Մենք ճիշտ էինք

Մենք ճիշտ էինք

Ես անկեղծորեն կարեկցում եմ 21-րդ դարի քաղաքացուն, որն այս քաոսում, որտեղ սուտն ու կեղծիքը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, կեսճշմարտությունը ներկայացնելը դարձել է սովորական բան: Ի՞նչ անի խեղճ ընթերցողը, եթե հավաստի ու անկողմնակալ տեղեկատվության եւ չեզոք վերլուծությունների պահանջ ունի ու չգիտի` որտեղ կարդալ դա, ինչին հավատալ եւ ինչը մերժել:

Ահա` լսում է, որ Ապատեղեկատվության ազգային հայեցակարգ են մշակում պետական այրերը` ՀԿ սեկտորի հետ: Կարելի է, անշուշտ, ուրախանալ, բայց երբ տեսնում ես, որ հայեցակարգը ներկայացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա ենթակայությամբ գործող «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունը կրող կառույցը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Կամ` լսում ես, որ «Մեդիանախաձեռնությունների կենտրոն» անունը կրող կառույցը` բավականին խելացի մի տիկնոջ գլխավորությամբ, որոշել է պայքարել «ֆեյք-նյուզի» դեմ, կարող ես թեթեւացած շունչ քաշել, թե` վերջապես: Իսկ արդյունքում պարզվում է, որ «ֆեյք-նյուզի» դեմ պայքարի անվան տակ փորձում են լռեցնել ազատ, իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցներին:

«Հրապարակն» այս կենտրոնի ակտիվ ջանքերով ուղիղ 1 տարի զրկված էր ֆեյսբուքյան տարածքում իր հոդվածները տարածելու հնարավորությունից: Եթե չլինեին մեր հավատարիմ ընթերցողները, որոնք ուղիղ մտնում են hraparak.am եւ ընթերցում մեր հոդվածները, մենք վստահաբար կփակվեինք` հուրախություն իշխանության եւ մեր թշնամիների: Սակայն մենք ոչ միայն պահպանեցինք մեր լսարանը, այլեւ դատական կարգով ապացուցեցինք, որ մենք ճիշտ էինք, իսկ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնը»` սխալ եւ նա ստիպված է հերքել մեր հասցեին ասված զրպարտիչ որակումներն ու փոխհատուցել մեր վնասները: