Խնդիր չեմ տեսնում, որ տարբեր պետություններում բնակվող մեր հայրենակիցներն իրենց պետությունների ղեկավարություններին կոչ անեն օգնել իրենց պատմական հայրենիքին

Խնդիր չեմ տեսնում, որ տարբեր պետություններում բնակվող մեր հայրենակիցներն իրենց պետությունների ղեկավարություններին կոչ անեն օգնել իրենց պատմական հայրենիքին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․ «Հայաստանում գործող, ամերիկյան ֆինանսավորմամբ վերազինված բիոլաբորատորիաները չպետք է փակ լինեն Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար»:

«Հրապարակի» հետ զրույցում Սուրեն Սարգսյանը բացատրեց անսպասելի առաջարկի պատճառը։ Թե ինչու ամերիկյան կենսալաբորատորիաները պետք է բաց լինեն ՌԴ-ի, Չինաստանի ու Իրանի համար, ապա Սուրեն Սարգսյանն ուղղեց՝ դրանք ամերիկյան լաբորատորիաներ չեն, հայկական են, որոնք վերազինվել են ամերիկյան աջակցությամբ։ «Եվ չի նշանակում, որ ամերիկյան են, և ռազմավարական մեր դաշնակցի կամ մեր հարևան, բարեկամ երկրների ու Չինաստանի մոտ կան որոշակի մտավախություններ, ապա  խնդիր չեմ տեսնում, թե ինչու դրանք չպետք է բացվեն։ Ենթադրենք՝ Չինաստանի ու Իրանի համար, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ են դրանք բացել նաև Ռուսաստանի համար»։

Սուրեն Սարգսյանը նկատեց՝ ռուսական կողմը բազմիցս խոսել է այդ մասին, վերջերս էլ Չինաստանի արտգործնախարարության խոսնակն էր բարձրաձայնել, թե ԱՊՀ տարածքում կան ամերիկյան կենսալաբորատորիաներ։ Դրա մասին խոսում են նաև իրանցիները։ Ուստի, Սուրեն Սարգսյանը կրկնում է՝ եթե բացվում են Ռուսաստանի համար, ապա  ինչու չպետք է բացվեն նաև Չինաստանի ու Իրանի համար։ Հարցրեցինք նաև՝ իսկ ամերիկյան կո՞ղմն ինչ արձագանք կտա։ Ասաց, թե վստահ է, որ ամերիկյան կողմը որևէ վերապահում չի ունենա, որովհետև «այդ լաբորատորիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են»։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ երկիրը կանգնած է հումանիտար աղետի շեմին, ինչպես Փաշինյանը բնորոշեց՝ դժոխային վիճակում, և որ անհրաժեշտ է դիմել միջազգային հանրությանը՝ տարբեր երկրների։ Պարոն Սարգսյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս է սա դիտվում միջազգային հարաբերություններում, նա էլ ասաց․ «Որևէ խնդիր չկա, ողջ աշխարհը գիտի, որ կորոնավիրուսի պրոբլեմը Հայաստանում այնքան բարդ է, որ Հայաստանը դարձել է աշխարհի առաջատար երկրներից մեկը վարակակիրների քանակի առումով, և սա աշխարհից թաքցնելու կարիք չկա։ Բոլորն էլ տեղյակ են, որ Հայաստանն այս պահին աջակցության կարիք ունի, և այն երկրները, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը, և իրենց մոտ իրավիճակն այդքան սուր չէ, ինչպես Հայաստանում, բնականաբար, իրենց եղբայրական օգնության ձեռքը կմեկնեն։ Եվ այս առումով, եթե Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարվի, որ աջակցության կարիք ունեն, ապա անպայման նման աջակցություն կլինի»։

Նոր հարց՝ «այդ դեպքում ինչո՞ւ չեն հայտարարում, որ չստացվի՞, որ Վրաստանը ճիշտ էր, մենք՝ սխալ»։ Միջազգայնագետը դժվարանում է պատասխանել, չի բացառում` միգուցե հանրային հայտարարություններով հանդես չեն գալիս, բայց դիվանագիտական խողովակներով  օգնություն ստանալու համար աշխատում են, քանի ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից էական օգնություն արդեն եղել է՝ թե՛ դեղորայքի, թե՛ ֆինանսական միջոցների տեսքով։

«Դրա համար, չեմ կարծում, որ եթե կարիքը լինի, չդիմեն Չինաստանին կամ  Միացյալ Նահանգներին»։ Ինչ վերաբերում է՝ ով էր ճիշտ, ով սխալ, ապա այստեղ էլ Սուրեն Սարգսյանը որևէ դիլեմա չի տեսնում։ Ասաց՝ բնական է, որ եթե Վրաստանում իրավիճակը շատ ավելի կառավարելի է,  քան Հայաստանում, նշանակում է՝ Վրաստանը ճիշտ էր իր ընտրած քաղաքականության հարցում։ Հավելեց․ «Որևիցե խնդիր չեմ տեսնում, որպեսզի մեր՝ աշխարհի տարբեր պետություններում բնակվող մեր հայրենակիցներն իրենց պետությունների ղեկավարություններին կոչ անեն կամ խնդրեն, որպեսզի իրենց պատմական հայրենիքին օգնություն ցուցաբերեն։ Լինի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, թե լատինամերիկյան երկրները»։