Չաղավաղենք հայոց լեզուն

Չաղավաղենք հայոց լեզուն

Լեզուն հասարակության դիմանկարն է: Մեր լեզուն` հայոց լեզուն, այսօր անփույթ է, հասարակ, փողոցային ժարգոնով լի, գռեհիկ, փնթի, թափթփված: Եվ այս գռեհիկ լեզվի միտումն ամենուրեք է, հատկապես հեռուստասերիալներում, հեռուստատեսային բանավեճերի ժամանակ, ԱԺ-ում, կառավարությունում, նույնիսկ՝ բուհերում: Քիչ են գեղարվեստական խոսքի մարդիկ, որոնք, կարծես, անհետանում են, ինչպես անհետանում է մարդ-գեղագետը: Մենք աստիճանաբար սկսում ենք չհասկանալ ինքներս մեզ:

Մենք կորցնում ենք լեզվի ոգին: Մենք կորցրել ենք հարգանքը հանդեպ խոսքը: Մենք կորցրել կամ կորցնում ենք մշակված մարդը: Ո՞վ է այսօր արտահայտվում մի լեզվով, որի, ինչպես Ռ. Զարյանն էր ասում, «լեզվական ֆակտուրան հարուստ է, ունի ներքին հրայրք, խոսքը՝ արտիստականորեն գեղեցիկ, բայց երբեք վերամբարձ, երբեք պերճաշուք, երբեք սնամեջ»: Աստվածաշունչը մայրենի լեզվով ունենալու պահանջը եղել է հիմնական եւ հրամայական պահանջ՝ ստեղծելու սեփական մայրենի գիր` Այբ ու Բեն: Մեր լեզուն մեր մեծագույն ստեղծագործությունն է: Ինչո՞ւ ենք ամեն ինչ անում, որպեսզի այն ոչնչացնենք, փոխանակ անենք ամեն ինչ՝ այն մաքուր պահելու համար, պահպանելու նրա գեղեցկությունն ու ախորժելի հնչողությունը, բույրը: Ինչո՞ւ ենք ոչնչացնում դարերի ընթացքում ձեւավորված մեր լեզվի նրբերանգները: Լեզուն պահանջում է խնամք, հոգատարություն:

Աբովյանից եկող պատգամը՝ «Ղայիմ պահեք հայոց լեզուն», նաեւ նշանակում է մաքրել գռեհիկ արտահայտություններից եւ գռեհիկ ինտոնացիաներից: Եթե մենք ունենանք արգելելու կուլտուրա եւ նորմատիվային խոսքի ու ինտոնացիայի պահպանման կուլտուրա, կկարողանանք մաքրել մեր լեզվի ֆոնը եւ կտիրապետենք մեր լեզվի բոլոր տեմպերացված ռեգիստրներին: Ուշադիր լսեք մեր քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրավաբանական ասպարեզի գործիչներին, ԱԺ պատգամավորներին, կառավարության անդամներին, հեռուստատեսությամբ գովազդ իրականացնող անձանց:

Պարզապես զարհուրելի է, խայտառակություն է: Այսպե՜ս այլանդակել, խեղե՜լ մայրենի լեզուն, այն էլ բարձր ամբիոնի՞ց: Զայրացուցիչ է հայերեն բանավոր խոսքի ընթացքում ռուսերեն արտաբերումով բառերի հնչեցումը՝ լիձեռ, կրեձիտ, էներգեծիկ, ծեխնալոգիա, պրակծիկ, օբյեկծիվ, իձեալ, ձիրեկտըր, լոկոմոծիվ… կամ չարտաբերել որոշիչ հոդը՝ ուրեմ+ն, ոչ մեկ+ը, հայ մեծեր+ը կամ` մի ձեւ+ով եւ այլն: Ճիշտ չեն արտաբերվում բարդ բառերը. տարեկետումը արտաբերվում է տարկետում, տարահանելը՝ տարհանել, այսինքն՝ առանց կապող ձայնավորի: Սխալ են արտաբերվում նաեւ հաճախ հանդիպող ածականները. պաշտոնեական, ճիշտը՝ պաշտոնական, ընտանեական՝ ընտանեկան եւ այլն: Սոսկալի են բանավոր կամ գրավոր կարդացվող տեքստի ինտոնացիոն վայրիվերումները, շեշտերի կամայական, անտրամաբանական տեղադրումը, վերջին վանկը ձգել-երգելը, սովորական նախադասությունը կարդալիս ձայնը մերթ ուժեղացնել, մերթ մեղմացնելը, կադրի ետեւից տեքստը մանկական՝ կոնֆետ, պաղպաղակ խոստացող ձայնով կարդալը եւ այլն: Չափից ավելի են օգտագործվում  «կտրվածքով», «մասով», «գործիքակազմ», «թիրախավորել» բառերը: Դրանք երբեմն կարելի է փոխարինել նույն իմաստը կրող այլ բառերով, որպեսզի ականջը չվրդովվի, ու ընկալումը չբթանա:

Անտրամաբանական, հսկայական տուգանքներ են նշանակված ճանապարհային կանոնները խախտելու համար. 5.000, 20.000, 30.000, 50.000: Իսկ ինչո՞ւ տուգանքներ չեն նշանակված մայրենի լեզուն ոտնահարելու, վարկաբեկելու, այլանդակելու համար, առավել եւս, որ մեր պետական լեզուն` հայոց լեզուն, դրոշի ու զինանշանի հետ խորհրդանշում է մեր ազգային էությունը, բովանդակությունը, արժանապատվությունը: Պետք է նշանակել պետական տուգանք պատգամավորների, կառավարության անդամների, հեռուստաընկերությունների համար՝ 50.000-500.000 դրամ, եւ լեզուն աղավաղողներին ուղարկել երկամսյա պարտադիր ուսուցման: Չուղղվելու դեպքում ազատել զբաղեցրած պաշտոնից:

Հարգարժան պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ղեկավարած կազմակերպությամբ եւ լեզվապահպանների աջակցությամբ կատաղի, անողոք պայքար պետք է մղի լեզվահենների դեմ:
Մյուս ծայրահեղությունն էլ պետք չէ. ճոռոմ, պաճուճազարդ լեզու՝ ռոկոկո: Սրբորե՛ն պահենք մեր մայրենի մեծասքանչ լեզուն: Մեր լեզուն հիմնված է մեր հողի, կլիմայի, կենսակերպի, սովորությունների, միմյանց հարաբերվելու վրա: Այն ճկուն է, եւ այդ պատճառով էլ յուրաքանչյուր թարգմանություն օտար լեզվից հնչում է հարազատ ու անթերի: Լեզուն մաքուր պահելու անհրաժեշտ պայմանը նրա կառուցվածքն է, շարահյուսությունը, որոնք պետք է կրեն ազգային առողջ արմատներ: Մեր ոգու պատմությունը մեր լեզվի մեջ է:

Զավեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