Խոսե՞լ, թե՞ չխոսել․ ա՛յս է խնդիրը

Խոսե՞լ, թե՞ չխոսել․ ա՛յս է խնդիրը

Եվ այսպես․ բոլորեց մեկ տարին, երբ Սերժ Սարգսյանը մի գլուխկոտրուկ միտք հայտնեց ու հրաժարական տվեց: Չլուծվող հանելուկ դարձավ այն, թե ինչ ասաց Սարգսյանը՝ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ: Այն, որ Նիկոլը կարող է ճիշտ լինել, հասարակության զգալի մասը չի կասկածում՝ առայժմ չի կասկածում։ Նույն հատվածը նաեւ համոզված է, որ Սերժ Սարգսյանը կարող է սխալ լինել, բայց կոնկրետ ո՞ր սխալը նկատի ուներ, երբ տալիս էր հրաժարականը։ Սա է հարցերի հարցը, որ ուզում է իմանալ հասարակությունը եւ հատկապես՝ լրագրողական համայնքը: Եթե Սարգսյանը սա ասած լիներ բանավոր խոսքում, կարելի էր մտածել, թե՝ դե, մարդ էր, մի բան ասաց, երեւի ինքն էլ չի մտածել, թե ինչու ասաց, բայց խոսքը եղել է գրավոր, իսկ գրավոր խոսքում բովանդակային վրիպումները գրեթե բացառվում են, մանավանդ, որ այդ խոսքի վրա մի ամբողջ թիմ է աշխատում։

Նաեւ հաշվի առնենք, որ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ շախմատիստն է, ուստի այս խոսքը պատահական լինել չէր կարող: Իսկ այն չեն գաղտնազերծում ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ նրա թիմակից հավատարիմները, ասենք՝ Շարմազանովը կամ Աշոտյանը: Ի՞նչ է սա, իր շուրջը խորհրդավորություն ստեղծելու եւ հետաքրքրությունը պահելու խորամանկ միջո՞ց,  թե՞ պարզապես Սարգսյանն այդ պահին զգացել է, որ Նիկոլը ճիշտ է այն հարցում, որ հասարակությունն իրեն չի ընդունում: Հիշենք, թե ինչպես էր այդ օրերին ողջ հանրապետությունը ոտքի կանգնել եւ մերժում Սերժին: Եվ գուցե հիմա, տեսնելով Փաշինյանի վարկանիշի օրեցօր անկումը, չի ուզում խոստովանել իր այդ զգացողությունը: Ինչեւէ, հիմա էլ մեկ այլ գլուխկոտրուկ են ստեղծել՝ «Սերժ Սարգսյանը կխոսի»,- պարբերաբար հայտարարում են Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը: Սարգսյանն ինքն էլ է ասում, որ երբ ժամանակը գա, կխոսի: Այնպիսի տպավորություն է, թե մերժվածներն արհեստականորեն ուզում են «կխոսի-չի խոսի» հարցադրումը դարձնել հասարակությանը հետաքրքրող թիվ մեկ հարցը եւ ժամանակն այնքան ձգեն, մինչեւ Փաշինյանի վարկանիշը հասնի ամենացածր կետին:

Ի վերջո, ի՞նչ կարող է խոսել մի երկրի նախկին ղեկավար, որի հրաժարականի լուրը դարձավ համաժողովրդական տոնախմբության առիթ, մարդիկ հրավառությամբ, քեֆ-ուրախությամբ, որոշ տեղերում մատաղի արարողությամբ տոնեցին այդ հրաժարականը: Այն տոնում էին նաեւ արտերկրում ապրող հայերը: Սա, բնականաբար, տեսել է երկրի թիվ մեկ մերժվածը, որի ղեկավարության օրոք իշխանության եւ ժողովրդի միջեւ ստեղծվել էր անանցանելի անդունդ։ Դրա պատճառները բազմաթիվ էին ու տարաբնույթ, որոնց հիմա չենք անդրադառնա: Համաժողովրդական այս ուրախությունը տեսնելուց հետո ո՞ր նախկին ղեկավարի՝ գլխավոր մերժվածի արժանապատվությունը թույլ կտա նորից խոսել: Պետք է խոստովանենք, որ Սերժ Սարգսյանը հեռացավ արժանապատիվ ձեւով՝ առանց արյան ու բռնության: Նրա հեռանալը նույնիսկ նման է իշխանության խաղաղ հանձնման. նա թույլ տվեց, որ մի քանի հոգուց բաղկացած քայլերթը ձնագնդի նման գնալով մեծանա, մինչդեռ դա կասեցնելու բոլոր եղանակներին նախկինները լավ են տիրապետում: Էլ չենք խոսում այն մասին, որ կային հարմար պահեր, երբ «օրենքի սահմաններում» կարող էին ձերբակալել Փաշինյանին եւ իր թիմակիցներին, եւ ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես միշտ:

