Ինչի՞ չեկար, պարոն մարզպետ, խորհրդականնե՞րդ չթողեցին

Ինչի՞ չեկար, պարոն մարզպետ, խորհրդականնե՞րդ չթողեցին

Երկու ամսից ավելի է՝ Զարթոնքում գերլարված մթնոլորտ է: Գյուղապետի հրաժարականի պահանջով մարդիկ գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ են անում՝ ճանապարհ ու երկաթգիծ փակում:

Ճամբարների բաժանված գյուղում կրքերն այնքան են թեժացել, որ օրեր առաջ բախումներ տեղի ունեցան, կրակոցներ հնչեցին, վիրավորներ եղան, մարդիկ ձերբակալվեցին:
Երկու ամիս համայնքն անհանգիստ էր, իսկ Արմավիրի մարզպետարանից ձեն-ծպտուն չկար: Մարզպետն ու իր աշխատակազմը Զարթոնքում կատարվող իրադարձություններին հետևում էին դիտորդի պես: Նույնիսկ նախորդ երկու օրերին, երբ գյուղում պատերազմ հիշեցնող իրավիճակ էր, ո՛չ մարզպետը երևաց, ո՛չ մարզպետարանից որևէ մեկը:

Զարթոնքցիներին վիրավորել է մարզպետի վերաբերմունքը: Նրանց տեղեկություններով՝ Համբարձում Մաթևոսյանն անհիմն է համարել իրենց պայքարը, քանի որ հավատացել ու սատարել է արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանին: «Էդ հանցագործին ա պաշտպանում, դրա համար էլ դուրը չի գալիս, որ իր հովանավորյալի դեմ ենք դուրս գալիս»,- «Հրապարակին» ասաց Համլետ Աբովյանը:

Արմավիրի երիտասարդ մարզպետը, որ դեռ չի էլ հասցրել ճանաչել մարզն ու նրա խնդիրները, ըստ ամենայնի, ուղղորդվում է խորհրդական-օգնականների ցուցումներով, որոնց, մեր տեղեկություններով, ժառանգել է ՀՀԿ-ից: ՀՀԿ-ից էր նաև Զարթոնքի արդեն հրաժարական տված գյուղապետը:

Զարթոնքցիների պատմելով՝ Պարույր Սարգսյանն ու մարզպետարանի նախկին վերնախավը, որոնց մի մասը նույն պաշտոններում է նաև այսօր, ինչ-ինչ գործարքների մեջ են եղել միմյանց հետ: Հենց նրանք էլ կարծիք են ձևավորել, թե Սարգսյանը կարգին գյուղապետ է, իսկ վատը գյուղի բնակիչներն են, որ կարգին գյուղապետի հրաժարականն են պահանջում:

«Պարոն մարզպետ, քո մարզում պայթյունավտանգ վիճակ ա, ամիսներ շարունակ գոռում-գոչում ենք, որ էս մարդը կերել ա գյուղը, հատ-հատ նշում ենք, թե որտեղ ինչ թալան ա արել, ինչ չափի վնաս ա հասցրել: Քեզ՝ որպես մարզի ղեկավարի, հետաքրքիր չէ՞ր, որ մի անգամ գայիր, քո աչքով տեսնեիր էն ամենը, ինչի մասին աղմկում ենք: Ինչի՞ չեկար: Խորհուրդ տվողնե՞րդ թույլ չտվեցին: Բա դու ո՞ր օրվա համար ես, եթե գյուղի ու գյուղացու խնդիրներն արհամարհած ունես: Եթե կարծում ես, որ մարզ կառավարելը դպրոցական հանդեսներին ներկա գտնվելն ու զիզի-բիզի միջոցառումներին մասնակցելն ա ու էդ ամենը որպես աշխատանք Ֆեյսբուքում տարածելը, ուրեմն դուք չեք պատկերացնում ձեր բուն անելիքը»:

Գյուղացիները պատրաստ էին նույնիսկ մարզպետի ճանապարհը փակել, եթե կրակոցի օրը հայտնվեր Զարթոնքում: «Թույլ չենք տալու գյուղ մտնի: Հանկարծ չերևա, մեզ ավելի վատ վիճակի մեջ չգցի»,-բղավում էին երկաթգիծը փակածները:

Զարթոնքցիներն ավելի ուշ «Հրապարակին» տեղեկացրին, որ մարզպետը, այնուամենայնիվ, երեկոյան եկել է գյուղ: «Եկել էր, որ գյուղապետի հրաժարականը ստանար»,- հեռախոսով փոխանցեց  բնակիչը: Ըստ նրա՝ մարզպետն ասել է, թե կրակոցի և դրան նախորդած ծեծկռտուքի օրերին գյուղ չի եկել, որովհետև լարված իրավիճակում իր ներկայությունը ճիշտ չի համարել: