Հաջորդ նախապայմանը կարող է լինել թուրքական քաղաքացիություն ընդունելը

Հաջորդ նախապայմանը կարող է լինել թուրքական քաղաքացիություն ընդունելը

Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձում բացակայում էին «Թուրքիա» եւ «թուրք» բառերը, չկա Ցեղասպանության ճանաչման կոչ կամ հորդոր, որեւէ խոսք թուրքական ժխտողականության մասին, ընդամենը մեկ անգամ էր օգտագործվում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, այն էլ՝ գոյություն չունեցող Օսմանյան կայսրությունում, որը կարծես ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ: Ուղերձը կազմված էր այնպես, որ հանկարծ չվիրավորի, չնեղացնի Թուրքիայի իշխանություններին, նրանց առիթ չտա հրաժարվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, որի մասին արդեն տեւական ժամանակ խոսում եւ երազում են ՀՀ իշխանությունները եւ անձամբ Փաշինյանը, բայց այդպես էլ չեն կարողանում իրացնել այդ երազանքը: Իսկ հաջորդ օրը թվիթերյան տեքստում առհասարակ «Մեծ եղեռն» բառերն օգտագործեց Փաշինյանը։

24-ի ուղերձի ամբողջ իմաստը ուրացումը պետական քաղաքականության վերածելն է, Ցեղասպանության պատասխանատվությունից Թուրքիային ազատելը: Փաշինյանն ապրիորի պնդում է, թե Ցեղասպանության հուշահամալիր գնացողներին հուզում է 2 հարց. ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որը Փաշինյանը թուրքերի համար ավելի ընդունելի «Մեծ եղեռն» է անվանում, եւ ինչ պետք է անել՝ դրա կրկնությունը թույլ չտալու համար: Ստացվում է, որ Ցեղասպանությունից 108 տարի անց հայ հասարակությունը դեռեւս չունի այդ հարցերի պատասխանը: Հայ հասարակությունը վաղուց՝ 108 եւ ավելի տարի առաջ էլ իմացել է, որ Թուրքիայի եւ դրանից էլ առաջ Օսմանյան կայսրության նպատակը եղել է հայ ժողովրդի հայրենազրկումը, հայերին կոտորելու, ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով նրանց պատմական հայրենիքին տիրանալը, եւ այդ քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր: Այսօր էլ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են հայերին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից, Հադրութի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի գրավված եւ թուրքացվող բնակավայրերը դրա ամենավառ վկայությունն են։ Տեղի, Սոթքի, Ներքին Հանդի եւ Հայաստանի մյուս բնակավայրերի տարածքների գրավումը տեղի է ունենում մեր աչքի առաջ:

Ինչ վերաբերում է «ինչ անել՝ Ցեղասպանության կրկնությունը թույլ չտալու» հարցին, ապա դրա պատասխանի շուրջ եւս կա հանրային կոնսենսուս. համազգային համախմբման միջոցով դիմակայել թուրքական ագրեսիային, ունենալ ազգային-պետական շահը գիտակցող իշխանություն, որը կկարողանա ուղղորդել համազգային դիմադրությունը: Փաշինյանը եւ նրա իշխանությունը դուրս են այդ հանրային կոնսենսուսից, նրանք ունեն Ցեղասպանության պատճառների եւ դրա կանխման ուղիների սեփական ընկալումը:

Փաշինյանն իր ուղերձով սկսում է հայ պատմագրության, այսպես կոչված, վերախմբագրումը: Փաշինյանը խորհրդարանում ասում էր, որ պետք է հրաժարվել խորհրդահայ պատմագրության կաղապարներից, բայց խորհրդահայ եւ ոչ խորհրդահայ պատմագրությունը Ցեղասպանության հարցում հակասություններ չունեն, չհաշված մի քանի բացառությունները: Փաշինյանի նպատակը հայ պատմագրությունը թուրքական պատմագրությամբ փոխարինելն է, ըստ որի՝ Հայոց ցեղասպանություն չի եղել՝ դա ընդամենը հորինվածք է, Թուրքիային ուղղված կեղծ մեղադրանք: 
Փաշինյանը համոզված է, որ իր իշխանության փրկությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, որի պարագայում Թուրքիան Հայաստանի անկախության եւ անվտանգության սպառնալիքից կվերածվի Հայաստանի անվտանգության երաշխավորի: Փաշինյանին թվում է, կամ գուցե թուրքական իշխանությունները խոստացել են, որ եթե Հայաստանի գործող իշխանությունները կատարեն իրենց բոլոր նախապայմանները, ապա հնարավոր է, որ Թուրքիան համաձայնի ստանձնել այդ դերը: Նախապայմաններից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հրաժարվելն է, Թուրքիային ուղղված մեղադրանքներից հետ կանգնելը, ինչը Փաշինյանը սիրահոժար կատարել է իր ուղերձում:

Թուրքիան սկզբունքորեն դեմ չի լինի դառնալ ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի անվտանգության երաշխավորը: Բայց դրա համար նախապայմանները չեն սահմանափակվելու միայն Ցեղասպանությունից հրաժարվելով: Ինչպես Ալիեւն է Արցախի բնակիչներին իրենց հայրենի հողում ապրելու համար որպես նախապայման պահանջում ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, Թուրքիան էլ կարող է պահանջել, որ Հայաստանում ապրող հայերն ընդունեն Թուրքիայի քաղաքացիություն, մանավանդ որ հիմնավորում էլ ունի. այստեղ բնակվողների մեծ մասն Օսմանյան կայսրության քաղաքացիներ են եղել: Փաշինյանը եւ նրա թիմի մեծ մասը դեմ չի լինի այդ տարբերակին, եւ Փաշինյանը կարող է ինքն օրինակ ծառայել՝ հայտարարելով, որ թուրք լինելը ոչ միայն ամոթ չէ, այլեւ մեծ հպարտություն է: Բայց մի քանի հարյուր հոգով հարցը չի լուծվի:

Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը եւ հայ ժողովրդին, որ նրա իշխանությունը շատ կարճ է, դրա համար օգտագործում են այդ կարճ ժամանակահատվածը՝ որքան հնարավոր է արդյունավետորեն, հնարավորինս նվաստացնելով Հայաստանին եւ հայ ժողովրդին եւ առավելագույն զիջումներ ստանալով: Թուրքիան սահմանը չի բացի, եթե բացի էլ՝ միայն հումանիտար նկատառումներից ելնելով. երբ անհրաժեշտություն առաջանա փրկել Փաշինյանին եւ նրա իշխանության ներկայացուցիչներին:

Ավետիս Բաբաջանյան