Մեր պարագայում արևմտամետություն, նշանակում է թրքամետություն

Մեր պարագայում արևմտամետություն, նշանակում է թրքամետություն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

-Այսօր Արցախի անկախության օրն է: Բլոկադայի մեջ հայտնված, սովահար Արցախն ի՞նչ է այսօր տոնելու: Անկա՞խ է արդյոք Արցախն այսօր:
 
-Իսկապես, դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ծանր իրավիճակում են արցախցի մեր հայրենակիցները։ Բայց, չնայած այդ ամենին, նրանք չեն կոտրվում և շարունակում են պայքարն իրենց ազատության և անկախության համար։ Դրա վառ օրինակն է, Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ երթուղու արգելափակումը։ Սա ցույց է տալիս, որ արցախցիների համար իրենց ազատությունը վեր է նյութական ժամանակավոր «բարիքներից»։ Եվ ինչպես, արցախցի դպրոցականները ոտքով կիլոմետրեր կտրելով, սեպտեմբերի 1-ին հաճախեցին դպրոց, այնպես էլ արցախցիները կտոնեն իրենց անկախության օրը, ի հեճուկս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության։ Այո՛, քանի դեռ Արցախը պայքարում է, նա անկախ է։ Անկախությունը, նախ և առաջ հոգեբանություն է, որով օժտված են Արցախի մեր հայրենակիցները։

-Ընդդիմադիրներն այսօր ակցիա են նախատեսել: Ի՞նչ գնահատական կտաք այդ ակցիային:

-Այսօրվա հանրահավաքը նախատեսված է որպես պայքարող Արցախին աջակցություն։ Արցախը պետք է իմանա, որ Հայաստանը միայն նրա վարչապետ կոչեցյալը չէ, իր ՔՊ-ականներով, որոնք ուրացել են հայրենի Արցախը։ Հանրահավաքը նաև ուղերձ է միջազգային հանրությանը, նույն իմաստով։ Այս տեսակետից անչափ կարևոր է հանրահավաքի բազմամարդ լինելը։  Հուսանք, որ այսօրվա հանրահավաքին կմասնակցեն բոլոր իրական ընդդիմադիր ուժերը և այն կունենա շարունակություն, մինչև ազգադավ իշխանության հեռացումը։
 
-ԱԺԲ-ն համարում է, որ Արցախը Հայաստանի մարզ է և հաճախ ակցիաներ է իրականացնում: Ի՞նչ կասեք այդ մասին։
 
-Ինչ վերաբերում է ԱԺԲ-ին, ապա այդ քաղաքական ուժը  չի տարբերվում ՔՊ-ից՝ նույն հակառուսական, արևմտամետ կողմնորոշմամբ։ Բավական է նայել քարտեզին և պարզ է դառնում, որ մեր պարագայում արևմտամետություն, նշանակում է թրքամետություն։ Հայաստանից Արևմուտք, ի տարբերություն՝ Մոլդովիայի, Ուկրաինայի, Բելառուսի, որոնք սահմանակից են եվրոպական երկրներին, Թուրքիան է, ի դեպ՝ Արևմուտքի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ։ Նույնիսկ Վրաստանը դեպի Արևմուտք ունի ելք դեպի ծով։ ԱԺԲ-ն Արցախը համարում է որպես Հայաստանի մարզ, իսկ Արցախի, որպես անկախ երկրորդ հայկական պետության կողմնակիցներին համարում՝ դավաճաններ։Հետաքրքիր է, որ 2016թ․ Շուշիում կայացավ հանդիպում և հրապարակվեց «Շուշիի հռչակագիրը» , որի հեղինակը այսօրվա ԱԺԲ-ի առաջնորդ Արա Պապյանն էր։ Հռչակագրում պարզ ասված է «․․․Արցախի Սահմանադրությամբ ամրագրված․․․»։ Այսինքն, Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը, հռչակագիրը ստորագրող մյուսների հետ միասին, 2016թ․ եղել են դավաճաններ, հետո իրենք ապաշխարհել և դարձի՞ են եկել։ Պատահակա՞ն էր արդյոք, Հայաստանի վարչապետ կոչեցյալի «Սա Հայաստան է և վերջ» խոսքերն ու ԱԺԲ-ի կողմից Արցախը Հայաստանի մարզ համարելը։