Մեր չտեսնված նախագահը

Մեր չտեսնված նախագահը

Սանկտ Պետերբուրգի հոբելյանական (25-րդ) միջազգային տնտեսական ֆորումին մասնակցել է 14000 մարդ 130 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: 130-ից 79 պետություն մասնակցել է պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինի հետ միասի ֆորումի նիստին մասնակցել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը և Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Սիսին տեսաուղերձ են հղել ներկաներին։ Հայաստանից (որպես պատվիրակության ղեկավար) հրավիրված է եղել և մասնակցել է ՀՀ նախագահ Խաչատուրյան Վահագնը: Ֆորումի ընթացքում ստորագրվել են 5,6 տրիլիոն ռուբլու (ավելի քան 40 տրիլիոն դրամի կամ շուրջ 100 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով պայմանագրեր։ Բայց քանի որ Հայաստանը Նիկոլի օրոք վերջինիս ջանքերի շնորհիվ գտնվում է համաշխարհային տնտեսական իրադարձությունների լուսանցքում, ապա մեզ հետ առնչվածն էլ պետք է լիներ… Լավ, գանք ըստ հերթականության: 

Ֆորումին մասնակցած Երևանի գործող քաղաքապետ Սարգսյան Հրաչյան ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ ստորագրել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների կատարման համաձայնագիր: Ստորագրմանը ներկա է եղել և ֆեյսբուքայն իր էջում դրա մասին գրառում է կատարել ՀՀ նախկին փոխվարչապետ Ավինյան Տիգրանը: Հիշեցնեմ, որ վերջինս 2023 թվականի ընտրությունում Երևանի քաղաքապետի քպկական թեկնածուն է: Դե, այդ պայմանագիրն էլ մեկ տարի անց անցկացվելիք ընտրության փիառ գովազդն էր: Բայց պայմանագրի առումով առկա է զավեշտի տարր, և այն բացահայտվել է 168.am կայքի կողմից: Կայքը հանրության ուշադրությանն է ներկայացրել 2021 թվականին Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռուսական նույն ընկերության նույն ղեկավարի հետ ստորագրված նույն պայմանագիրը: Ինչպես ասվում է, երևույթը խնդալու կլիներ՝ եթե այդքան տխուր չլիներ:

Բայց Հայաստանի պատվիրակության մասնակցությունը զավեշտից բացի մեզ «նվիրել» է նաև մեկ այլ երևույթ, որին այս պահին դեռևս դժվար է հստակ անուն տալը: ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպմանը պարոն Խաչատուրյանը, չգիտես ինչու, հիշատակել է Պուտինի կողմից 44-օրյա պատերազմը դեռևս հոկտեմբերի 19-ին դադարեցնելու հնարավորության մասին: Եվ որպես դրա վկայություն հիշատակել է իր հետ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հանդիպումը:

Ի դեպ, խոսակցության այդ մասի սղագրությունն առկա է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, սակայն բացակայում է ՀՀ նախագահի պաշտոնական էջից: Ընդ որում, հոկտեմբերի 19-ի դրվագը շատ անորոշ է ձևակերպված: Եվ եթե ընթերցողը կամ լսողը տեղյակ չէ դրա մասին, ապա դրանից ոչինչ հասկանալ չի կարող: Բայց պարոն Խաչատուրյանի զրուցակիցը տեղյակ էր, ինչը նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի կողմից նշանակված, իսկ այնուհետև նիկոլական «ուսապարկերի» կողմից ձևականորեն ընտրված ՀՀ նախագահը դրանով ցանկացել է ինչ-որ բան ասել ՌԴ նախագահին: Կամ էլ, եթե այդ հիշատակումն իր մոտ պատահաբար է ստացվել, ապա ոչ միայն վարչապետ ունենք՝ աշխարհը չունի, այլև ունենք նաև չտեսնված նախագահ: 

Քանի որ ես հեռու եմ դավադրական տեսություններից, ապա կարծում եմ, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը: ՌԴ նախագահի հետ ծանոթանալն ու նրա հետ նույնիսկ զրուցելն այնպես է ազդել պարոն Խաչատուրյանի հոգեկան աշխարհի վրա, որ վերջինս փորձել է իր զգացմունքը որևէ ձևով հասանելի դարձնել Վլ. Պուտինին: Բայց քանի որ նաև շփոթված է եղել, իր մոտ ստացվել է անհասկանալի մի բան: Բայց նաև վտանգավոր բան՝ վտանգավոր իր համար: Դա գիտակցելով՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջում զրույցի այդ մասը չի ներառվել: Վտանգավոր, քանի որ Փաշինյան Նիկոլի համար հոկտեմբերի 19-ի Պուտինի նախաձեռնության հիշատակումը հաճելիներից չի կարող լինել: Ինչը նշանակում է, որ հիշատակողն էլ հաճելի անձանց ցուցակում չի կարող մնալ: Մի խոսքով, ապրում ենք իբրևէ թե ժողովրդավարության, բայց իրականում չլսված, չեսնված իշխանության պայմաններում: