Ոստիկանների աններելի պահվածքը 

Ոստիկանների աններելի պահվածքը 

Այն, ինչ տեսա համացանցում, ուղղակի նողկալի էր… Կորոնավիրուսի հետ կապված իմ հոդվածներում ինքս եմ առաջարկել խիստ վերահսկողություն՝ չափազանց խիստ մոտեցում ձեռնարկել սահմանափակումները խախտողների նկատմամբ, քանի որ արդեն բանը բանից անցնում է: Սակայն դա բնավ չի նշանակում ոստիկանների մի խմբի կողմից անողոք և ոչ մի քննադատության չդիմացող նվաստացում քաղաքացու նկատմամբ:

Համացանցի տեղեկատվությունից պարզ էր դառնում, որ քաղաքացին խախտել է սահմանափակումների պայման(ները), այսինքն քրեական լուրջ հանցագործություն չէր կատարել ,նույնիսկ այդ պարագայում անգամ խստիվ արգելված է ոստիկանության կողմից նման վայրագ մոտեցումը, ինչի համար այդ խմբի կողմից նման վերաբերմունք էր ցուցաբերվում քաղաքացու («մեծ հանցագործի») նկատմամբ:

Հստակ տպավորություն էր ստեղծվում, որ կարծես թե ոստիկանների (եթե իհարկե, կարելի է նրանց ոստիկան կոչել) այդ խմբի կողմից այլ պատճառով վրեժ է լուծվում, քանզի քիչ էր մնում ուղղակի խեղդեին քաղաքացուն, չնայած նա շարունակ բղավում էր, որ պատրաստ է ենթարկվել նրանց բոլոր հրամաններին ու ցուցումներին: Զարմանալ կարելի է, թե այդ արարածներն ընտանիքում են մեծացել, թե ոչ: Եթե այո, ապա ինչպես են նայելու  իրենց ընտանիքի անդամների աչքերին, եթե նրանք ևս դիտած լինեն համացանցի այդ կադրերը: Հավանաբար, նրանք արդեն ամաչելու բան չունեն: Գուցե՝ ընտանիքը սովո՞ր է դրան, ավելին, գուցե դրանց երեխաները բակում և դպրոցում իրենց հասակակիցների մոտ հպարտանում են, ասելով. «Տեսաք, ոնց էր պապաս՝ ընկերների հետ կզցնում (կներեք բառիս համար) այդ քաղաքացուն: Ի՞նչ պետություն, ի՞նչ բան, պապայիս դեմ խաղ չկա»: Իհարկե, այդ  քաղաքացին մի կերպ դիմացավ և հավանաբար էլի կդիմանա նվաստացումներին, սակայն ինչպես վերաբերվել այն զազրելի ապտակին, որ ստացավ ողջ հայ ժողովուրդը: Հետաքրքիր է, այդ կադրերը դիտե՞լ է մեր մեծարգո վարչապետը... Եվ, եթե դիտել է, ապա ինչ է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի գոնե քիչ մեղմի նման ապտակի հետևանքով հայ ժողովրդի մոտ առաջացած զայրույթը: Սա՞ է ժողովրդավարությունը, որին այնքան երկար սպասում էինք, սա՞ է քաղաքացու իշխանություն լինելը...:

Անկեղծ ասած, հատորներ կարելի էր գրել, սակայն խոսքեր չեմ գտնում շարունակելու, քանզի տեղի ունեցածն իրոք նողկալի էր: Ուղղակի սպասում եմ մեծարգո վարչապետի արձագանքին ...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ քաղաքացի