Մուհամեդի հրաշքը

Մուհամեդի հրաշքը

Առանձին վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ լրագրողներ արդեն խոսում են այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Երեւանում ռուսական տանկեր հայտնվեն: Սակայն ՀՀ իշխանությունների, իմա՝ Նիկոլի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ անգամ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տանձին էլ չէ առանձին վերլուծաբանների, քաղաքագետների եւ լրագրողների այդ մտահոգությունը: Թվարկվածների համար ծովը շարունակում է ծնկներից մնալ: Հիմա էլ նեղացկոտ երեխայի կեցվածք են որդեգրել եւ հերթով հայտարարում են, որ չեն կարող մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին: Մեր հասարակ ժողովրդին էլ թվում է, թե մեր «հերոս» առաջնորդները դեմարշ են անում ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի դեմ: Եվ, ահա, առանձին վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ լրագրողներ հայտարարում են, որ Երեւանում կարող են ռուսական տանկեր հայտնվել:

Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրենք ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվել են այն պարզ պատճառով, որ ՀԱՊԿ-ում չգիտեին, թե որն է ՀԱՊԿ-ի կողմից պահպանվող ՀՀ սահմանը: Սա շատ հետաքրքիր պատճառաբանություն է, եթե այն դիտարկում ենք հայ-ադրբեջանական սահմանին արեւմտյան դիտորդներ տեղակայելու անփառունակ որոշման համատեքստում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ արեւմտյան դիտորդները գիտեին այդ սահմանի տեղն ու անմիջապես գործի անցան, իսկ ՀԱՊԿ-ն չգիտեր: Հասկանալի է, չէ՞, որ դիտորդներին սահման են տարել ՀՀ իշխանություններն ու ցույց տվել տեղանքը՝ ահա, այս, այս, այս բլուրները մերն են, այն, այն եւ այն բլուրները մերը չեն, իսկ սահմանն էլ անցնում է, այ, այն գետակով: Եվ դիտորդները հեռադիտակները դրել են աչքներին ու ակնդետ հետեւել գետակի երկու կողմի անցուդարձին: Չէ՞ր կարելի ՀԱՊԿ ուժերի հրամանատարությանը ցույց տալ սահմանն ու ասել՝ դե պահեք, ախպեր, որ թուրքը չխորանա մեր տարածքում:

Պարզապես մերոնք չեն ցանկացել, նրանց արեւմտյան տերերը թույլ չեն տվել, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, դիմել այդ կազմակերպությանը: ՀԱՊԿ-ի միջամտությունը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղող Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի համար: Սա է ամենը: Դե իսկ սեփական անգործությունն ուրիշների վարքով բացատրելու հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ու հետինները պարզապես մրցակից չունեն:
Իսկ հիմա մի փոքր այլ տեսանկյունից մոտենանք Մինսկ չգնալու խնդրին. կարող էին գնալ, բայց չգնացի՞ն, թե՞ ուղղակի չէին կարող գնալ, որովհետեւ անհաղթահարելի հանգամանքներ էին ի հայտ եկել: Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի պատճառաբանություններում հստակություն չկա: Ոչ մի բացատրություն այն մասին, թե ինչու չեն մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպումներին ու քննարկումներին: Երեքն էլ հայերեն ասած՝ «պոգոլովնը» օգտագործել են «չենք կարողանա մասնակցել» արտահայտությունը՝ առանց որեւէ բացատրության: Կորոնավիրուսի օրերին, հիշում եմ, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, արագացված տեմպերով առողջացավ ու մեկնեց Մոսկվա՝ Լադիմիր Լադիմիրովիչին տեսնելու: Իսկ հիմա՞ ինչ է պատահել, որ գրել են՝ «չենք կարողանա մասնակցել»: Կարող ա՞ հղի եք, պարոնայք, հղի՝ վախերով, հղի՝ ձեզ ասվելիք խոսքերի հանդեպ սարսափով, հղի՝ այսպես կոչված, Հռոմի ստատուտի հետեւանքների համար պատասխան չտալու աֆերիստության բեռով: Պարզ ասեք՝ հասկանանք, ինչո՞ւ չգնացիք Մինսկ: ՀԱՊԿ-ից դո՞ւրս եք գալիս, ուզում եք ռուսական 102-րդ ռազմաբազան հանե՞լ Հայաստանից… Ուրեմն էլ ինչո՞ւ եք ՀՀ ԱԺ ամբիոնի մոտ խունջիկ-մունջիկ գալիս, թե այդպիսի հարց չեք քննարկում: Միանգամից ասեք, ասեք, որ որոշում ունեք, ասեք, որ անվտանգության այլ հովանոցներ եք փնտրում Պուտինի հովանոցից բացի, որի տակ բախտ եք ունեցել կանգնելու եւ նկարվելու:

Պատերազմից հետո, պարոն Փաշինյան, Դուք մեզ ասացիք, որ ապագա կա: 2021թ. Ձեր քարոզարշավից 2,5 տարի անցավ: Կորցրել ենք ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքի մի մասը, ոչ մի ճանապարհ մինչ օրս բաց չէ, մի բան էլ վտանգվել են մեր միջպետական որոշ ճանապարհներ, խաղաղություն խոստացաք՝ խաղաղության պայմանագիր չկա: Հիմա էլ «Խաղաղության խաչմերուկ» եք հայտնագործում, որի մասին ոչ ոք լսել չի ցանկանում, բոլոր շահագրգիռ կողմերը «փաթաթած» ունեն տարածաշրջանի խաղաղության մասին ձեր բոլոր մտասեւեռումները: Եվ ուրեմն հիմա ես ի՞նչ մտածեմ ձեր մասին ու այն մասին, թե ինչու չեք «կարողանում» գնալ Մինսկ:

Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնն իր գրվածքներում հաճախ է անդրադարձել «աշխույժ» քաղաքական շառլատաններին, որոնք, ըստ փիլիսոփայի, մարգարեի նման հրաշքներ են խոստանում ժողովրդին, բայց անհաջողություն կրելով՝ կարողանում են խելամտորեն արդարացումներ գտնել իրենց համար: Եվ անգլիացին պատմում է, այսպես կոչված, «Մուհամեդի հրաշքը»: Մուհամեդը մի անգամ վստահեցնում է ժողովրդին, որ լեռանը կկանչի իր մոտ եւ նրա գագաթից աղոթք կկատարի հավատացյալների համար: Հավատացյալները հավաքվում են Մուհամեդի շուրջը, որ տեսնեն այդ հրաշքը: Եվ Մուհամեդը դիմում է սարին, բայց երբ սարը տեղից չի շարժվում, մնում է ամոթալի վիճակում: Եվ նա գտնում է այդ վիճակից դուրս գալու հնարը՝ հայտարարելով. «Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ»: Սա շատ ուսուցողական պատմություն է քաղաքական շառլատան Նիկոլի համար, որ դեռ 2018-ին հայտարարում էր, թե Ռուսաստանը ստիպված կլինի ադապտացվել թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջացած նոր իրողություններին: Հինգ տարի է անցել, բայց Ռուսաստանը տեղից էլ չի շարժվում՝ Հայաստանի նոր իրողություններին հարմարվելու համար: Բա հիմա ի՞նչ ենք անելու, Նիկոլ, չե՞ս ուզում գնալ Ռուսաստանի մոտ: Իսկ գուցե գնաս, որ հանկարծ ռուսական տանկերը չգա՞ն խաղաղության մայրաքաղաք Երեւան: