Եվրոպական գնացքը բարձրանալու ժամանակը

Եվրոպական գնացքը բարձրանալու ժամանակը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի թեթեւ գրչի շնորհիվ «գնացքից թռչելու ժամանակը» ֆրազը Հայաստանում թեւավոր արտահայտություն է դարձել։ Պրն Մանուկյանը դա ասել է 1989-ին՝ փլուզվող Խորհրդային Միությունից անվնաս հեռանալու անհրաժեշտությունը նկատի ունենալով։ Ի պատիվ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների, նրանք իսկապես Հայաստանը ԽՍՀՄ փլուզման թոհուբոհից կարողացան անվնաս առաջնորդել անկախության նավահանգիստ եւ հանգրվան։ 

Բայց ԽՍՀՄ գնացքից հաջողությամբ իջնելուց հետո ամբողջ 35 տարի մենք «երկաթուղային կայարանում» էինք, որովհետեւ մեր մոտով անցնող գնացք չկար, որն իմաստ ունենար բարձրանալ։ Ճիշտ է, Եվրամիության մասշտաբային ընդլայնումը 2004-ին դեպի Արեւելյան Եվրոպա ոգեւորիչ հանգրվան էր։ ԽՍՀՄ-ի եվրոպական մասի նախկին հանրապետությունների համար այդ ընդլայնումն ապագայի հույս էր եւ թեկուզ հեռավոր, բայց ուրվագծված գնացք։ Իմիջիայլոց, մի պատմություն կա, ասում են՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր ծննդյան 50-ամյակին (2000-ականների կեսերին) ասել է, թե իր ամենամեծ ցանկությունն այն է, որ ապրի եւս 20 տարի եւ տեսնի Հայաստանը ԵՄ անդամ դարձած։ Ինչո՞ւ միայն 20 տարի, թող պրն Օսկանյանը եւս 20 տարի ապրի ու դրանից հետո, տա Աստված՝ էլի 20 տարի․․․ Եվ Հայաստանն էլ, արդեն վստահ կարելի է լինել, պրն Օսկանյանը ԵՄ կազմում կտեսնի համարյա այն ժամանակ (մի քանի տարի այս կողմ, այն կողմ), ինչ ժամանակին հաշվարկել ու ցանկացել էր։ 2009-ին, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկից եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսելուց հետո, արդեն ոչ միայն դիվանագետներին, այլեւ շատերին էր հասկանալի, որ վերջապես երեւաց գնացք, որը բարձրանալու ենք։

Բայց երեւալը մի իրողություն է, ժամանելը կամ դրա մոտ լինելը, որ կարողանաս բարձրանալ՝ բոլորովին այլ։ Իհարկե, այստեղ իրադարձությունները խիստ դրականորեն արագացրեց Ուկրաինայի վրա հարձակվելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցնորամտությունը։ Պուտինն իբր ցանկանում էր ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի ՌԴ սահմաններ կասեցնել եւ Ուկրաինայի եվրաինտեգրմանը խոչընդոտել, բայց ստացավ ճիշտ հակառակ արդյունքը։ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումով ՆԱՏՕ-ն այնքան մոտեցավ Ռուսաստանի սահմանին, որ հիմա ՆԱՏՕ-ի զորքերը կանգնած են Սանկտ Պետերբուրգից ընդամենը 400 կմ հեռավորության վրա՝ ավելի փոքր տարածություն, քան Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ հեռավորությունն է։ Եվ դա նշանակալից է։ Ոչ միայն ՆԱՏՕ-ն իր պատմության ընթացքում երբեւէ այդքան չէր մոտեցել Մոսկվային եւ Սանկտ Պետերբուրգին, այլեւ նվազագույնը 300 տարի, հատկապես Շվեդիայի չեզոքության շնորհիվ, որեւէ երկիր կամ որեւէ ռազմական դաշինք այդպես չէր մոտեցել Ռուսաստանին, որտեղից Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը լինեն ափի մեջ։ Հիմա այդ ամենն իրականություն է։

