Պետությունը 2 զոհ տված ընտանիքին թողել է վարկային կազմակերպությունների հայեցողությանը

Պետությունը 2 զոհ տված ընտանիքին թողել է վարկային կազմակերպությունների հայեցողությանը

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Անահիտ Սարգսյանը 44-օրյա պատերազմում մեկ օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 13-ին, կորցրել է եղբորը՝ Տիգրանին, և եղբորորդուն՝ Կարենին՝ Հադրութում։ Անահիտ Սարգսյանը «Հրապարակին» հայտնել էր, որ «Էկլոֆ» վարկային կազմակերպությունը բռնագանձման հայցով դիմել էր դատարան։

Կազմակերպությունից մամուլի և հասարակայնության հետ կապերով զբաղվող Վահեն «Հրապարակին» հայտնեց, որ իրենք անհրաժեշտ զիջումներ այդ ընտանիքին արել են, մնացածը կարող են հարցնել նրանցից։

Անահիտ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարկային կազմակերպությունը ներել է տույժերն ու տուգանքները՝ շուրջ 100 հազար դրամի չափով, սակայն մայր գումարը՝ ոչ։

Եղբայրն այլ վարկեր էլ է ունեցել տարբեր բանկերում, որոնք բոլորն էլ ամբողջությամբ ներել են պարտքը, որը կազմել է մոտ 10 միլիոն․ «Ներել է «Արդշինբանկը»․ «Արեգակը», «Գլոբալը», «ՎՏԲ»-ն, «Ինեկոն»»,- ասաց Անահիտ Սարգսյանը։ Ավելին՝ «Ակբաբանկն» էլ զիջել է Անահիտի վարկի տոկոսները՝ մեկ տարով։ 

Նա նշում է, որ վարկային կազմակերպությունը նոր ժամանակային գրաֆիկ կազմելու և կամ դատարան դիմելու մասին ծանուցագիրն ուղարկել է իր 91-ամյա մորը, որն անգամ չգիտի էլ, որ որդին ու թոռը զոհվել են։

«Ինքն ամեն օր նայում է նկարներին ու ասում է՝ բա ե՞րբ է Կարենը գալու, բա ե՞րբ է Տիգրանը գալու։ Մենք եթե իրեն անգամ ասենք էլ, կարող է մի տասը րոպե հետո չհասկանա, կամ մի այլ կատաստրոֆիկ դեպք տեղի ունենա։ Մենք ասում ենք` կգա, մամա։ Բայց ամեն օր թոռնիկին է հարցնում, տղային` էդքան չէ։ Ու միշտ հայացքը դռան կողմն է»,-ասաց տիկին Անահիտը։

Ի դեպ, նա ասում է, որ չի մեղադրում վարկային կազմակերպությանը, մեղադրում է պետությանը։ «Իրենք իրենց կանոնադրությունն ունեն, իրենց կանոնադրության հիման վրա են աշխատում։ Ես մեղադրում եմ իշխանությանը, որ հետևողական չէ, օրենք չի հանում․․․ զոհվածի ընտանիքին թողել է բանկերի հայեցողությանը։ Ես հասկացա այնպես, որ իրենք դա թողել են բանկերի որոշմանը»։

Ի դեպ, թեպետ պետությունը Անահիտ Սարգսյանին հանձնել է հոկտեմբերի 14-ին զոհված Կարեն Սարգսյանի մարմինը, բայց նրա անունը չկա զոհերի ցուցակում, ինչի պատճառով ընտանիքին դեռ չեն տվել գերեզմանի գումարը։ 

Անահիտը, որ եղբորորդուն ինքն է պահել, ասում է. «Ես պետության գումարը չեմ ուզում, թող իմ էրեխեն ողջ լիներ, էս պետության ոչ մի լուման մեզ պետք չէ։ Թող էրեխես հետ գա»։