Սկզբում մեր քաղաքի լեգենդը` Ֆրունզը, դա չմարսինք, հիմա էլ էս երևույթները․ Գյումրիում նոր բիզնես է «ծաղկում»

Սկզբում մեր քաղաքի լեգենդը` Ֆրունզը, դա չմարսինք, հիմա էլ էս երևույթները․ Գյումրիում նոր բիզնես է «ծաղկում»
Լուսանկարը՝ Լիզա Գասպարյանի

Գյումրիում ժամանցային բիզնեսի նոր տեսակ է ծաղկում։ Զբոսաշրջիկներին գրավելու նպատակով  փողոցներում հանրաճանաչ արտիստների՝ Ֆրունզիկի, Ֆայտոն Ալեքի ու մյուսների կերպարներով մարդիկ են շրջում, իսկ վերջին շրջանում հանրահայտ կերպարներին փոխարինել են նաև աֆրոամերիկյան արտաքինով երիտասարդները կամ անճանաչելի ու անհասկանալի ֆիգուրները։ Բիզնեսի այս տեսակը ոչ միայն գրավիչ չէ պատմական քաղաքի համար, այլև անպատվաբեր է, կարծում են գյումրեցիները։ «Հուսանք մի գեղեցիկ օր Գյումրին կտեսնենք իր հմայքով՝ առանց կապիկությունների»։

«Սկզբում ազգային տարազով զույգերը, աչքերս սովորեց։Հետո մեր քաղաքի լեգենդը` Ֆրունզը, դա չմարսինք, հիմա էլ էս երևույթները, «Սա ռասիզմ է:Չեմ կարծում, որ որևէ սևամորթ զբոսաշրջիկի սա դուր գա», «Ոնց կարելի է էսքան փնթի աշխատել, էս քաղաքը նման կերպ չեն ստեղծել ու դարձրել այն, ինչ ունենք,էս չգիտես՝ ինչ տիկնիկները տարեք ձեր անձնական տարածք, որտեղ մենակ դուք եք, թող վայլենք մեր քաղաքը ու իրեն բնորոշ միջավայրը», «Գյումրու համ ու հոտին մի կպեք»։ Կարծիքներ են հայտնում գյումրեցիները։

«ՄարՄար» զբոսաշրջային ընկերության մարքեթինգի պատասխանատու Լիզա Գասպարյանը վստահ է, որ սա զբոսաշրջության խթան չէ, այլ ամենևին հակառակը․ «Էս ցիգանսկի վիճակը քաղաքական կառույցներից մեկի «զոնտիկով» է արվում։ Ինչի մասին խոսում ենք, բարձրաձայնում ենք, բացատրում, որ զիզի-բիզի է, տհաճ է, զբոսաշրջային քաղաք հավակնող քաղաքին ոչ հարիր` մեկ էլ ձյաձյաներ ու «հոպարներ» են սկսում խառնվել էս թեմաներին։

Էս քաղաքը ընդհանրապես տեր ունի՞, ընդհանրապես քայլո՞ւմ եք քաղաքով, հեչ ճանապարհորդու՞մ եք, ո՞ր քաղաքն է էսքան էժանացրել իր քաղաքային դիմագիծը, ո°ր քաղաքն է իր սիրված, ժողովրդական արտիստին, խորհրդանիշին տիկնիկ սարքել, որ մարդկանց հետ նկարվելուց մի 500֏ գրպանը դնեն, ո°ր քաղաքում են մեեեծ գլխով, բայց իբր ազգային տարազով տիկնիկներ թափառում, որ քաղաքի պատմական միջուկում են էդքան անճաշակ սուրճի ապարատներ դրված, կվասի մեեծ բոչկաներ, զիզի-բիզիություն ու չտեսություն, որտեղ է էսքան բարդակ։
Հազիվ թե կաբինետներում խոսեք տուրիզմից, բայց տուրիզմի պարզագույն սահմանումն էլ չիմանաք, ոլորտի «բանվորներին» էլ` մեզ, լսելու ցանկություն չունեք, պատճառին մի օր կանդրադառնամ։
Ե՞րբ եք վերջապես լրջանալու, ե՞րբ է համապատասխան կառույցի համապատասխան բաժինները իրենց գործն ի օգուտ քաղաքին անելու, ոչ` ի օգուտ ձեր մտերիմների, երբ...

Եթե վաղը քաղաքից չի հավաքվելու էս անճաշակությունը, ստիպված ենք մտածել, որ անզոր ենք»,-սոցիալական ցանցում իր դժգոհությունն է արտահայտել նա։ 

«Ես չգիտեմ՝ այս ամենով  քաղաքապետարանի առևտրի՞, գովազդի՞, թե՞ մեկ այլ անհայտ բաժին է զբաղվում , ո°վ է թույլտվություն տալիս, որի գործունեությունն այդպես էլ չենք տեսնում, բայց որ սեփականատիրոջ իրավունքով դնել-վերցնելու ձեռագիր ենք տեսնում, դա ակնհայտ է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Լիզա Գասպարյանը ։«Ինձ թվում է՝ այդ չինովնիկները նույնիսկ չգիտեն, որ Գյումրին տարածաշրջանում բացառիկ քաղաք է՝ իր հնությամբ, շենք-շինություններով, քաղաքային դիմագծով ։ Էս պահով երևի քաղաքապետարանի աշխատակիցների համար մի լավ դասընթաց կարելի է կազմակերպել, որպեսզի հասկանան, թե ինչ են անում քաղաքի հետ։Իսկ ահա մեր՝ զբոսաշրջային ոլորտի մասնագետների հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։Ես գնչուական մշակույթի դեմ ոչինչ չունեմ, բայց պետք է նշել, որ այդ խառնիճաղանջությունը հատուկ է նրանց, ինչը մեր քաղաքի դիմագիծն է աղճատում, իսկ քաղաքապետարանի կողմից որևէ վերահսկողություն չի իրականացվում։ Եվ գիտեք՝ ինչն է տարօրինակ․ առաջին հայացքից, երբ քայլում ես փողոցով, մտածում ես, որ մարդիկ են, որ ինչ-որ գումար են փորձում վաստակել, բայց երբ չափն անցնում են, արի ու տես՝ պարզվում է, որ դա խոշորագույն բիզնես է, որի հետևում նույնիսկ կրիմինալ մարդիկ են կանգնած։ Ստացվում է՝ քաղաքապետարանը գիտակցված՝ քաղաքը դարձրել է առևտրի հարթակ, ամենից վատը հենց սա է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բազմաթիվ հոգացավ գյումրեցիներ, բիզնեսմեններ իրեն անձնական նամակներ են գրում՝ այդ խնդրի հետ կապված արտահայտելով իրենց մտահոգությունը։ «Սա նշանակում է, որ այս խնդրի մասին շատերն են խոսում, բայց քչերն են բարձրաձայնում ՝ շատ հասկանալի պատճառներով, խնդիրն առավել խորքային է, քան թվում է․․»,-ավելացրեց զբոսաշրջային ընկերության մարքեթինգի պատասխանատուն։