Իրականություն է եւ այն, որ պատերազմի արդյունքում Ուկրաինան այժմ այնքան է ինտեգրվել ԵՄ-ին, որքան Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ ինտեգրված չեն։ Այնպես որ, իր հռչակած երկու նպատակն ու թիրախն էլ Վլադիմիր Պուտինը տապալեց։ Մնում է Կրեմլի դատարկ քարոզչությունը՝ իբր Ռուսաստանը կարողացավ 2014-ին գրաված Դոնեցկի, Լուգանսկի մարզերը եւ Ղրիմի թերակղզին իրար միացնել, վերահսկողության տակ վերցրած նոր հողերով, որտեղ կատարյալ ավերածություն է եւ 130 հազարից ավելի ռուս զինվորականների դիեր։ Առհասարակ, ռուսական մարդուժի կորուստներն Ուկրաինայում մղվող երկամյա պատերազմում` զոհերը եւ վիրավորները միասին, 340 հազարի կարգի էր գնահատվում դեռ անցյալ տարեվերջին, այժմ՝ 355 հազար: Ուկրաինական կողմի զոհերը գնահատվում են 70 հազարի կարգի, վիրավորները՝ 100-120 հազարի միջակայքում։ Ինչ խոսք, սարսափելի թվեր են։ Ուկրաինայի զոհերն առանձնակի ցավալի են, սակայն Ռուսաստանինն էլ՝ ոչ պակաս։ Որքան էլ Ռուսաստանն ատելի պետություն է, հասարակությունը, ժողովուրդը պետություն չեն, եւ նրանց այդքան զոհերը ցավալի են։ 

Այդուհանդերձ, 2022-ին սանձազերծված ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայում եւ Արեւմուտքում գեներացրեց վճռականությունը՝ Ռուսաստանին ոչ միայն ռազմադաշտում պարտության մատնելու, այլեւ հատկապես ՌԴ տնտեսությունն այնքան շրջափակելու, ճնշելու եւ ոչնչացնելու, որ Ռուսաստանը դարձնեն Պակիստան։ Միեւնույն ժամանակ որոշվեց ընդարձակել ՆԱՏՕ-ն եւ Եվրոպական Միությունը՝ գործնականում միավորելով ողջ եվրոպական մայրցամաքը։ Իրադարձությունների, ահա, այս հաջորդականությանն ենք պարտական, որ Եվրոպական Միության գնացքն այսօր այնքան մոտ է Հայաստանին, որ վաղը կարող ենք վերջապես այն բարձրանալ։ 

Երբ անցյալ տարի՝ 2023-ի սեպտեմբերին, Բրյուսելը հայտարարեց, որ ԵՄ-ի հաջորդ փուլային ընդլայնումը լինելու է 2030-ին եւ ընդգրկելու է 10 երկիր, պարզից էլ պարզ էր, որ խոսքը բալկանյան 6 եւ Արեւելյան Եվրոպայի 4 երկրների մասին է, այն է՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան։ Սակայն այդ ժամանակ Հայաստանի անունը չէր տրվում։ Դա արվեց միայն հիմա՝ 2024-ի փետրվարի վերջին, շուրջ կես տարի հետո։ Ինչպես ՀՀՇ-ից Արամ Մանուկյանի հետ է առհավետ ասոցացվել ՀՀ անկախության հռչակումը, քանի որ նա ընթերցեց Անկախության հռչակագիրը, այնպես էլ ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի հետ է ասոցացվելու Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հայտը եւ մանիֆեստացիան։ Առաջինն Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում հայտարարեց, որ Հայաստանը դիմելու է ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակի համար։ Ճիշտ է` իրենից առաջ Բրյուսելից արդեն հայտարարվել էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն աննախադեպ խորացնելու երկկողմ մտադրության մասին, հետո էլ արդեն փակագծերն էին բացվել՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ռուսական բազայի եւ մնացյալի մասին։ Նման բաց տեքստը նշանակում է, որ բոլոր՝ այդ ու մյուս հարցերը՝ ռուսական ուղեծրից Հայաստանի դուրս գալու եւ ԵՄ հովանու ներքո անցնելու մասին, քննարկված են, ճանապարհային քարտեզը կազմված է։ Առհասարակ, 2024-ի փետրվար-մարտի իրադարձությունները դրական էին ու գոհացնող։ 

Ճիշտ է` Նիկոլ Փաշինյանը խեղկատակի իր դերի մեջ ու, սովորության համաձայն, ստերով ու տափակաբանություններով՝ «Դրանից էլ առաջ, դրանից էլ առաջ, դրանից էլ առաջ․․․», կամ արտագնա աշխատանքից եկամուտները հարկենք, կամ արտագնա աշխատանքի մեկնողները թող ասֆալտից չօգտվեն, պարաշյուտներով վերադառնան Հայաստան ու չգիտես էլ ինչ, երկրի տեղեկատվական դաշտն անլրջությամբ լցրեց, բոլորի ուշադրությունն այդ ուղղությամբ շեղեց, զվարճացան, ծաղրեցին եւ այլն։ Բայց, միեւնույն ժամանակ ու զուգահեռ, շատ լուրջ ու հեռահար զարգացումներ եղան` մյունխենյան շփումները, ՀՀ վարչապետի այցը Փարիզ եւ Աթենք, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի ժամանումը Հայաստան, ռազմական համագործակցության խորացման մասին հայտարարությունները, ոչ միայն սպառազինության, այլեւ հայկական զինուժի վերապատրաստման մասով, Հունաստանի պաշտպանության նախարարի ժամանումը, Ֆրանսիա-Հունաստան-Հայաստան-Հնդկաստան ուղեգծով ռազմական համագործակցության մասին բարձրաձայնումը, ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի՝ մարտին ակնկալվող այցը, որի ընթացքում, հուսանք, ՀՀ-ԵՄ համագործակցության նոր մակարդակի, գուցեեւ նոր ձեւաչափի մասին կհայտարարվի։ Վաղուց այս արագությամբ, այս մասշտաբի բեկումնային իրադարձություններ չէին պատահել։
Սակայն բոլոր այս դրական զարգացումների մեջ կա մի էական պահ՝ Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե, Ֆրանսիա, Հունաստան, Հնդկաստան՝ այդ ամենը հրաշալի է, բայց Հայաստանի անվտանգության համար որոշիչն ու անկյունաքարայինը Հայաստանում ԵՄ առաքելության կազմը սպառազեն խաղաղապահներով լրացնելն է։ Սա է 2024-ի Հայաստանի խնդիրների ալֆան եւ օմեգան։ Մնացյալ ամեն ինչ դրան ածանցյալ է։ ՀՀ պետական սահմաններին պետք է կանգնեն ոչ թե ռուս զինվորները, այլ՝ ԵՄ դիտորդներն ու խաղաղապահները։ 

Դա թույլ կտա անվերադարձ դուրս գալ ռուսական ուղեծրից՝ զուգահեռ ինտեգրվելով Եվրոպային։ Վերջապես, թեկուզ հարյուր տարվա ցավալի ուշացումից հետո, կբարձրանանք այն գնացքը, որին մենք պատկանում ենք քաղաքակրթորեն ու պատմությամբ՝ Հին Հռոմի ու քրիստոնեության ժամանակներից մինչեւ միջնադարյան խաչակիրներ ու անդին։ Ոչ թե ռուս-թուրքական տափաստանային խաժամուժ ու մահմեդականություն, որ օղակել են մեզ հարյուր տարի ու անհաշվելի կորուստներ պատճառել, 1915-ի ցեղասպանությունից, 2020-ի Սեւրի դաշնագրի վիժեցումից ու Արեւմտյան Հայաստանի բռնազավթումից մինչեւ 2023-ի Արցախի հայաթափման ստորություն։ Այդքան կորուստներից հետո վերջապես հասել ենք այն պահին, երբ ատելի ռուս-թուրքական ներկայության էջը կփակվի։ Որքան արագ այդ ամենը պատահի, այնքան լավ, բայց անհրաժեշտ է, որ ամենից առաջ այդ բոլորը պատահի անվտանգ։ Ինչպես անվտանգ 1990-ականներին իջել ենք գնացքից, այնպես անվտանգ էլ պետք է հիմա բարձրանանք գնացք։