Ով գնա այս իշխանության հետ համագործակցության, դա ոչ մեկին չի ներվի

Ով գնա այս իշխանության հետ համագործակցության, դա ոչ մեկին չի ներվի

«Արցախի պետական ինստիտուտների պահպանման գործընթացը կուսակցական բնույթ չի կրում եւ կազմակերպված է Արցախի պետականության պահպանության հանձնախմբի շրջանակներում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Հստակ որոշում կար, որ ինստիտուտները պետք է պահպանվեն, բայց իրավիճակը բավականին բարդ է, որովհետեւ այս գործընթացի դեմ անասելի շատ ճնշումներ են գործադրվում` թե՛ արտաքին, թե՛ ներքին։ «Եթե Դուք ուշադրությամբ հետեւեք այն օրակարգին, որն առաջ են տանում Ադրբեջանը կամ Թուրքիան, դրանք այլեւս այսօրվա մասին չեն, որպես այդպիսին։ Դրանք ուղղված են փոշիացնելու կամ ոչնչացնելու այն պոտենցիալը, որը հետագայում թույլ կտա հայկական գործոնին ոտքի կանգնելու։ Սրան են ուղղված բոլոր գործընթացները, որովհետեւ հիմա, ինչքան էլ ցավոտ լինի, ՀՀ, որպես այդպիսին, գոյություն չունի, որպես սուբյեկտ, որը կարող է իր ճակատագրի կամ իր շահերը սպասարկող քաղաքականություն վարել։ Այն գործողությունները, որոնք տարվում են Հայաստանի դեմ, տարվում են ոչ թե այս պահի համար, այլ դրանք ավելի շատ ուղղված են հետագային»,- ասաց Պետրոսյանը։

Իսկ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կարեւոր է նրանով, որ թե՛ ֆորմալ, թե՛ իրավական առումով մենք կկարողանանք ամրագրել մեր իրավունքներն ու պահանջները։ Ժամանակը ստատիկ չէ, աշխարհաքաղաքական դերակատարներն են փոխվում, դասավորություններն են փոխվում, հետեւաբար, սա այն պատմական պահն է իրենց համար, որտեղ ոչ միայն գետնի վրա խնդիրը լուծելն է կարեւոր, այլ նաեւ հետագայում չեզոքացնել այն բոլոր հնարավորությունները, որոնցով կարող ենք հավակնել Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շահի։

«Ես հույս ունեմ, որ Արցախի նախագահը չի գնա համագործակցության Հայաստանի Հանրապետության իշխանության հետ։ Եվ ոչ թե նրա համար, որ մենք դրան վատ ենք վերաբերվում, այլ որ բոլորս շատ լավ գիտենք Հայաստանի իշխանությունների նպատակները եւ վերաբերմունքն Արցախին։ Բոլորս իդեալական դա գիտենք։ Նույնիսկ եթե գնա համագործակցության, իրենց աչքի առաջ կարող են ունենալ այն, թե ինչ է եղել այն մարդկանց հետ, ովքեր երբեւէ համագործակցել են իշխանության հետ` հատկապես այս ոլորտում, նրանք, միեւնույն է` դատվելու են։ Եթե մարդիկ մտածելով, որ համագործակցելով կարող են մեղմել ինչ-որ գործընթացներ՝ չի լինելու նման բան, նայեք Դավիթ Տոնոյանով սկսած, մնացած գործերով վերջացրած՝ չի լինելու այդպիսի բան։ Բայց եթե լիներ այդպիսի բան, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ սա պատմական կարեւորագույն պահ է, եւ այստեղ իր անձի անվտանգության խնդիրը չէ։ Հազարավորները տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը, եւ որեւիցե մեկը, եթե այս պահին նույնիսկ իշխանությունը լինի բարենպաստ, որ գնան առեւտրի իշխանության հետ, սա ոչ ոքի չի ներվելու, այս արժեքը սակարկողներին երբեք չի ներվելու, այս ամենը մի օր ավարտվելու է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեզ հետաքրքրում էր` արդյոք ինքը եւ իր համախոհներն այլընտրանքային ընդդիմություն դառնալու հա՞յտ են ներկայացրել, Պետրոսյանը կարծում է, որ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները փորձելու են թույլ չտալ, որ նոր ընդդիմություն ձեւավորվի: Սակայն, անկախ այդ փորձերից, եթե ի վիճակի չես որպես այդպիսին ձեւավորվել, նշանակում է քեզնից ոչինչ չես ներկայացնում: Կնշանակի` գործելու ես այնքանով, որքանով քեզ թույլ են տալու։ Պետրոսյանը համոզված է, որ իրենք կարողանալու են ձեւավորվել որպես ընդդիմություն․ ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, որոնց հետ պատրաստ են համագործակցել, ասաց, որ թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության պարագայում համագործակցության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ երկու կողմն էլ նույն արժեհամակարգի կրողներն են, հետեւաբար, բացառված է նրանց հետ համագործակցության որեւէ եզր։
Անդրադառնալով ԱՄՆ-Ադրբեջան կոշտ հայտարարություններին, Պետրոսյանը նշում է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանար պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, ապա դա անելու համար հազար ու մի չերեւացող լծակներ ուներ, եւ առանց ճոխ հայտարարությունների կարող էին զսպել Ադրբեջանին։ Դա հստակ հասկանում են Ադրբեջանում եւ նման հայտարարություններով ցուցադրում են, թե ինչքան խիստ են վիրավորված։ Հայաստանին էլ ոգեւորում են` Ռուսաստանի դեմ տարվող քաղաքականության մղելով: Պետրոսյանը շեշտում է՝ Հայաստանը չի կարող Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Հայաստանը չէ Ռուսաստանին բերել տարածաշրջան։ Հայաստանը չի կարողանում անգամ իր սուվերեն տարածքներից, օրինակ` Սեւ լճից՝ վռնդել ադրբեջանցի զինվորականներին, այդ ինչպե՞ս է դուրս բերելու Ռուսաստանը տարածաշրջանից։ Դա ուտոպիա է՝ ասում է Սուրեն Պետրոսյանը։ Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանը դիտարկում է որպես հակառուսականության դրոշակակիր այս տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։