Սպիտակցիները դեմ են, որ իրենց ԲԿ-ում կորոնավիրուսով վարակվածներ բուժվեն

Սպիտակցիները դեմ են, որ իրենց ԲԿ-ում կորոնավիրուսով վարակվածներ բուժվեն

Հայաստանում օրեցօր կորոնավիրուսի դեպքերն ավելանում են։ Ինչպես առողջապահության նախարարությունն ու կառավարությունն են պնդում՝ բժշկական կենտրոններում այլեւս տեղեր չեն լինելու վարակակիրներին ընդունելու համար։  Հանրապետության մի քանի հիվանդանոցներ արդեն ծառայում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց, շուտով այդպիսին է լինելու նաեւ Սպիտակի բժշկական կենտրոնը։

Մենք տեղեկացանք, որ Սպիտակի ԲԿ-ի աշխատակազմը դեմ է այդ որոշմանը, անգամ հնարավոր է բողոքի ակցիա անեն։ Նրանք մատնացույց են անում Վանաձորի ԲԿ-ն՝ ասելով, թե պայմաններն այնտեղ ավելի լավն են, եւ նպատակահարմար կլինի օգտագործել հենց այդ բժշկական կենտրոնը։ Իսկ Սպիտակի ԲԿ-ն հաշմանդամներին է սպասարկում, եւ համաճարակին ծառայելու դեպքում նրանք կզրկվեն բուժսպասարկումից։ Սակայն պետական մակարդակով որոշվել է Սպիտակի հիվանդանոցն օգտագործել, քանի որ Վանաձոր ԲԿ-ի տնօրենը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերն է, եւ նա ներքին կարգով հարցերը լուծել է։

Փորձեցինք կապվել Սպիտակի ԲԿ-ի տնօրենի հետ, սակայն մեզ ասացին, որ տնօրենը տեղում չէ։ Ինչ վերաբերում է մեր տեղեկությանը՝ նշեցին․ «Քննարկման փուլում է ԲԿ-ն վարակակիրներին տրամադրելու հարցը, ոչ թե բժիշկներն են դեմ արտահայտվել, այլ ժողովուրդն է դեմ՝ Սպիտակի բնակիչները։ Բժիշկները պատրաստ են ծառայել ժողովրդին»։

Զրուցեցինք նաեւ Վանաձորի ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանի հետ։ Նա նշեց, որ որոշումը կայացրել է առողջապահության նախարարությունը, որը ենթակա է կատարման․ «Այդ որոշումը՝ Սպիտակի ԲԿ-ի վերաբերյալ, ընդունվել է նախարարության մակարդակով, որ իրենք պետք է դառնան կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց սպասարկող հիվանդանոց, դե հիմա մնացածը ես չեմ կարա ասեմ, թե ինչ են իրենք մատնացույց անում՝ ում եւ ինչ։ Դա մի քիչ ուրիշ հարցեր են, որը ես ո՛չ իրավասու եմ պատասխանելու, ո՛չ էլ կարող եմ պատասխանել։ Կա որոշում, այն  ընդունվում է կառավարության մակարդակով։ Նախարարությունը որոշել է, որ իրենց հիվանդանոցը դա պետք է սպասարկի, ու մնում է, որ իրենք նսախարարության որոշումը կատարեն, որովհետեւ, վերջիվերջո ,առողջապահության նախարարությունն է որոշել, եւ իրենք էլ ենթարկվում են ԱՆ-ին։ Եթե վաղը կորոշվի, որ մենք էլ պիտի սպասարկենք, ապա մենք էլ կսպասարկենք»։