«Կորոնացավ» կպած ռազմաքաղաքական ղեկավարություն 

«Կորոնացավ» կպած ռազմաքաղաքական ղեկավարություն 

«Սեփական բանակը կերակրել չցանկացող ժողովուրդը ստիպված է լինելու կերակրել օտարի բանակը»: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտին (1769-1821) վերագրվող այս ասույթը հատկապես լավ գիտի մեր ժողովորդը, որ հարյուրամյակներ շարունակ կերակրել է օտար զավթիչների բանակները: Վերջին 100 տարում իրադրությունն արմատապես փոխվեց, և մեզ թվաց, թե արդեն ազատվել ենք այդ անեծքից: Սակայն մեր ազգային հավաքական հիմարության և անպատասխանատու վարքի (Նիկոլին իշխանության բերելը) պատճառով ընկնում ենք այդ դատողության մեկ այլ տարբերակի տրամաբանության մեջ:

Այն կարող է հնչել մոտավորապես այսպես՝ «Սեփական պետության սահմանները չպաշտպանող բանակն արժանի է զինաթափման և կազմացրման»: Դաժան է, իհարկե, սակայն մենք այսօր կանգնած ենք հենց այդ տեսլականի առջև: Ժամանակին տարածաշրջանի ամենամարտունակ բանակի զինվորների համար «տռուսիկ-մայկա» և ելակ ապահովող՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր համարյա անտերության է մատնել բանակը: Բանակը վերածվել է սահմանային դիրքերում ծառայության պայմաններից և զինվորական անհրաժեշտ այլ պարագաներից զուրկ զանգվածի: Հենց զանգվածի՝ հաշվի առնելով հրամանատարական կազմի հեղինակության անկումը կամ այդ հեղինակության նկատմամբ գործող իշխանության կողմից անթույլատրելի ոտնձգությունը: Եվ այդ թվում նաև դատական գործընթացներով:

Ահա այսպիսի պայմաններում է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը նշում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը: Ավելի ճիշտ ոչ թե նշում, այլ «չնշում», քանի որ պետական մակարդակով նշելու վերաբերյալ առկա չէ որևէ տեղեկատվություն: Դրա փոխարեն լրատվամիջոցներից իմանում ենք, որ թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի և թե՛ ԶՈՒ ԳՇ պետի ու բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, և նույնիսկ հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Պատկերացնում եք՝ հունվարի 28-ի նախօրեին հանկարծ «կորոնացավ» են կպել համարյա բոլորը, ովքեր առնչություն ունեն բանակի տոնը նշելու հետ: Իսկ մեր բանակը նախկինների օրոք մեր հպարտության աղբյուրն էր, հենց մեր հպարտությունը: Մի քանի օր առաջ էլ նախագահական իր «պոստը» լքած Արմեն Սարգսյանի 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ի ինստագրամյան գրառման մեջ բանակը բնութագրվել էր որպես «հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյուն»: Ինչպես չմտածես, որ «կորոնացավ» կպչելը ներկայացնում է բանակի նկատմամբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության իրական վերաբերմունքը: Ինչը հենց պետականության կորստի նախանշաններից մեկն է:

Իսկ ես միամիտ հալով կարծում էի, որ խայտառակ պարտությունից ավելի քան մեկ տարի անց եթե ոչ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը (նրանից բացարձակ չկա որևէ հույս), ապա գոնե ԶՈՒ ԳՇ-ն կներկայացնի բանակի բարեփոխման ռազմավարության հայեցակարգը: Կամ գոնե կխոսվի սխալների ու դրանք ուղղելու նախաձեռնությունների մասին: Գեներալական մակարդակով կասվի, որ բանակի մասին մեր նախկին պատկերացումները ոչ թե միֆ էին, առասպել, այլ իրականություն: Որ մենք կձգտենք ամեն ինչ անել այդ իրականությունը վերադարձնելու համար: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդիսի վարքագիծ դրսևորելու համար մեր գեներալներին անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի թույլտվությունը:

Ինչ մնում է նրան, ապա, ինչպես «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում արտահայտվել է «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, «Ալիևն ուլտիմատում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ու ասել՝ ականջներդ կկտրեմ, եթե բանակի տարեդարձ նշես: Նա էլ, ինչպես միշտ, ենթարկվում է Ալիևի կամքին»: Սակայն բազմաթիվ պետությունների բանակների սպայական կազմի տարբերությունը քաղաքացիական չինովնիկներից կայանում է պատվի ու արժանապատվության գիտակցման մեջ: Ինչը, ինչպես ցույց տվեց բանակի 30-ամյակի տոնակատարության հանգամանքը, դժբախտաբար բացակայում է այսօրվա մեր բանակում: 

Հ. Գ. Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ (այսինքն նախկինների օրոք) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում (US CENTCOM) 2012 թ.-ի փետրվարի 1-ին, ըստ «Մեդիամաքս» գործակալության, տեղի էր ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք: