Միանշանակ, ձայնագրությունը մոնտաժ արած է. Վարդազարյանը` սկանդալային ձայնագրության մասին

Միանշանակ, ձայնագրությունը մոնտաժ արած է. Վարդազարյանը` սկանդալային ձայնագրության մասին

Քիչ առաջ գաղտնալսված ձայնագրություն տարածվեց համացանցում, որ իբրև թե դատավոր Արմեն Բեկթաշյանը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իրեն իբրև թե ցուցումներ տալիս քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի` Ալավերդցի Վահագնի գործով, որ նրան բաց թողնեն:

Hraparak.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ լսել է ձայնագրությունը, ձայնը նմանեցնում է Արմեն Բեկթաշյանին, բայց չի կարող վստահ ասել, որ հենց ինքն է: 

«Էնքան անուն է տալիս ձայնագրության մեջ, այդ թվում` իմ անունը, որ երևի պետք է մեկնաբանի էն մարդը, ով որ խոսում է, իսկ ով է խոսում, ես վստահ չեմ»,-ասաց Վարդազարյանը:

-Բայց Ձեր անունն է տալիս, պարոն Վարդազարյան, և ասում է, որ Դուք զանգել իրեն միջնորդում էիք, որ Վահագն Ալավերդյանին ազատ արձակի, քանի որ կսպանեն իրեն բերդում:

-Ես չեմ հասկանում` ինչ է խոսում, չեմ հասկանում` ում մասին է խոսում, ինչու է խոսում, և, միանշանակ, ձայնագրությունը մոնտաժ արած է, դրա համար մտքի թելը չի բռնվում:

-Պարոն Վարդազարյան, չե՞ք կարծում, որ երբ Ձեր դեմ քրեական հետապնդում սկսեցին, ուրեմն ինչ-որ օպերատիվ տվյալներ ունեին, ձայնագրություն ունեին:

-Չեմ կարող էս պահին մեկնաբանել, բայց էդ ձայնագրությունը չեմ կարող ասել` օրինակա՞ն ձայնագրություն է, ո՞վ է ձայնագրել, ինչի՞ համար է ձայնագրել... Ես հասկանում եմ, որ սա մեկ տարի առաջվա ձայնագրություն է:

-Իսկ ինչո՞ւ են դա հրապարակում հենց հիմա` մայիսի 9-ի եռատոնին և վաղվա հանրահավաքին ընդառաջ: Կարո՞ղ է դրանով ուզում են հանրության ուշադրությունը շեղել վաղվա հանրահավաքից:

-Չեմ կարծում, դա ի՞նչ շեղելու թեմա է:

-Դե, Ձեզ կկապեն ինչ-որ մարդկանց հետ ու դրանով կփորձեն շեղել հանրության ուշադրությունը վաղվա միտինգից, որը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը:

-Եվ ինչո՞վ կարող է դա միտինգին օգնել կամ վնասել: Չեմ կարծում, որ սա կապ ունի վաղվա միտինգի հետ: Վստահ եմ, որ սա կապ ունի այն քրեական գործի հետ, որը հարուցված է: Այսինքն` իմ դեմ հետապնդումը շարունակվում է:

-Ի դեպ, Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:

-Չէ, չեն կանչել: