Ծաղրածուի նկարով ուզում էին Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը փչացնել

Ծաղրածուի նկարով ուզում էին Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը փչացնել

Վաղը՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմակիցները հանրահավաք են անելու։ Օրը պատահական չի ընտրվել՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը։ Հրավիրված հանրահավաքում հավանաբար կխոսեն Շուշիի կորստի եւ վերջին պատերազմում մեր պարտության մասին։

Բնականաբար՝ այս հանրահավաքը նախընտրական քարոզչության շրջանակներում է կազմակերպվում եւ հասկանալի է այն եռանդը, որով քոչարյանականները պատրաստվում են դրան՝ աշխատելով որքան հնարավոր է շատ մարդ հավաքել եւ տպավորիչ մեկնարկ կազմակերպել։ Թեեւ վաղը ողջ օրը անձրեւելու է եւ դժվար թե մեծ քանակություն հավաքվի։

Ինչեւէ, հասկանալի է նաեւ իշխանական թեւում տիրող անհանգստությունը։ Այս օրերին ամբողջ հանրապետությունով մեկ փչացնում եւ վնասում են Ռոբերտ Քոչարյանի գրքի մեծ պաստառները։ Իսկ այսօր իշխանությունը մեկ այլ կրեատիվ ստորություն էլ է մտածել՝ Օպերայի հրապարակին նայող մեծ պաստառ են փակցրել՝ Պայացներ օպերայի գովազդով, որի վրա մեծ ծաղրածուի նկար է։ Սա, ըստ մտահղացման, պետք է երեւար Ռոբերտ Քոչարյանի թիկունքին՝ նրա ելույթ ունենալու ժամանակ։ Այս հատվածում օպերայի, կամ համերգների գովազդներ անցյալում շատ քիչ են փակցվել, դրանք, որպես կանոն, փողոցի կողմից են փակցվում եւ օպերայի ճակատային հատվածում։ Ավելի ուշ տեղեկացանք, որ օրվա ընթացքում Ազատության հրապարակում բեմ հավաքողները ծաղրածուի պաստառը հանել են՝ Քոչարյանի հակառակորդներին զրկելով վաղն այդ տեսարանի վրա զվարճանալու հաճույքից։