Անհարմար է, որ Արթուր Դավթյանը դատախազի պաշտոնին նման առաջարկով է հրաժեշտ տալիս

Անհարմար է, որ Արթուր Դավթյանը դատախազի պաշտոնին նման առաջարկով է հրաժեշտ տալիս

Էս իշխանությունը խաթա է` անընդհատ փորձում է արտառոց քայլեր անել, հեղաշրջում անել այս ու այն ոլորտում: Ասենք` բուհերը փակել, տեղափոխել Աշտարակ, չորս ոլորտ միավորել մի կառույցի մեջ, մի դպրոցում երկու տնօրեն նշանակել: Բայց տարրական, պրիմիտիվ կառավարման շրջանակներում քայլեր ձեռնարկել չի կարողանում: 

Մի տարի առաջ փորձեցին ֆեյքնյուզի դեմ պայքարի միջոց գտնել, երբ ամբողջ աշխարհը դրա դեմ պայքարելու ձեւը չի գտնում, եւ որոշեցին վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատիժ սահմանել, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է դրանից: Իրենց թվում էր, թե իրենց տհաս ու տգետ տեղով ավելի խելացի են, քան եվրոպաներում նստած իրավաբաններն ու կառավարիչները, որոնք «չեն ֆայմում» զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատիժ սահմանել եւ վիրավորողների ու զրպարտողների հարցերը բիրիքով լուծել: Հոդվածներ մտցրին Քրեական օրենսգրքում, մի տարի լիքը դատախազ-քննիչ ու դատավոր դրանցով զբաղվեցին, լիքը մարդու դեմ գործ հարուցեցին` քաշքշեցին, տարան-բերեցին, լիքը ռեսուրս օգտագործեցին, բայց ոչ մի արդյունքի չհասան ֆեյքնյուզի, զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարում, ի վերջո` ստիպված հրաժարվեցին այդ հոդվածներից, նաեւ՝ նույն եվրոպացիների ճնշման ներքո, նորից վերադառնալով հին ձեւին, երբ զրպարտությունն ու վիրավորանքը քաղաքացիական հայցի կարգով են քննվում, եւ մարդը միայն նյութական փոխհատուցում է վճարում եւ հերքում տալիս, այլ ոչ թե դատվում:

Հիմա էլ հեռացող դատախազ Արթուր Դավթյանն է որոշել հեծանիվ հորինել եւ աշխարհի դեմ դուրս գալ․ երեկ նա մի հայտարարություն է տարածել, թե` առաջարկում եմ պետական դավաճանության համար մահապատիժը վերականգնել: Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին` առաջարկելով քննարկել այս հարցը եւ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախատեսել, որ մահապատժի կիրառումը հնարավոր դառնա Հայաստանում, ինչից մեր երկիրը հրաժարվել է 2000 թվին` Եվրախորհրդի անդամ դառնալու ժամանակ: 

Ճիշտ է` որ հիմա գնանք Վերնիսաժ ու սուվենիր ծախողների հետ խոսենք, մի 5 րոպեից խոսքը կգա-կհասնի դավաճաններին, որոնց պատճառով «պարտվեցինք պատերազմում», ու անպայման կավարտեն «դրանց կախելը քիչ ա, պետք ա փրթիկ-փրթիկ անել, միսը շներին տալ...» տեքստով։ Բայց մենք հույս ունեինք, որ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը բարձր է այդ մակարդակից: Նա ցանկացած հայտարարություն անելիս միայն պոպուլիզմով չի առաջնորդվի, կնայի էդ հարցի իրավական ու քաղաքական կողմին: Կհասկանա, որ մահապատժի վերականգնումը ոչ միայն հարց չի լուծի, այլեւ աշխարհը վաղուց լուծել է այդ հարցը եւ հրաժարվել դաժան պատիժներով հանցանքն արմատախիլ անելու մոլորությունից: Նաեւ կհասկանա, որ սա հետընթաց է ժողովրդավարությունից: Հետո կմտածի նաեւ այն մասին, որ մենք վատ, չկայացած քննչական ու դատական մարմիններ ունենք, եւ կարող են անմեղ մարդիկ էլ հայտնվել այս հոդվածի տիրույթում եւ պատժվել` հանրային տգիտության եւ քաղաքական իշխանության նենգության արդյունքում: 

Մի քիչ էլ կմտածի այն մասին, որ դավաճանության մասին շահարկումները եւ այդ հաղորդագրությունները քաղաքական նպատակներով են արվում` գործող իշխանություններին ջրից չոր դուրս բերելու եւ մեղքն ուրիշների վրա դնելու համար: Որ յուրաքանչյուր գործ մանրակրկիտ ու անաչառ քննության կարիք ունի` մինչեւ հաստատվելը, որ դա պետական դավաճանություն է, եւ այլն, եւ այլն` ո՞ր մեկն ասես:

Ի՞նչ է ստացվում` սկզբում այս իշխանությունն ու իր իրավապահները կեղծ օրակարգ են ձեւավորում եւ քաղաքական խնդիրներ լուծում, հետո այդ օրակարգի թելադրանքով օրենսդրական պոպուլիստական փոփոխություններ են առաջարկում` օգտվելով ժողովրդի անգրագիտությունից եւ վրեժի զգացումից:

Անհարմար է, որ այսքան տարի երկրի գլխավոր դատախազի աթոռին նստած անձը նման ձեւով է հրաժեշտ տալիս աթոռին` այս պոպոլիստական, կեղծ, վտանգավոր առաջարկով: