Հայ ժողովրդի ռուս զավակը

Հայ ժողովրդի ռուս զավակը

Յուրաքանչյուր մարզաձեւ աչքի է ընկնում իրեն բնորոշ տեխնիկա-տակտիկական առանձնահատկություններով, եւ մրցասպարեզ եկած հանդիսականները յուրովի են արձագանքում դրան՝ հիանալով հատկապես բարդ հնարքների կատարման նուրբ դրսեւորումներով։ Սակայն կան միմյանցից էապես տարբերվող մրցաձեւեր, որոնք ժամանակի պահանջով միավորվել են մի մարզաձեւում։ Խոսքը ժամանակակից հնգամարտի մասին է։ Այս արտասովոր ասպարեզում հարկ է լինում դրսեւորել հինգ տարբեր մարզաձեւերին հատուկ վարպետություն։ Հե՞շտ բան է 300 մետր տարածությունը լողալով անցնելիս ջանալ այնքան որոշիչ վայրկյաններ շահել, սուղ ժամանակի պայմաններում ձգտել որքան հնարավոր է արագ վազքով հաղթահարել 4 կիլոմետրանոց անհարթ տարածքը, դրա հետ մեկտեղ դիպուկ կրակել, հմտորեն սուսերամարտել, նժույգավարությունում հաջողությամբ շրջանցել տարբեր արգելքներ։ Նման բազմակողմանի ունակություններին տիրապետելը ոչ թե պարզապես դժվար է, այլ, կարելի է ասել, Աստծո պարգեւած շնորհք է։

Ինչ խոսք, բավականին բարդ գործ է դա։ Նման կամք ու համառություն դրսեւորածի մասին կարելի է ոգեւորված ու անվերջ խոսել, մանավանդ որ նա խորը հետք է թողել ոչ միայն մեր ազգային մարզական տարեգրությունում, իսկ ֆիլմերից մեկում էլ հպարտորեն արտասանել են նրա հեղինակած արտահայտությունը` «Ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ»։ Խոսքն օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի անհատական քառակի եւ թիմային հաշվարկով հնգակի չեմպիոն, ժամանակակից հնգամարտի անզուգական վարպետ Իգոր Նովիկովի մասին է։ Նա չորս օլիմպիադաների չեմպիոն է (երկու դեպքում էլ արժանանալով արծաթե մեդալների)` 1952-1964 թվականներին։ Ընդամենը 5 տարեկան էր Իգորը, երբ Նովիկովների ընտանիքը Մոսկվայի մարզից տեղափոխվեց Հայաստան, եկավ ու դարձավ մարզական յուրատեսակ քարոզիչ Երեւանում։ Ւգորից բացի, տարբեր ասպարեզներում մրցումների ակտիվ ու հաջողակ մասնակիցներ էին նաեւ նրա քույրն ու եղբայրը։ 

Իգոր Նովիկովի մասին, անտարակույս, կարելի է երկար խոսել, ընդ որում ոչ միայն զուտ մարզական նվաճումների շուրջ։ Գերհաջող մրցելույթներից հետո նա, թողնելով ակտիվ սպորտը, Երեւանում հիմնեց ժամանակակից հնգամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց՝ իր գործընկերների հետ աճեցնելով ապագա վարպետների նոր սերունդ, ապա 11 տարի (1988-98 թթ.) ղեկավարեց մարզաձեւի համաշխարհային ֆեդերացիան։ Մեծանուն մարզիկի հեղինակությունն այնքան բարձր էր, որ այլ բնագավառներ ներկայացնող, նաեւ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց համար մեծ պատիվ էր նրա հետ մոտիկ ծանոթություն հաստատելը։ Նման արտասովոր հանդիպման մասին, որ 1964 թվականին կայացավ Մոսկվայում, երբ երկրի ղեկավարության կողմից օլիմպիական հերոսներին մեծարելու եւ պարգեւատրելու հանդիսավոր արարողություն էր նշանակվել, ահա թե ինչ պատմեց անձամբ ինքը. «Անսպասելիորեն ինձ մոտեցավ Անաստաս Իվանովիչ Միկոյանը, եւ մեր միջեւ ջերմ զրույց սկսվեց։ Իսկ երբ մեզ միացավ Ալեքսեյ Իվանովիչ Կոսիգինը, Անաստաս Իվանովիչը կատակով նրան դիմեց.
• Ալեքսեյ Իվանովիչ, ահա, տեսեք` Նովիկովը ռուս է, իսկ, պարզվեց, հայերեն ինձանից լավ է խոսում...
Կոսիգինն էլ դիմեց ինձ՝ հետաքրքրվելով.
• Հայաստանում քեզ ռու՞ս ես համարում, թե՞ հայ։
Իմ պատասխանը երկար սպասել չտվեց.
• Ես հայ ժողովրդի ռուս զավակն եմ։
Կոսիգինը ժպտաց` իմ խոստովանությունը երեւի դուր եկավ նրան...»։

Իսկ 1963 թվականին հնգամարտիկների համաշխարհային հերթական ստուգատեսն էր Մոսկվայում, գործուղվել էի նաեւ ես։ Մրցումների հանդիսավոր բացմանը րոպեներ էին մնացել, «Լուժնիկի» ստադիոնի արեւմտյան տրիբունաների տակ էին հավաքվել առաջնությանը նվիրված շքերթին պատրաստ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները։

ԽՍՀՄ թիմի ավագ Նովիկովին հրավիրել էին հարեւան սենյակ՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու։ Այդ ժամանակ սովետական հավաքականի մյուս երկու հնգամարտիկների միջեւ անսպասելի վեճ ծագեց՝ անտեղի մի հարցի շուրջ․ ազգությամբ ո՞վ էր հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկին։ Կողմերից մեկն ասում էր՝ լեհ էր, մյուսը` եթե ոչ ռուս, ապա հաստատ հրեա էր։ Իմ համեստ միջամտությանը, թե հայ էր, բանի տեղ չդրեցին։ Վեճի թեժ պահին վերադարձավ Նովիկովը, հարցրեց, թե ինչի շուրջ է աղմուկը, երբ իմացավ էությունը, հեգնանք արտահայտող թեթեւ ժպիտը չթաքցնելով, միջամտեց․ «Լավ է, որ սպորտից դուրս վեճի առիթ եք գտել, սակայն վատ է, որ երկուսդ էլ խորապես սխալվում եք, բանն այն է, որ Այվազովսկին զտարյուն հայ էր»։ Երկու թիմակիցներին դա իսկական անակնկալի բերեց, նրանք, աչքերը չռած, միմյանց նայեցին։

Արդեն 14 տարի է՝ վաստակաշատ Իգոր Նովիկովը մեզ հետ չէ։ Խոշորագույն ասպարեզներում Հայաստանի պատվիրակի ձեռք բերած բարձրագույն նվաճումների հարուստ ժառանգությունը մեզ պարտադրում է հիշել եւ պահպանել բացառիկ տաղանդի տեր մարզիկի նկատմամբ անսահման հարգանքը։

Միսակ Նազարյան