Սա ուկրաինական ճգնաժամ չէ, այլ՝ ռուսական

Սա ուկրաինական ճգնաժամ չէ, այլ՝ ռուսական

Անցյալ շաբաթավերջին` փետրվարի 18, 19, 20-ին, Գերմանիայում, Բավարիայում գումարվեց Մյունխենի Անվտանգության համաժողովը, որն ամենամյա միջոցառում է, բայց, ինչպես համաժողովի երկարամյա նախագահ Վոլֆգանգ Իշինգերն էր գնահատել, «դժվար է մտաբերել, թե երբ էր ուրիշ անգամ այդպես պատահել, որ մյունխենյան համաժողովն այնպիսի սպառնալից ճգնաժամային իրադրությունում գումարվի, ինչպես հիմա»: Հասկանալիորեն, Իշինգերը նկատի է ունեցել նախ ուկրաինական ճգնաժամը, թեեւ քննարկման առարկա էին նաեւ կորոնավիրուսային համաճարակի ստեղծած խնդիրներն ու հետեւանքները, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը: 

Ընդհանուր առմամբ, շուրջ 100 նախարարներ եւ 30-ից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ են մասնակցել համաժողովին, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը, որի կազմակերպիչը գերմանական GIZ-ն է եղել, հանդիպել է նաեւ Կանադայի ԱԳ նախարարի հետ։ Դատելով լուսանկարից՝ միջանցքներում դրված սուրճի սեղաններից մեկի շուրջ: Ավելի պատշաճ մի լուսանկար ՀՀ ԱԳՆ-ն տարածել է Իրանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի հանդիպումից, եւ, վերջապես, մի հանդիպում է կայացել, որը հետաքրքիր է այնքանով, որ աննախադեպ է: Խոսքը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ Արարատ Միրզոյանի հանդիպման մասին է: Սաուդյան Արաբիան այն հազվագյուտ երկրներից է, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, եւ որի հետ գոյություն էլ չեն ունեցել շփումներ, քանի որ Սաուդյան Արաբիան ԼՂՀ-ն համարում էր Հայաստանի կողմից բռնազավթված տարածք, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին:

Արմեն Սարգսյանի կողմից՝ ՀՀ նախագահի պաշտոնում, կարծեմ, մի համաժողովի առիթով Սաուդյան Արաբիա մեկնելը պետական, կառավարական մակարդակում երեւի առաջին այցը, հանդիպումը, շփումն էր Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի մեջեւ: Այժմ կարծես երկրորդ շփումն է կայացել Մյունխենում ԱԳ նախարարների մակարդակով, եւ հանդիպման մասին տարածված տեքստում ասված էր, թե «զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ»: Վստահաբար, ուշագրավ զարգացում է:

Մյունխենում կայացած մնացալ բոլոր միջոցառումներում կենտրոնականը, իհարկե, Ուկրաինայի շուրջ քննարկումներն ու ելույթներն էին: Ի դեպ, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բրաենբորքը մի հետաքրքիր ճշտում էր կատարել, թե այս զարգացող ճգնաժամի էությունն այն է, որ Ռուսաստանը երեք կողմից զինուժով եւ զինտեխնիկայով շրջապատել է Ուկրաինան, եւ այդ հարձակման նախապատրաստությունն ու սպառնալիքն են հարուցել ճգնաժամ: Հետեւաբար, հիմնական գործող սուբյեկտին նկատի առնելով՝ ճիշտ կլինի առկա ճգնաժամը կոչել ոչ թե ուկրաինական, այլ՝ ռուսական: 

Ճգնաժամը ուկրաինական կոչվի, թե ռուսական, առավել վտանգավորն այն է, որ եթե մինչեւ անցյալ շաբաթավերջ արեւմտյան երկրները կրկնում էին, թե Կրեմլը Ուկրաինայի դեմ հարձակման համար ռազմական դիրքավորում է ստեղծում, բայց դեռ հաստատ չէ, թե Պուտինն ինչ կորոշի, ապա մյունխենյան համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը կրկնեց դրաից մի քանի ժամ առաջ նախագահ Բայդենի հայտարարությունը, թե ամերիկյան վարչակազմը կարծում է՝ ՌԴ նախագահը հարձակման որոշում է ընդունել: 

Ընդսմին, Բայդենը նաեւ հայտարարեց, որ եթե հարձակումը տեղի ունենա մինչեւ փետրվարի 24-ը, ապա Լավրով-Բլինկեն հանդիպումը չի կայանա: Եթե Ռուսաստանն ակտիվ հարձակողական գործողությունների չանցնի, եւ Բլինկեն-Լավրով հանդիպումը Շվեյցարիայում կայանա, ապա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ կիրակի օրը մի քանի փուլով վարած հեռախոսային բանակցությունների արդյունքում Շվեյցարիայում կարող է Բայդեն-Պուտին գագաթնաժողովի կայացման համաձայնություն ձեռք բերվել: Ըստ ամերիկյան կողմի, դա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վերացնի Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման նախադրյալները: 

Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ամեն դեպքում պարզ է, որ Մոսկվայում ծանրութեթեւ են անում հարձակման տարբերակը եւ դրանից ձեռնպահ կմնան, թե ոչ՝ իրենց ընտրությունն է եւ պատասխանատվությունը: Դատելով ՌԴ Անվտանգության խորհրդի երեկվա նիստի հեռարձակումից, առավել հավանական է, որ Մոսկվան նախ Մինսկի համաձայնագրերն ու գործընթացն ապամոնտաժի` Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները ճանաչելով: