Ինչու են զոհվածների հարազատներն ընդունում իշխանական տիկնանց                                                                                                     

Ինչու են զոհվածների հարազատներն ընդունում իշխանական տիկնանց                                                                                                     

Շատերը տարակուսում են, թե ինչպես են զոհվածների հարազատները թույլ տալիս, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ մոտենա իրենց հարազատի գերեզմանին, ծաղիկ դնի, ծունկ չոքի։ Մարդիկ հարցնում են, թե՝ ինչպես են թույլ տալիս, որ 40 օր Արցախի հրամանատարական բունկերում գտնված եւ պատերազմի ընթացքի վրա ազդեցություն ունեցած Աննա Հակոբյանը, որը ժամանակին ասում էր, թե՝ երիտասարդները զոհվել են հանուն ոչնչի, մտնի իրենց տուն, կեղծ խոսքեր ասի, իբրեւ թե ցավակցի, նկարահանումներ անի եւ զոհերի սգի հաշվին դիվիդենտներ հավաքի։ Այդ ընտանիքներից մեկի անդամը մեզ համար բացեց փակագծերը։                                                                                            

Նա պատմեց, որ պատերազմից հետո մի անգամ Աննա Հակոբյանը փորձել էր գալ իրենց տուն՝ մերժել էին։ Մի քանի ամիս շարունակ իրենց համայնքապետը փորձել է համոզել, թե՝ վարչապետի կնոջը թույլ տվեք գա ձեզ այցելության։ Չէին համաձայնում։ Բայց ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում՝ ուղղակի հացի փող չունեին, զրկվել էին կերակրողից։ Եւ քանի որ տանը երեխա կար, հույսները զոհվածի համար ստանալիք գումարն էր։ Բայց այդ գումարը ստանալու հարցում քաշքշուկների մեջ էին ընկել։ Համայնքապետը, իմանալով այս մասին, հորդորում է՝ ընդունել Աննա Հակոբյանին, խոստանալով, որ գումարի հարցը կլուծվի։

Վարչապետի տիկինն այցելում է այս ընտանիքին, նկարահանում են, ցուցադրում։ Հենց այցի ժամանակ էլ ընտանիքի մայրը խնդրում է տիկին Հակոբյանին՝ լուծել այդ գումարի հարցը։ Վերջինս խոստանում է եւ իսկապես՝ նրա այցից հետո ընտանիքին հասանելիք գումարը տրամադրվում է։ Ահա սա է զոհվածների «բարյացակամության» գաղտնիքը։