Խոսքը վերաբերում է կոնկրետ ռազմավարական նշանակություն ունեցող Ռադիոտուն մտնելուն: Ի՞նչ էր սա, Սարգսյանն ու Փաշինյանն ունեի՞ն ներքին պայմանավորվածություն, թե՞ Սարգսյանը պարզապես հոգնել էր իշխանությունից, դրա համար պայքարելուց եւ արդեն ուզում էր տեսնել, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու, ինչպես են իրեն մերժելու: Եվ նա տեսավ համաժողովրդական բացասական վերաբերմունքն իր հանդեպ, մերժումը, ատելությունը, այսքանից հետո ի՞նչ է ասելու իրեն մերժող, չսիրող հասարակությանը երկրի նախկին ղեկավարը: Այո, այսօր գնալով խորանում է հիասթափությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, որի մեկամյա կառավարումը ոչ մի ոլորտում հաջողություն չի գրանցել, ու հասարակության զգալի մասն արդեն ակնհայտ դժգոհ է նրա տնտեսական, կադրային, արտաքին քաղաքականությունից, օտարամոլ բարքերի «ազատականացումից»: Բայց սա դեռ չի նշանակում, թե մարդիկ ուզում են անցյալի՝ Սերժ Սարգսյանի վերադարձը կամ պատրաստ են դրան: Իհարկե, ո՛չ:

Օրերս երրորդ նախագահը հանդիպեց ՀՀԿ-ին անդամագրվող երիտասարդների հետ: Եթե նախկինում այդ երիտասարդներով մի ամբողջ մարզահամերգային համալիր էր լցվում, ապա այսօր, ինչպես ասում են, մի «գազել» ժողովուրդ էր հավաքվել:

Այս հանդիպումով Սարգսյանը կամաց-կամաց հանրությանն ադապտացնում է իր՝ քաղաքականություն վերադառնալու մտքին: Սակայն մոռանում է, որ իր «գնացքն արդեն մեկնել է, սիրելիներն էլ չկան»… Եթե նրա քաղաքական հենարանը ՀՀԿ-ական նախարարներն էին, նրանք այլեւս չկան, օլիգարխներից շատերը «շաքար» հարաբերություն են ստեղծել նոր «թագավորի» հետ, ՀՀԿ-ական համայնքապետերն էլ վաղուց անցել են Փաշինյանի «թրի տակով»՝ հավատարմության երդում  տվել, ու դրել են «դուխով» գլխարկները: Ի՞նչ քաղաքական հենքի վրա է ուզում «խոսել» Սարգսյանը: Մի՞թե նրա հույսը մի քանի երդվյալ, հավատարիմ թիմակիցներն են՝ Շարմազանովը, Աշոտյանը եւ էլի մի քանի հոգի, որոնց արտահայտած ամեն մի միտքը, որքան էլ ճիշտ լինի եւ դիպուկ, հայտնվում է հասարակության թիրախում, քանի որ նրանք հիշեցնում են Սերժ Սարգսյանին: Ու որքան շատ է Սարգսյանի՝ քաղաքականություն վերադառնալու հեռանկարն ուրվագծվում, այնքան նրանց արտահայտած խոսքերն արժեզրկվում են: ՀՀԿ-ում եղել են ու կան առողջ, փորձառու, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք անհրաժեշտ են այսօրվա քաղաքական կյանքին՝ թեկուզ որպես ընդդիմադիր ուժեր: Այդ մարդիկ առանց Սերժ Սարգսյանի ավելի ընկալելի եւ վստահելի կլինեն հասարակության կողմից, քան Սերժ Սարգսյանի հետ միասին:

Ուստի, եթե Սարգսյանն ուզում է, որ իր պրոֆեսիոնալ կուսակից-թիմակիցները քաղաքականության մեջ կարողանան իրենց խոսքն ասել, իսկ կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկվի, ապա ինքը ինչպես արժանապատվորեն հրաժարական տվեց երկրի ղեկավարի պաշտոնից, ճիշտ կլինի, որ այդպես էլ հրաժարական տա կուսակցության առաջնորդի պաշտոնից: Բայց, կարծես թե, Սարգսյանի քաղաքական էգոիզմը թույլ չի տալիս, որ կուսակցությունն առանց իրեն մի քայլ առաջ գնա. եթե խորտակվում է ինքը, ապա թող ջրի տակ անցնեն իր նավում եղած բոլորը: Իսկ ինչ վերաբերում է խոսելուն, ապա ո՛չ ինքը, ո՛չ էլ առավել եւս հասարակությունը պատրաստ չեն այդ խոսքին: Մի քանի տարի հետո… գուցե…