Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության նիստը հետաձգվեց․ դատախազները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության նիստը հետաձգվեց․ դատախազները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նա նշեց, որ դատախազները ինքնաբացարկ են հայտնել նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քննիչը միացել է միջնորդությանը։ Պաշտպանական կողմն էլ առարկել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 14։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին:

Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: