: Ապշելու չափ զարմանալ կարելի է, թե ինչու ՄԱԿ-ին անդամակցելիս չգտնվեց մեկը, որ Հայաստանից պահանջեր կադաստրի թուղթ: Նույնչափ ապշելու աստիճան զարմանալ կարելի է, թե ինչու Լիսաբոնում (1996թ.) չանտեսվեց ինքնիշխան Հայաստանի վետոյի իրավունքը: Զրոյացնել, զրոյացնել մինչեւ վերջ՝ Սահմանադրություն, օրհներգ, զինանշան, գուցե նաեւ եռագույնը, Հայոց պատմությունը, ինչ է թե ուրվագծեն Հայաստանի չորրորդ հանրապետություն կերտելու իրենց մղումը: Այս ազգակործան հեղեղի դեմն առնելու ամրակայուն պատնեշ պետք է դրվի: Եվ, փառք Աստծո, կա քաղաքական ուժ, որ այդ պատնեշի անկյունաքարը տեղադրելու գործընթաց է սկսել: Չենք նշի, թե ում մասին է խոսքը, ինքներդ էլ շատ լավ գիտեք, թե անցած 25 եւ ավելի տարիների ընթացքում ով ինչ է ասել եւ ինչ է արել, ով է կանխատեսել վտանգն ու այդ վտանգից խուսափելու ուղին մատնանշել: Ինչեւէ:

Անկյունաքարը դեռ ամբողջ պատնեշը չէ, հանրությունը չպետք է իր անտարբերությամբ խելահեղության դեմն առնող պատնեշն անավարտ թողնի, ինչպես ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է նշել՝ Սահմանադրության հիմնահատակ անելը չպետք է հասնի հանրաքվեի: Նոր սահմանադրության իբր անհրաժեշտությունը թերեւս ամենասթափեցնողն է: Նախադեպերն ունենք: 2010, 2015 թվականներին Հայաստանում սահմանադրական տեղական (լոկալ) «բարեփոխումներ» իրագործվեցին: 2010-ին ՀՀ երկրորդ նախագահը, ինչ-ինչ նկատառումներով համակված, 1995-ի ՀՀ Սահմանադրությունն իրենով արեց, իր «հագով վերակարեց» եւ իր անձեռնմխելիությունն ապահովեց: Նույնկերպ վարվեց ՀՀ երրորդ նախագահը: Նա Հայաստանի կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինեց խորհրդարանական համակարգով: Երկու անգամ անդամալուծված Սահմանադրությունը երրորդ անգամ անդամահատելու համար այլեւս տեղ չմնաց: Դրվել է նոր սահմանադրություն ստեղծելու կոշտ պահանջ: Հնազանդվե՞նք…

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